Գլխավոր Լրահոս

Արդյո՞ք Հայաստանը 29 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին պատմամշակութային ժառանգության հայտ չի ներկայացրել

Արդյո՞ք Հայաստանը 29 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին պատմամշակութային ժառանգության հայտ չի ներկայացրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍՆ) Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ շուրջ 30 տարի Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում պատմամշակութային հուշարձաններ ընդգրկելու հայտեր չի ներկայացրել։

«Մենք վերջին երեք տարիներին չորս հայտ ենք ներկայացրել»,- հայտարարեց Անդրեասյանը։

Նախարարը պատասխանում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին՝ արդյոք շուրջ 20 տարի՝ 2000-ից ի վեր Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում հուշարձաններ ընդգրկելու հայտեր չի ներկայացրել։

Հովհաննիսյանն այնուհետև պնդել է, թե նախկին իշխանությունները «30 տարի շարունակ» նույնիսկ մեկ դիմում չեն ուղարկել՝ քննադատելով ընդդիմությանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այս հայտարարությունները որակել է «ոչ ճիշտ, անբարեխիղճ, եթե ոչ սուտ»՝ հիշեցնելով 1996-ին և 2000-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հայկական հուշարձանների ընդգրկման մասին։

Ավելի ուշ, Լիլիթ Գալստյանի առարկությանը պատասխանելիս, Անդրեասյանը 29 տարվա դադարը հիմնավորել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի տվյալներով՝ նշելով, որ վերջին գրանցումները կատարվել են 1995-ին, իսկ հաջորդները՝ իր նշած ընդմիջումից հետո։ Նախարարը հիշեցրել է, որ հուշարձանները նախ ներկայացվում են նախնական ցանկում, ապա՝ հիմնական։

#CivilNetCheck-ը ստուգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական տվյալները՝ պարզելու, թե երբ և ինչ հայտեր է ներկայացրել Հայաստանը։

Ինչպես է հուշարձանը հայտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցել է 1992-ին։ «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան իրավահաջորդության կարգով միացել է 1993-ի սեպտեմբերին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգով ցանկացած հուշարձան հիմնական ցանկում ներառելու համար պետությունը նախ պետք է այն գրանցի նախնական ցանկում։ Միայն դրանից հետո կարող է պատրաստել և ներկայացնել հիմնական ցանկի ամբողջական հայտը։ Այսինքն՝ նախնական ցանկում գրանցումը և հիմնական ցանկի հայտը տարբեր փուլեր են։

Հիմնական ցանկի հայտերը․ 1995, 1999 և 2004

Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկված է Հայաստանի երեք հուշարձան, որոնց հայտերը ներկայացվել են 1995-1999 թվականներին․

  • Հաղպատի և Սանահինի վանքերը: 1995-ին Հայաստանը ներկայացրել է երկու վանքերն ընդգրկող հայտ, սակայն 1996-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվել է միայն Հաղպատը։ Հետագայում Հայաստանը դիմել է ցանկում ընդգրկված հուշարձանի տարածքն ընդլայնելու և Սանահինը ներառելու համար։ Ընդլայնումը հաստատվել է 2000-ին։

  • Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիները, Զվարթնոցի տաճարը։ Հայտը ներկայացվել է 1999-ի հուլիսին, հաստատվել՝ 2000-ի դեկտեմբերին։

  • Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը։ Հայտը ներկայացվել է 1999-ի մարտին, հաստատվել՝ 2000-ի դեկտեմբերին։

2004-ին Հայաստանը հայտ է ներկայացրել նաև Գնիշիկաձորի տարածքի մշակութային լանդշաֆտը ցանկում ընդգրկելու համար։ Սակայն 2005-ին Համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշել է այն ներկայացված տեսքով ցանկում չընդգրկել։

Էկրանապատկերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից (բրաուզերի ավտոմատ թարգմանությամբ)
Էկրանապատկերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից (բրաուզերի ավտոմատ թարգմանությամբ)

Նախնական ցանկ․ 1995 և 2024–2026

Նախնական ցանկում այս պահին գրանցված է Հայաստանի ութ հուշարձան։ Ներկայիս նախնական ցանկում պահպանված ութ հուշարձաններից չորսը գրանցվել են 1995-ին, մյուս չորսը՝ 2024-2026-ին

  • Դվին քաղաքի հնագիտական վայրը,

  • Երերույքի բազիլիկան և հնագիտական վայրը,

  • Նորավանքի վանքը և Ամաղու գետի վերին հովիտը,

  • Տաթևի և Տաթևի Անապատի վանքերը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները։

Հաջորդ չորս հայտերը գրանցվել են 2024–2026-ին

  • Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը (2024),

  • Գառնիի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը (2025),

  • Երևանի ուրարտական ժառանգությունը (2025),

  • Արենի-1 (Թռչունների) քարանձավը (2026)։

Էկրանապատկերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից (բրաուզերի ավտոմատ թարգմանությամբ)
Էկրանապատկերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից (բրաուզերի ավտոմատ թարգմանությամբ)

Ոչ նյութական և փաստագրական ժառանգություն

Գալստյանը նիստում հիշատակել էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։ Անդրեասյանը պատասխանել է, որ իր խոսքը վերաբերում էր միայն Համաշխարհային ժառանգության ցանկին։ Ուստի այս ցանկերը նախարարի պնդումը չեն հերքում, բայց ցույց են տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ծրագրերում Հայաստանի արժեքները շարունակել են գրանցվել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված է Հայաստանի 8 արժեք․

Բացի այդ, «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում գրանցված է Հայաստանի փաստագրական ժառանգության 5 արժեք․

  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն (1997),

  • «Բյուրականի առաջին ուսումնասիրությունը»՝ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների ուսումնասիրությունը (2011),

  • կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուն (2013),

  • Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն (2023),

  • Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (աշխատությունը) (2025)։

Այսպիսով՝ նախարարի պնդումը, թե շուրջ 30 տարի Հայաստանը Համաշխարհային ժառանգության ցանկում հուշարձաններ ընդգրկելու հայտեր չի ներկայացրել, չի համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական տվյալներին։

Թեև ներկայիս նախնական ցանկում ընդգրկված ութ հուշարձաններից չորսը գրանցվել են 1995-ին, մյուս չորսը՝ 2024-2026-ին, այս ցանկը չի արտացոլում Հայաստանի ներկայացրած բոլոր հայտերի պատմությունը։ Մասնավորապես, 1999-ին Հայաստանը ներկայացրել է հիմնական ցանկի երկու նոր հայտ և մեկ ընդլայնման դիմում։ Երկու նոր հայտերը հաստատվել են 2000-ին, ինչպես նաև հաստատվել է Սանահինի ընդգրկումը նախկին գրանցման ընդլայնմամբ։ Իսկ 2004-ին ներկայացված Գնիշիկաձորի մշակութային լանդշաֆտի հայտը 2005-ին չի հաստատվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում