Գլխավոր Լրահոս

Գազի գինը Հայաստանում և այլ երկրներում․ որքան է ավելանում սահմանից մինչև սպառող

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ռուսական գազի հնարավոր թանկացմանը, հայտարարել էր, որ Հայաստանում գործող սակագներն արդեն իսկ բարձր են, իսկ «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում։

«Հայաստանում գազը էժան չի: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացվելու են՝ այլ երկրներից գազ ներկրելու հնարավորությունների դեպքում՝ անկախ ռուսական գազի թանկացումից։

Փաշինյանի այս հայտարարությանը նախորդել էին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զգուշացումները, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանի համար գազը կարող է թանկանալ։ Այդ հնարավորությունը նշվում է նաև Հայաստանի հետ պայմանագրի կասեցման հետևանքների վերաբերյալ ԵԱՏՄ երկրների զեկույցում։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է՝ որքանով է գազի գինն աճում Հայաստանի սահմանից մինչև բնակիչ, և արդյոք այդ հավելաճն ամենամեծն է՝ այլ երկրների համեմատ։ Որպես ընդհանուր ժամանակահատված ընտրվել է 2026-ի առաջին կիսամյակը։

Հայաստան․ սահմանին՝ շուրջ 174 դոլար, բնակչության համար՝ 384 դոլար

Հայաստանում բնակիչներին մատակարարվող գազի գինը (ԱԱՀ-ն ներառյալ) սահմանային գնից ավելի քան կրկնակի բարձր է։

Ռուսական գազի սահմանային գինը տարիների ընթացքում փոխվել է։ 2013-ին այն սահմանվեց 189 դոլար՝ 1000 խմ-ի համար։ 2015-ին նվազեց մինչև 165 դոլար, 2016-ին՝ 150 դոլար, իսկ 2019-ից կրկին դարձավ 165 դոլար։

Սակայն 165 դոլարը բազային գինն է՝ այն հաշվարկված է 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության համար։ Վճարվող գումարը կախված է նաև գազի ջերմատվությունից՝ այրվելիս անջատվող ջերմության քանակից։ 2022-ի ապրիլից կիրառվող մեխանիզմով՝ փաստացի ջերմատվության փոփոխությանը համամասնորեն ճշգրտվում է նաև գինը։

Սակագնում ներառվում են փոխադրման ու բաշխման, ցանցի պահպանման և կորուստների ծախսերը, հարկերն ու հաշվարկային շահույթը։ 2013-ի հայ-ռուսական համաձայնագիրը նախատեսել է նաև «Գազպրոմի» ներդրումների տարեկան 9% ներքին եկամտաբերության ապահովում՝ 2004-ից սկսվող 20 տարվա հաշվարկային ժամանակահատվածի համար։

Գործող սակագնով՝ սովորական տնային սպառողները մեկ խմ գազի համար վճարում են 143,7 դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Այս սակագինը չի փոխվել 2022-ի ապրիլից։ 1000 խմ-ն արժե 143,700 դրամ կամ շուրջ 384 դոլար (Կենտրոնական բանկի հրապարակած՝ 2026-ի առաջին կիսամյակի ամսական միջին փոխարժեքների պարզ միջինով)։ ՊԵԿ-ի 2026-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանից ներմուծված բնական գազի միջին մաքսային արժեքը կազմել է շուրջ 174 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Բնակչության՝ շուրջ 384 դոլար վերջնական գինը դրանից բարձր է շուրջ 120%-ով։

Նշենք, ոչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2026-ի ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանը ռուսական գազը գնում է 177,5 դոլարով՝ 1000 խմ-ի համար։ Այդ թիվը համապատասխանում է 8500 կկալ/խմ ջերմատվությամբ գազի հաշվարկային գնին, իսկ այստեղ կիրառված 174 դոլարը 2026-ի կիսամյակի ներմուծման միջին մաքսային արժեքն է։

Մյուս սպառողների ամսական 10,000 խմ-ը գերազանցող ծավալի համար սակագինն առանց ԱԱՀ-ի՝ 221,51 դոլար/1000 խմ է։ Ջերմոցների համար նոյեմբերից մարտ, իսկ գյուղատնտեսության ոլորտում պահածոներ, խմիչքներ և կաթնամթերք արտադրողների համար ամբողջ տարին այն 194,92 դոլար/1000 խմ է՝ առանց ԱԱՀ-ի։

Իսկ ինչպե՞ս է գազի գինը փոխվում է այլ երկրներում՝ սահմանից մինչև սպառող։ Հայաստանի հետ համեմատելու համար ընտրել ենք հիմնականում ներմուծվող գազից կախված երկրներ, որոնց ներմուծման և սպառողական գների տվյալները հասանելի են։ Սեփական արդյունահանմամբ պահանջարկի զգալի մասն ապահովող երկրները չենք դիտարկել։

Ազգային արժույթներով գները դոլարի ենք փոխարկել 2026-ի առաջին կիսամյակի միջին փոխարժեքներով, իսկ ԵՄ երկրների տվյալները ներկայացրել ենք եվրոյով։ Բնակչության վերջնական գները ներառում են հարկերը, հետևաբար հաշվարկված տարբերությունը չի հավասարվում մատակարարի շահույթին։

Բելառուս․ պետական սուբսիդիաներ և տարբերակված սակագներ

ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկիր՝ Բելառուսը, բնական գազը ներմուծում է Ռուսաստանից՝ «Գազպրոմից»։ Գազի փոխադրումն ապահովում է «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ը, իսկ բնակչությանը բաշխումն ու վաճառքն իրականացնում են պետական «Բելտոպգազ» միավորման տարածքային գազամատակարար ընկերությունները։

Ռուսաստանի հետ սահմանին բնական գազի բազային գինը 2022-ին ֆիքսվել էր 1000 խմ-ի համար շուրջ 128 դոլար՝ 7900 կկալ/խմ ջերմատվության հիման վրա։ 2026-ին պահպանվում է նույն գինը։

Սահմանը հատելուց հետո Հայաստանի և Բելառուսի գների տարբերությունն ավելի է մեծանում։ Բելառուսում բնակչության համար առանց պետական սուբսիդավորման գազի սակագինը 2026-ի հունվար-փետրվարին կազմում էր 201 դոլար (575 բելառուսական ռուբլի)՝ 1000 խմ-ի համար, իսկ մարտից՝ 211 դոլար (602,2 ռուբլի) ԱԱՀ-ն ներառյալ (1 դոլարը՝ 2,857 բելառուսական ռուբլի)։

Այս գումարը սահմանային 128,5 դոլար գնից բարձր է համապատասխանաբար 57% և 64%-ով։

Պետական սուբսիդավորման շնորհիվ բնակիչների համար գործում են ավելի ցածր սակագներ։ Հաշվիչ և անհատական գազային ջեռուցում ունեցողների համար 1000 խմ-ի սակագինը հունվար-փետրվարին շուրջ 74 դոլար էր, մարտից մայիս՝ 78 դոլար, իսկ հունիսին՝ 80 դոլար։

Բիզնեսի համար 2026-ի փետրվարի 1-ից սահմանված ընդհանուր սակագինը կազմել է շուրջ 296,5 դոլար՝ 1000 խմ-ի համար, առանց ԱԱՀ-ի։ Առանձին ոլորտների համար գործել են շուրջ 152-279 դոլարի տարբերակված սակագներ, իսկ նախորդ տարում առնվազն 600 մլն խմ սպառած իրավաբանական անձանց համար՝ շուրջ 174 դոլար։

Այսպիսով, ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսում նույնիսկ առանց սուբսիդավորման բնակչության գազի սակագնի հավելաճը սահմանային գնի նկատմամբ ավելի փոքր է՝ մոտ 57-64%՝ Հայաստանի շուրջ 120%-ի դիմաց։

Վրաստան. «սոցիալական գազ» բնակչությանը, թանկ սակագին՝ բիզնեսին

Հայաստանի նման հարևան Վրաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ներմուծվող բնական գազից։ Ոլորտը կարգավորող հանձնաժողովի՝ 2025-ի հաշվետվության համաձայն՝ երկրի ընդհանուր գազամատակարարման 71,7%-ն ապահովել է Ադրբեջանը, 27,9%-ը՝ Ռուսաստանը, իսկ սեփական արդյունահանման բաժինը կազմել է ընդամենը 0,4%։

Բնակչության և բիզնեսի համար գնագոյացումը տարբեր է։ Հարավկովկասյան խողովակաշարով Վրաստանը ստանում է արտոնյալ գնով՝ այսպես կոչված «սոցիալական գազ», որն օգտագործվում է բնակչության ու ջերմաէլեկտրակայանների մատակարարման համար։ Բնակչության սակագները կարգավորվում են, իսկ բիզնեսի գները ձևավորվում են մատակարարների հետ պայմանագրերով։

Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում գազամատակարարման ոլորտում գրանցված է ավելի քան երեք տասնյակ ընկերություն։ Սակայն 2025-ի տվյալներով՝ մանրածախ շուկայի շուրջ 87%-ը բաժին է ընկել երեքին՝ SOCAR Georgia Gas-ին, Tbilisi Energy-ին և SOCAR Gas Export-Import-ին։

Վրաստանում բնակիչների վճարած գինը կախված է մատակարարից և սպասարկման տարածքից։ Օրինակ՝ 2026-ի առաջին կիսամյակում Թբիլիսիում Tbilisi Energy-ի բաժանորդները 1000 խմ գազի համար վճարել են շուրջ 201 դոլար, Մցխեթայում և Նատախտարիում՝ SOCAR Georgia Gas-ի բաժանորդները՝ 212 դոլար, իսկ Telavgas-ի բաժանորդները՝ 219 դոլար (ԱԱՀ-ն ներառյալ)։ Այս սակագները Հայաստանի շուրջ 384 դոլարից մոտ 1,8-1,9 անգամ պակաս են։

Բիզնեսի գները սահմանվում են մատակարարների հետ պայմանագրերով։ SOCAR Georgia Gas-ի հրապարակած գինը, որի փոփոխության մասին 2026-ի առաջին կիսամյակում տեղեկություն չի հայտնաբերվել, առանց ԱԱՀ-ի կազմում է շուրջ 407 դոլար՝ 1000 խմ-ի համար (1093,22 լարի)։ Սա Հայաստանի՝ ամսական 10 000 խմ-ը գերազանցող ծավալի սակագնից մոտ 1,8 անգամ բարձր է։

Առանձին հասանելի են նաև մատակարար երկրների վերաբերյալ տվյալներ։ Ադրբեջանի վիճակագրությամբ՝ նույն կիսամյակում Վրաստան է արտահանվել 1,422 մլրդ խմ գազ՝ 162,6 մլն դոլարով, այսինքն՝ միջինում 114,35 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ռուսական գազի վերջին հրապարակված պայմանագրային գները վերաբերում են 2025-ին․ տարեկան առաջին 250 մլն խմ-ի համար՝ 215 դոլար, դրանից ավելի ծավալի համար՝ 185 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ 2025-ին գործող գնի փոփոխության մասին հրապարակային տեղեկություն առկա չէ։

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում երկիրը ներմուծել է շուրջ 1,835 մլրդ խմ բնական գազ՝ 259,4 մլն դոլարով։ Այսպիսով, 1000 խմ-ի ներմուծման միջին արժեքը կազմել է 141,39 դոլար։ Դրա համեմատ բնակչության համար վերը ներկայացված 201-219 դոլար վերջնական սակագները բարձր են շուրջ 42-55%։

Բնակչության սակագները ցածր պահելուն նպաստում է նաև պետական աջակցությունը։ Վրաստանի նավթի և գազի կորպորացիան իր եկամուտների մի մասը զիջում է՝ սուբսիդավորելով բնակչությանը մատակարարվող գազը։ 2025-ին այդ աջակցությունը կազմել է 49,2 մլն դոլար (135 մլն լարի)։ Հետևաբար, սահմանից սպառող գնային ավելի փոքր հավելաճը պայմանավորված է նաև սուբսիդավորմամբ։

Այսպիսով, թեև ռուսական գազը Վրաստանի սահմանին ավելի թանկ է, քան Հայաստանի սահմանին, բնակչության վերջնական սակագներն այնտեղ ավելի ցածր են՝ արտոնյալ պայմաններով ստացվող ադրբեջանական գազի և պետական աջակցության շնորհիվ։

Մոլդովա․ ներմուծվող գազ, կարգավորվող սակագներ և պետական աջակցություն

Մոլդովայում, ինչպես Վրաստանում, գազ են ներմուծում մի քանի ընկերություններ։ Հիմնական ներմուծողը պետական Energocom-ն է, որին 2026-ի առաջին կիսամյակում բաժին է ընկել ներմուծման 82,5%-ը։ Գազը գնում են հիմնականում Ռումինիայում, Ավստրիայում և Բուլղարիայում գրանցված մատակարարներից ու առևտրային ընկերություններից․ դրանք պարտադիր չէ, որ լինեն գազի արդյունահանման երկրները։

Energocom-ը գազը ոչ միայն ներմուծում է, այլև վաճառում բնակչությանը՝ կարգավորողի սահմանած սակագներով։ Իսկ գազի փոխադրումն ու բաշխումն իրականացնում են ցանցային այլ ընկերություններ։

Համեմատության համար օգտագործվել են կարգավորվող շուկայում բնակչությանը սպասարկող Energocom-ի և մեկ այլ ընկերության՝ Lăcătuș-ի գնման տվյալները։ Առաջին կիսամյակում նրանց գնած գազի՝ ծավալներով կշռված միջին արժեքը կազմել է շուրջ 489 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Այն ներառում է մինչև Մոլդովայի սահմանը փոխադրման, պահեստավորման և հարակից ծախսերը։

Բնակչության համար վերջնական սակագինը մինչև փետրվարի 3-ը կազմում էր շուրջ 971 դոլար (16 742 լեյ)՝ 1000 խմ-ի համար, իսկ փետրվարի 4-ից մինչև կիսամյակի վերջ՝ 837 դոլար (14 421 լեյ)՝ ԱԱՀ-ն ներառյալ (1 դոլարը՝ 17,2396 լեյ)։ Կիսամյակի գնման միջին արժեքի համեմատ այս սակագները բարձր են համապատասխանաբար շուրջ 99% և 71%-ով։

Բնակչության մի մասը նաև պետական դրամական աջակցություն է ստանում։ Օրինակ՝ փետրվարի համար գազով ջեռուցվող շուրջ 175 հազար ընտանիքի տրամադրվել է փոխհատուցում։ Այն ընտանիքներին վճարվում է առանձին և ներկայացված սակագներից հանված չէ։

Բիզնեսի համար փետրվարից միջին և բարձր ճնշման ցանցերում կարգավորվող սակագներն առանց ԱԱՀ-ի կազմել են համապատասխանաբար շուրջ 553 դոլար (9533 լեյ) և 485 դոլար (8365 լեյ)՝ 1000 խմ-ի համար։ Սակայն ապրիլի 1-ից խոշոր ոչ տնային սպառողներն անցել են ազատ շուկա՝ գազը գնելով պայմանագրային գներով։

Այսպիսով, դիտարկվող ժամանակաշրջանում Մոլդովայում գազի գնման արժեքն ավելի բարձր էր, քան Հայաստանում, սակայն բնակչության սակագնի հավելաճն ավելի փոքր է։

Սակայն առաջին կիսամյակից հետո Մոլդովայում գազը զգալիորեն թանկացել է։ Բնակչության համար 1000 խմ-ի սակագինը սեպտեմբերի 1-ից բարձրացել է մինչև շուրջ 1178 դոլար (20 302 լեյ), իսկ հոկտեմբերի 1-ից՝ 1516 դոլար (26 138 լեյ)՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Փետրվարից գործող 837 դոլարի (14 421 լեյ) համեմատ ընդհանուր թանկացումը կազմել է շուրջ 81%։ Ըստ կարգավորողի՝ բարձրացման հիմնական պատճառը գազի գնման ծախսերի աճն է։

ԵՄ․ գազի գները տարբեր են ըստ երկրների

Եվրամիությունում բնակչության համար բնական գազի միջին գինը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 1487 դոլար՝ 1000 խմ-ի հաշվարկով, հարկերը ներառյալ։ Եվրոստատի տվյալներով՝ տվյալներ ներկայացրած երկրներից ամենաբարձր գները եղել են Շվեդիայում՝ շուրջ 2968 դոլար, Նիդերլանդներում՝ 2187 դոլար և Ֆրանսիայում՝ 1817 դոլար։ Ամենացածրերը գրանցվել են Հունգարիայում՝ շուրջ 445 դոլար, Խորվաթիայում՝ 677 դոլար և Ռումինիայում՝ 801 դոլար։

Եվրոյով գները դոլարի են փոխարկվել Եվրոպական կենտրոնական բանկի՝ կիսամյակի միջին փոխարժեքով՝ 1 եվրոն՝ 1,1666 դոլար։ ԽԽորանարդ մետրով մոտավոր համարժեքները հաշվարկվել են Elering-ի ամսական որակի վկայականներում նշված ջերմատվությունների պարզ միջինով՝ 1 խմ ≈ 10,758 կՎտժ՝ 20°C պայմաններում։ Հավելաճի տոկոսը հաշվարկվել է անմիջապես էներգետիկ գներով։ Ներմուծման տվյալները բացառում են տարանցումը, բայց ներառում են նաև հետագա վերավաճառքի համար գնված գազը։

Էստոնիան նախկինում գազի մեծ մասը ստանում էր Ռուսաստանից, սակայն 2022-ի վերջից ռուսական սահմանային կետերից մատակարարումները արգելվել են։ Այժմ գազը երկիր է հասնում Լատվիայի և Ֆինլանդիայի հետ խողովակաշարային միացումներով։ Մատակարարներից «Elenger»-ը գազը հիմնականում գնում է ԱՄՆ-ից ու Նորվեգիայից՝ օգտագործելով Ֆինլանդիայի Ինկոոյի և Լիտվայի Կլայպեդայի հեղուկացված գազի տերմինալները։ Վերագազիֆիկացումից հետո այն մատակարարվում է տարածաշրջանի գազատար ցանցին։

2026-ի առաջին կիսամյակի պաշտոնական առևտրային տվյալներով՝ գազային և հեղուկացված բնական գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 388,7 մլն դոլար։ Ներմուծված էներգետիկ ծավալով հաշվարկելիս միջին արժեքը կազմել է 45,04 դոլար/ՄՎտժ, կամ մոտավորապես 485 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ներմուծման արժեքը ներառում է փոխադրումն ու ապահովագրությունը մինչև Էստոնիայի սահմանը։

Բնակչության համար միջին գինը, Եվրոստատի տվյալներով, նույն ժամանակահատվածում կազմել է 92,86 դոլար/ՄՎտժ՝ հարկերը ներառյալ, կամ մոտավորապես 999 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ներմուծման միջին արժեքի համեմատ հավելաճը կազմել է շուրջ 106%՝ Հայաստանի շուրջ 120%-ի դիմաց։

Ֆրանսիան նույնպես հիմնականում կախված է ներմուծվող գազից․ բնական գազի սեփական արդյունահանումը գրեթե դադարել է 2013-ից։ Երկրում արտադրվում է նաև բիոմեթան, սակայն դրա ծավալը համեմատաբար փոքր է։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ֆրանսիան գազը ստանում է ոչ միայն խողովակաշարերով, այլև հեղուկացված վիճակում՝ ծովային ճանապարհով։

2026-ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով՝ ներմուծման շուրջ 31%-ը բաժին է ընկել Նորվեգիային, 25%-ը՝ ԱՄՆ-ին, 19%-ը՝ Ռուսաստանին։ Ներմուծված գազի ընդհանուր արժեքն ու ծավալը համադրելով՝ միջին արժեքը կազմել է շուրջ 494 դոլար՝ 1000 խմ-ի հաշվարկով։

Բնակչության համար գազի միջին գինը, Եվրոստատի տվյալներով, նույն ժամանակահատվածում համարժեք է եղել շուրջ 1817 դոլարի՝ 1000 խմ-ի համար, հարկերը ներառյալ։ Այսպիսով, ներմուծման միջին արժեքի նկատմամբ հավելաճը կազմել է շուրջ 268%՝ Հայաստանի շուրջ 120%-ի դիմաց։ Եվրոստատի ցուցանիշը վերաբերում է տարեկան մոտ 5556-55 556 կՎտժ (480-4800 խմ) գազ սպառող տնային տնտեսություններին։

Ֆրանսիայում գազի կարգավորվող վաճառքի սակագները վերացվել են 2023-ի հուլիսից, և գները սահմանվում են շուկայական առաջարկներով։ Սակայն պետական աջակցություն կա․ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները կարող են ստանալ «էներգետիկ չեկ»՝ նաև գազի հաշիվները վճարելու համար։ Սա հասցեական օգնություն է, ոչ բոլոր բնակիչների համար գործող սուբսիդավորվող սակագին։

Խորանարդ մետրով գները մոտավոր համարժեքներ են․ կիրառվել է Ֆրանսիայի մաքսային ծառայության հաշվարկային գործակիցը՝ 1 խմ = 11,56 կՎտժ։ Գործակցի ընտրությունը հավելաճի տոկոսը չի փոխում։

Ավստրիայում 2026-ի առաջին կիսամյակում գազի ներմուծման ամսական միջին գները տատանվել են 41,55-55,38 դոլար/ՄՎտժ-ի սահմաններում։ Բնակչության կիսամյակային միջին գինը, Եվրոստատի տվյալներով, կազմել է 144,66 դոլար/ՄՎտժ՝ հարկերը ներառյալ։ Նույն պայմանական գործակցով դրանք համարժեք են համապատասխանաբար 480-640 և 1672 դոլարի՝ 1000 խմ-ի համար։ Նույնիսկ ներմուծման ամենաբարձր ամսական գնի համեմատ բնակչության միջին գինը բարձր է շուրջ 161%-ով՝ գերազանցելով Հայաստանի շուրջ 120% հավելաճը։

Այստեղ 161%-ը համեմատության նվազագույն գնահատականն է, ոչ կիսամյակի ճշգրիտ միջին հավելաճը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Հայաստանում գազի գնի՝ սահմանից մինչև սպառող հավելաճն ամենամեծն է, սխալ է։ Դիտարկված երկրներից Ֆրանսիայում այն շուրջ 268% է, իսկ Ավստրիայում՝ առնվազն 161%՝ Հայաստանի շուրջ 120%-ի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում