2026-ի մայիսից Ռուսաստանը սկսեց սահմանափակումներ կիրառել հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Դրանք տարածվեցին ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների վրա։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին և նոյեմբերի 6-ին ներկայացրեց Եվրամիություն արտահանման ցուցանիշները՝ հայտարարելով աճի մասին։
«Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը 2026-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51 տոկոսով՝ 475 մլն դոլարից հասնելով 717 մլն դոլարի»,- նշել էր նա՝ որպես օրինակ առանձնացնելով Բուլղարիան, ուր արտահանումն աճել էր գրեթե հինգ անգամ։
Սակայն արտահանման այս ցուցանիշները չեն բացահայտում, թե երբ է տեղի ունեցել աճը, ինչ ապրանքներով է այն պայմանավորված և որքանով է կապված ռուսական սահմանափակումներից հետո այլընտրանքային շուկաների որոնման հետ։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հայաստանի արտաքին առևտրի՝ 2024-2026 թվականների վիճակագրությունը, արտահանման ապրանքային կառուցվածքը և պետական մարմինների տրամադրած տեղեկությունները։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպի ԵՄ արտահանման աճի հիմնական մասը գրանցվել էր դեռ մինչև ռուսական սահմանափակումները։ Միաժամանակ 2026-ի ամռանը գյուղատնտեսական որոշ ապրանքներ իսկապես արտահանվել են նոր ուղղություններով։
Ինչպես սկսվեցին ռուսական սահմանափակումները
2026-ի մայիսի 22-ից ռուսական «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ռուսական կողմը որոշումը հիմնավորեց բուսասանիտարական խախտումներով։ Մայիսի 30-ից սահմանափակումները տարածվեցին լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի վրա։ Հունիսի 2-ից ավելացան կորիզավոր մրգերն ու խաղողը, իսկ հունիսի 3-ից՝ խնձորը, տանձը, սմբուկը, կարտոֆիլը և չորացրած մրգերը։ Հունիսի 12-ից ավելի լայն սահմանափակումներ հայտարարվեցին կարանտինային վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ։
Ռուսաստան արտահանման անկումն արագացել է հունիսից
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 1.845 մլրդ դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ամիսներին արտահանումը կազմել էր 2.081 մլրդ դոլար։
Այսինքն՝ ինն ամսվա կտրվածքով անկումը կազմել է 11.3%։ Սակայն ամսական տվյալները բացահայտում են ավելի կարևոր փոփոխություն։
2026-ի հունվար-մայիսին Ռուսաստան արտահանման արժեքը գրեթե նույնն է, ինչ 2025-ի նույն ժամանակահատվածում։ Սակայն հունիս-սեպտեմբերին արտահանումը նախորդ տարվա շուրջ 1.018 մլրդ դոլարից նվազել է մինչև 791 մլն դոլար։
Այս ժամանակագրությունը համընկնում է ռուսական սահմանափակումների կիրառման փուլին։ Սակայն տվյալները վերաբերում են բոլոր ապրանքներին, ուստի դրանցով հնարավոր չէ ամբողջ անկումը վերագրել միայն բուսասանիտարական սահմանափակումներին։
Եվրամիություն արտահանման աճի մեծ մասը գրանցվել էր մինչև սահմանափակումները
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 717.2 մլն դոլար՝ 2025-ի 474.5 մլն դոլարի դիմաց, աճը կազմել է 51.2%։ Մինչդեռ, եթե ինն ամիսը բաժանենք երկու ժամանակահատվածի, պատկերը փոխվում է։
Ըստ Վիճկոմիտեի՝ հունվար-մայիսին ԵՄ արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 92.7%-ով։ Հունիս-սեպտեմբերին աճը կազմել է ընդամենը 9%։
Փաստացի, 2026-ի առաջին ինն ամիսներին ԵՄ երկրներ արտահանման աճը կազմել է 242.8 մլն դոլար, այդ գումարից 221.5 մլն դոլարը կամ շուրջ 91%-ը բաժին է ընկել հունվար-մայիսին՝ մինչև ռուսական սահմանափակումների կիրառումը։
Բուլղարիա. արտահանման աճը տեղի էր ունեցել հիմնականում տարվա առաջին հինգ ամիսներին
Նախարար Գևորգ Պապոյանը նշել էր Բուլղարիայի օրինակը, որտեղ արտահանումն իսկապես մեծ աճ է գրանցել։ 2025-ի հունվար-սեպտեմբերին այդ երկիր արտահանվել էր 40.1 մլն դոլարի ապրանք, 2026-ին՝ 195.8 մլն դոլարի։ Աճը գրեթե հնգապատիկ է։
Բայց ե՞րբ էր տեղի ունեցել այդ աճը։
Ամսական տվյալների վերլությունը ցույց է տալիս, որ 2026-ի ինն ամիսներին Բուլղարիա արտահանված ապրանքների արժեքի շուրջ 91%-ը բաժին է ընկել հունվար-մայիսին։ Ապրիլին Բուլղարիա արտահանումը հասել էր 54.6 մլն դոլարի։ Մայիսին այն կազմել է 32 մլն դոլար, իսկ հունիսին նվազել է մինչև 1.5 մլն դոլար։
ՊԵԿ-ի հրապարակած արտաքին առևտրի տվյալների համաձայն՝ 2026-ի առաջին կիսամյակում Բուլղարիա արտահանման 98.6%-ը կազմել են պղնձի հանքաքարերն ու խտանյութերը։ Մասնավորապես, հունվար-հունիսին այդ երկիր արտահանվել է շուրջ 68.5 հազար տոննա պղնձի հանքաքար և խտանյութ՝ 177.1 մլն դոլար արժեքով։ 2025-ի նույն ամիսներին Բուլղարիա արտահանվել էր 16.6 հազար տոննա պղնձի հանքաքար և խտանյութ՝ 28.7 մլն դոլար արժեքով։ Այսինքն՝ մեկ տարում այդ ապրանքների արտահանման քանակն աճել է շուրջ 4.1 անգամ, իսկ արժեքը՝ 6.2 անգամ։
Սակայն Բուլղարիա արտահանվել են նաև այլ ապրանքներ, այդ թվում՝ ծաղիկներ։ Ըստ ՊԵԿ-ի հայտնած տվյալների՝ 2026-ի հուլիսին այդ երկիր արտահանվել է շուրջ 209 հազար հատ ծաղիկ՝ 22.6 մլն դրամ մաքսային արժեքով։
Այսպիսով, թեև ռուսական սահմանափակումներից հետո Բուլղարիան դարձել է նաև հայկական ծաղիկների արտահանման ուղղություններից մեկը, այդ երկիր ընդհանուր արտահանման կտրուկ աճը հիմնականում ապահովել են պղնձի հանքաքարերն ու խտանյութերը։ Ավելին, այդ աճի հիմնական մասը գրանցվել է դեռևս հունվար-մայիսին՝ մինչև ռուսական սահմանափակումների կիրառումը։
Ո՞ր երկրներ է արտահանումն աճել հունիսից հետո
Բուլղարիայից տարբերվող միտումներ են նկատվում Ուզբեկստանի, Լեհաստանի և Չինաստանի ուղղություններով։
Ուզբեկստան. աճի զգալի մասը գրանցվել է ամռանը
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ուզբեկստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 4.7 անգամ՝ 8.2 մլն դոլարից հասնելով 38.8 մլն դոլարի։ Արտահանման աճը հատկապես նկատելի է հունիսից։ Եթե 2025-ի հունիս-սեպտեմբերին Ուզբեկստան արտահանվել էր 3.25 մլն դոլարի ապրանք, ապա 2026-ի նույն ամիսներին՝ 26.93 մլն դոլարի։ Այսինքն՝ արտահանումն աճել է շուրջ 8.3 անգամ։
ՊԵԿ-ի հրապարակած արտաքին առևտրի տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-հունիսին Հայաստանից Ուզբեկստան արտահանվել են նաև ծաղիկներ, լոլիկ, այլ թարմ բանջարեղեն, ինչպես նաև կորիզավոր մրգեր ներառող ապրանքային խմբի արտադրանք։ 2025-ի նույն ամիսներին վերջին երեք ապրանքախմբերի արտահանումը Ուզբեկստան չէր գրանցվել։ Միաժամանակ այդ երկիր արտահանվել են նաև դեղամիջոցներ, ծխախոտային արտադրանք, մոլիբդենի հանքաքար և խտանյութ։
Թեև Վիճակագրական կոմիտեի ամսական տվյալները ցույց են տալիս, որ Ուզբեկստան արտահանման աճը շարունակվել է նաև հուլիս-սեպտեմբերին, այդ ամիսների համար ամբողջական ապրանքային բացվածքը դեռևս հասանելի չէ։ Ուստի հնարավոր չէ հստակ պարզել, թե հունիս-սեպտեմբերին գրանցված 26.93 մլն դոլարի արտահանման որ մասն է բաժին ընկել գյուղմթերքին։
Լեհաստան. աճը սկսվել էր մինչև հունիսը, բայց շարունակվել է նաև հետո
2026-ի ինն ամիսներին Լեհաստան արտահանումն աճել է 3 անգամ՝ 8 մլն դոլարից հասնելով 23.9 մլն դոլարի։ Լեհաստանի դեպքում ամսական պատկերը համեմատաբար հավասարաչափ է։ 2026-ի հունիս-սեպտեմբերին այդ երկիր արտահանվել է 13.2 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 2.9 մլն դոլարի դիմաց։
ՊԵԿ-ի՝ #CivilNetCheck-ին տրամադրած ապրանքային տվյալներում Լեհաստանի ուղղությամբ առկա են նաև ծիրանի, կեռասի, սալորի, ելակի, լոլիկի և պղպեղի արտահանման գրանցումներ։ Սա հաստատում է, որ Լեհաստանի ուղղությամբ արտահանվել են նաև այնպիսի ապրանքներ, որոնց համար Ռուսաստանում սահմանափակումներ էին կիրառվել։
Չինաստան. խոշոր աճ, որը նույնպես սկսվել էր մինչև մայիսը
Չինաստանի ուղղությամբ 2026-ի արտահանումն աճել է շուրջ 83%-ով՝ 492 մլն դոլարից մինչև 899 մլն դոլար։
Չինաստան արտահանումը 2026-ի սկզբից արդեն գերազանցում էր 2025-ի համապատասխան ամսական ցուցանիշները, իսկ հունիսից պահպանվել է ամսական մոտ 119-129 մլն դոլարի մակարդակում։ Այստեղ նաև կարևոր է երեք տարվա պատկերը. 2024-ի առաջին ինն ամիսներին Չինաստան արտահանումը կազմել էր մոտ 908 մլն դոլար։ 2025-ին այն նվազել էր մինչև 492 մլն դոլար, իսկ 2026-ին գրեթե վերադարձել է 2024-ի մակարդակին։
Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ 2026-ի հունվար-հունիսին Հայաստանից Չինաստան արտահանված ապրանքների թվում են պղնձի և մոլիբդենի հանքաքարերն ու խտանյութերը, թանկարժեք քարերն ու մետաղները, ինչպես նաև չմշակված պղինձը։ Հունիսից հետո արտահանված ապրանքների ցանկը դեռ չի հրապարակվել։
Այլ երկներ
Ըստ վիճակագրական կոմիտեի ամսական տվյալների՝ 2026-ի հունիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Բրազիլիա արտահանումն աճել է շուրջ 8.1 անգամ՝ 2.4 մլն դոլարից հասնելով 19.5 մլն դոլարի։ Մալայզիա արտահանումն աճել է 2.3 անգամ՝ 12.3 մլն դոլարից մինչև 28 մլն դոլար, իսկ Թուրքմենստան՝ 1.9 անգամ՝ 11 մլն դոլարից մինչև 20.8 մլն դոլար։
Սակայն այդ երկրներ արտահանման աճ նկատվում էր նաև տարվա առաջին ամիսներին։ Օրինակ՝ Բրազիլիա արտահանումը 2026-ի հունվարին արդեն կազմել էր 5.9 մլն դոլար, իսկ Մալայզիա արտահանման խոշոր ծավալներ գրանցվել էին մարտին և մայիսին։
Ավելի ուշագրավ է Ուկրաինայի օրինակը։ 2026-ի հունվար-մայիսին Հայաստանից այդ երկիր արտահանումը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել էր ընդամենը 7.7%-ով, սակայն հունիս-սեպտեմբերին՝ շուրջ 3.2 անգամ։ Հունիսին արտահանումը կազմել է 3.3 մլն դոլար, հուլիսին՝ 5.3 մլն, իսկ օգոստոսին՝ գրեթե 6 մլն դոլար։
Եվրամիության երկրներից 2026-ի հունիս-սեպտեմբերին արտահանման առավել նկատելի աճ է գրանցվել նաև Ավստրիայի և Իտալիայի ուղղություններով։ Ըստ Վիճկոմիտեի՝ Ավստրիա արտահանումը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 3.9 անգամ՝ 2.4 մլն դոլարից հասնելով 9.4 մլն դոլար, Իտալիա՝ 30%-ով՝ 25.5 մլն դոլարից մինչև 33.1 մլն դոլար։
Առանձնանում է նաև Սլովենիան, ուր հունիս-սեպտեմբերին արտահանումը նախորդ տարվա գրեթե զրոյական մակարդակից հասել է 4.2 մլն դոլարի։ Արտահանման հիմնական ծավալները գրանցվել են հուլիսին և օգոստոսին։
Միաժամանակ ԵՄ մի շարք խոշոր ուղղություններում արտահանումը նվազել է։ Մասնավորապես, Բելգիա արտահանումը կրճատվել է 16.9%-ով, Գերմանիա՝ 19.2%-ով, իսկ Նիդերլանդներ՝ 3.8%-ով։ Այս երեք երկրներ արտահանման արժեքը միասին նվազել է շուրջ 20.9 մլն դոլարով։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս երկրներին, ապա այդ ուղղությամբ արտահանման միտումները տարբեր են։ 2026-ի հունվար-սեպտեմբերին Ղազախստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.4%-ով՝ 42.1 մլն դոլարից հասնելով 31.4 մլն դոլարի։ Բելառուս արտահանումը ևս նվազել է 6.2%-ով՝ 103.6 մլն դոլարից մինչև 97.1 մլն դոլար։ Փոխարենը Ղրղզստան արտահանումը գրեթե եռապատկվել է՝ 7.2 մլն դոլարից հասնելով 21.5 մլն դոլարի։ Ընդ որում, Ղրղզստանի ուղղությամբ աճը հատկապես նկատելի է հունիսից հետո։
Փոփոխվել է նաև Հայաստանի արտահանման աշխարհագրությունը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2026-ի առաջին ինն ամիսներին արտահանում է գրանցվել 11 երկրներ և տարածքներ, որտեղ 2025-ին հայկական ապրանքների արտահանում չէր արձանագրվել։
Մասնավորապես, հունիսին Հայաստանից Բուրունդի է արտահանվել 389 հազար դոլարի, Գվատեմալա՝ 18.6 հազար դոլարի ապրանք։ Առանձնանում է նաև Ադրբեջանը, ուր սեպտեմբերին արտահանվել է 92.7 հազար դոլարի ապրանք։
Սակայն նոր ուղղություններից ոչ բոլորն են հայտնվել ռուսական սահմանափակումներից հետո։ Օրինակ՝ Շրի Լանկա 416 հազար դոլարի և Բոլիվիա 24.6 հազար դոլարի արտահանումը գրանցվել է մայիսին, իսկ Սան Մարինո շուրջ 3 հազար դոլարի արտահանումը՝ մարտին։
Ինչպե՞ս է փոխվել արտահանման ապրանքային կառուցվածքը
2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով՝ 5.61 մլրդ դոլարից հասնելով 5.16 մլրդ դոլարի։ Սակայն առանձին ապրանքային խմբերի ցուցանիշները էապես տարբերվում են։
Ամենամեծ աճը գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ոլորտում։ Եթե 2025-ի առաջին ինն ամիսներին արտահանվել էր 843 մլն դոլարի հանքահումք, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 1.43 մլրդ դոլարի։ Աճը կազմել է շուրջ 70% կամ 586 մլն դոլար։ Միաժամանակ թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը նվազել է ավելի քան երկու անգամ՝ 1.7 մլրդ դոլարից հասնելով 794 մլն դոլարի։ Անկումը կազմել է շուրջ 902 մլն դոլար։ Այս ապրանքային խմբի արտահանման կրճատումը սկսվել էր դեռևս 2025-ին։
Ռուսական սահմանափակումների և արտահանման նոր շուկաների որոնման համատեքստում առանձնապես կարևոր է գյուղատնտեսական ապրանքների արտահանման փոփոխությունը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 38.5%-ով։ Եթե 2025-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 234.2 մլն դոլարի արտադրանք, ապա 2026-ին՝ 144 մլն դոլարի։
Հատկանշական է, որ նախորդ տարի հակառակ միտումն էր։ Ըստ Վիճկոմիտեի՝ 2025-ի ամբողջ տարվա ընթացքում բուսական ծագման արտադրանքի արտահանումը 2024-ի համեմատ աճել էր 24.2%-ով՝ 241.7 մլն դոլարից հասնելով 300.1 մլն դոլարի։ Միաժամանակ նվազել է նաև կենդանական ծագման արտադրանքի արտահանումը՝ 75.2 մլն դոլարից մինչև 52.5 մլն դոլար կամ 30.1%-ով։
Պատրաստի սննդամթերքի արտահանումը կրճատվել է ավելի փոքր չափով՝ 878.4 մլն դոլարից մինչև 850.2 մլն դոլար կամ 3.2%-ով։ Այս բաժնի մեջ, սակայն, ներառված են տարբեր վերամշակված ապրանքներ, այդ թվում՝ խմիչքներ և ծխախոտային արտադրանք, ուստի այն ամբողջությամբ գյուղատնտեսական արտադրանք համարել ճիշտ չէ։
Այսպիսով, թեև ռուսական սահմանափակումներից հետո Հայաստանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, և որոշ երկրներ արտահանման աճ է գրանցվել, ԵՄ ուղղությամբ աճի հիմնական մասը տեղի էր ունեցել դեռ մինչև սահմանափակումների կիրառումը։ Ավելին, մի շարք ուղղություններով աճը պայմանավորված է եղել ոչ թե գյուղատնտեսական, այլ այլ ապրանքների արտահանմամբ։
Միաժամանակ, չնայած նոր շուկաների հայտնվելուն և արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը, Հայաստանի ընդհանուր արտահանումը 2026 թվականի առաջին ինն ամիսներին նվազել է 8%-ով, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 38.5%-ով։ Այսինքն՝ նոր ուղղություններում գրանցված աճը դեռ չի փոխհատուցել արտահանման ընդհանուր անկումը։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











