Սոցցանցերում օգոստոսի կեսից տարածվում է լուսանկար՝ «Ռուսաստանից հայերը զանգվածաբար դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար» ռուսերեն գրությամբ։
«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, տարածելով լուսանկարը, գրել է. «Հայերը զանգվածաբար սկսում են վերադառնալ Ռուսաստանից Հայաստան»։
Լուսանկարը տարածվում է նաև պնդմամբ, թե Հայաստանը քննարկում է ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալու կանոնները խստացնելու հնարավորությունը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը՝ պարզելու, թե որքանով են այս պնդումները համապատասխանում իրականությանը։
Փոխնախարարի հայտարարությունը՝ քաղաքացիության դիմումների աճի և հնարավոր փոփոխությունների մասին
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է նկատվում։
«Եթե նայեք անցած տարվա՝ 2025-ի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32 000-ը։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում»,- ասել է Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի՝ քաղաքացիություն ստանալու դիմումների աճի վրա ազդել են ռուս-ուկրաինական պատերազմը և ՌԴ քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումների կիրառումը։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը «գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար»։
Փոխնախարարի խոսքով՝ դիմումների հիմքերը ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիության դիմող ՌԴ քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ անդրադառնալու ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալու գործող պահանջներին։
Սակայն փոխնախարարի հայտարարությունը վերաբերում էր քաղաքացիության դիմումների աճին, ոչ թե Ռուսաստանից Հայաստան զանգվածային վերադարձին։
2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիության դիմումներն աճել են 78%-ով
ՆԳՆ-ի՝ #CivilNetCheck-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2026-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 13 072 օտարերկրացի։ Նրանցից 7 917-ը ՌԴ քաղաքացիներ են, այդ թվում՝ 6 487-ը՝ ազգությամբ հայեր։
2025-ի նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 7 348 օտարերկրացի, որից 4 194-ը՝ ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 3 697-ը՝ ազգությամբ հայ։
Այսպիսով՝ 2025-ի առաջին կիսամյակի համեմատ՝ դիմումների ընդհանուր թիվն աճել է շուրջ 78%-ով, ՌԴ քաղաքացիներինը՝ շուրջ 89%-ով, իսկ ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերինը՝ շուրջ 75%-ով։ Սակայն նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմումների նման բարձր ցուցանիշ գրանցվել էր նաև 2023-ին։ Այդ տարվա առաջին կիսամյակում ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերը ներկայացրել էին 6 552 դիմում։ Հետագա տարիներին դրանց թիվն աստիճանաբար նվազել էր՝ 2025-ի երկրորդ կիսամյակում հասնելով 2 932-ի։
Այսինքն՝ 2026-ի առաջին կիսամյակում դիմումների թիվը նախորդ կիսամյակի համեմատ ավելի քան կրկնապատկվել է՝ գրեթե հասնելով 2023 թվականի առաջին կիսամյակի մակարդակին։
Փոխնախարարի նշած 32 000 դիմումի մեջ ներառված էին նաև տեղահանված արցախցիները
Փոխնախարար Արմեն Ղազարյանի հայտարարած ավելի քան 32 հազար դիմումների թիվը չէր համընկնում ՆԳՆ-ի՝ #CivilNetCheck-ին տրամադրած սկզբնական վիճակագրության հետ։
Գերատեսչության սեպտեմբերի 14-ի գրավոր պատասխանի համաձայն՝ 2025-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 13 595 օտարերկրացի։
Պարզաբանում ստանալու նպատակով կրկին դիմեցինք ՆԳՆ։ Հոկտեմբերի 26-ին գերատեսչությունը հայտնեց, որ 2025-ին քաղաքացիություն ստանալու համար դիմել է 32 895 անձ, որոնցից 19 367-ը տեղահանված անձինք են, իսկ 13 528-ը՝ օտարերկրացիներ։ Այսպիսով, փոխնախարարի ներկայացրած ընդհանուր ցուցանիշում ներառված էին նաև տեղահանված արցախցիների դիմումները։
Սակայն ՆԳՆ-ի երկու գրավոր պատասխաններում կան անհամապատասխանություններ։ Մասնավորապես, սեպտեմբերի պատասխանի համաձայն՝ 2025-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 13 595 օտարերկրացի, մինչդեռ հոկտեմբերի պատասխանում նշված է 13 528-ը՝ 67-ով պակաս։
Առավել մեծ է քաղաքացիություն ստացածների թվի տարբերությունը։ Սեպտեմբերի պատասխանում նշվել էր, որ 2025-ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 12 432 օտարերկրացու, իսկ հոկտեմբերի պատասխանում՝ 18 516-ի։ Տարբերությունը 6 084 է։
ՆԳՆ-ն չի պարզաբանել, թե ինչով են պայմանավորված նույն տարվա վերաբերյալ տրամադրված տվյալների այս անհամապատասխանությունները։
Քաղաքացիություն շնորհումների թիվը պակասել է
Չնայած դիմումների կտրուկ աճին՝ 2026-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը նվազել է։
Եթե 2025-ի առաջին կիսամյակում քաղաքացիություն էր շնորհվել 7 954 օտարերկրացու, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում՝ 6 254-ի։ Նվազումը կազմում է շուրջ 21%։
ՌԴ քաղաքացիների դեպքում ցուցանիշը նվազել է 4 819-ից մինչև 3 727, իսկ ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի դեպքում՝ 4 299-ից մինչև 3 201։
Այս տվյալները, սակայն, չեն բացահայտում նվազման պատճառները, քանի որ տվյալ ժամանակահատվածում քաղաքացիություն ստացած անձինք պարտադիր չէ, որ դիմած լինեն նույն կիսամյակում։
Ի դեպ, նշենք, որ 2026-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը թվայնացվել է։
Այսպիսով, ՆԳՆ պաշտոնական տվյալները հաստատում են, որ 2026-ի առաջին կիսամյակում ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն աճել է։
Սակայն այս ցուցանիշը չի հաստատում սոցցանցերում տարածվող պնդումը, թե հայերը զանգվածաբար վերադառնում են Ռուսաստանից Հայաստան։ Վիճակագրությունը վերաբերում է քաղաքացիություն ստանալու դիմումներին և չի ցույց տալիս, թե դիմումատուներից քանիսն են փաստացի տեղափոխվել Հայաստան։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











