Հայաստանը ցորենի մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից․ ի՞նչ է փոխում Ադրբեջանի տարածքով նոր երթուղին

Ադրբեջանական լրատվամիջոցները օգոստոսի 8-ին հայտնեցին Ադրբեջանի տարածքով 15 վագոն ռուսական հացահատիկի՝ Հայաստան տեղափոխման մասին։
Ադրբեջանի, ապա Վրաստանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի առաջին խմբաքանակները Հայաստան էին հասել դեռևս 2025-ի նոյեմբերին։ Այս երթուղով ներմուծումը դարձավ լոգիստիկ արդյունավետության և ուղիների դիվերսիֆիկացման շուրջ քննարկումների առիթ։
CivilNetCheck-ն ուսումնասիրել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ցորենի ծավալները, այս երթուղու արդյունավետության վերաբերյալ պնդումները, ինչպես նաև Հայաստանում ցորենի արտադրության և ներմուծման ընդհանուր տվյալները։
Ընդհանուր որքա՞ն հացահատիկ է Հայաստան հասել երկաթուղով
Պետական եկամուտների կոմիտեից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2025-ի նոյեմբերի 1-ից մինչև 2026-ի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտով Հայաստան է ներմուծվել 59,195 տոննա հացահատիկ։
Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ից հայտնում են, որ կոմիտեի շտեմարանում Հայաստան ներմուծվող բեռների լոգիստիկայի վերաբերյալ տվյալներ չեն արտացոլվում։ Մասնավորապես, նշված չէ, թե մինչև Հայաստան հասնելը բեռը որ երկրների տարածքով է տարանցվել։ Բացառություն են այն երկրները, որոնց հետ Հայաստանը գործող անցակետեր ունի, օրինակ՝ Վրաստանն ու Իրանը։
Հետևաբար, ՊԵԿ-ը Ադրբեջանի տարածքով բեռների տարանցման վերաբերյալ տվյալներ չունի։ Ուստի, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ կոմիտեն ներկայացրել է միայն երկաթուղով հացահատիկի ներմուծման ընդհանուր տվյալները։
Ճանապարհների դիվերսիֆիկացիայի և ցորենի կարգի վերաբերյալ քննարկումները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 2025-ի հոկտեմբերին Ազգային ժողովի նիստին ասել էր, թե նույն տարբերակով դիվերսիֆիկացիա հնարավոր էր անել նաև այլ երկրներից, օրինակ՝ Ուկրաինայից կամ Ռուսաստանից, բայց ցորենը դարձյալ Վրաստանի տարածքով էր մտնելու Հայաստան։
«Առաջին պահին տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, օրինակ, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է»,- ասել է Գեղամ Մանուկյանը։
Ներմուծումից հետո՝ 2025-ի նոյեմբերին, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Էդգար Զաքարյանը նույնպես անդրադարձել էր թեմային։ Նա, սակայն, խոսել էր ոչ թե հացահատիկի ծագման երկրի, այլ մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին:
«Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա արդեն լավ է: [...] բայց պարզ է չէ՞ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է»,- ասել է փոխնախարարը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը #CivilNetChek-ի հետ զրույցում նշում է, որ այլընտրանքային ճանապարհը կարևոր է, քանի որ այն օգնում է զսպել, օրինակ, Վրաստանի Փոթի նավահանգստի գները, որը ներկայում մենաշնորհային դիրք ունի։ Պարսյանի խոսքով, սակայն, Ադրբեջանից ցորենի ներկրումը ավելի շատ քաղաքական, ոչ թե տնտեսական գործարք է։
«Տնտեսապես այն ձեռնտու չէ, դա նման չէ բենզինին կամ դիզելին, որը Ադրբեջանի տարածքից է գալիս։ Ցորենի դեպքում խոսքը վերաբերում է Ռուսաստանից և Ղազախստանից ներկրումներին, որոնց ներկրման հնարավորությունը կա նաև Փոթիով»,- ասաց Պարսյանը։
Ցորենի կարգի հետ կապված հակասությունը
Ղազախական ցորենի դեպքում հակասություններ էին առաջացել հացահատիկի որակի վերաբերյալ. ղազախական կողմը հայտնել էր, որ ուղարկվել է 4-րդ կարգի ցորեն։ Մինչդեռ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) փորձաքննության արդյունքներով ներմուծված ցորենը 3-րդ կարգի է։
Ղազախական կողմից բացի, էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ևս նշել էր, որ ղազախական ցորենն անասնակեր է (4-րդ կարգի,- խմբ.)։
«Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, հիմա թե անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն արդեն կյանքը ցույց կտա»,- ասել է փոխնախարարը։
#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ՍԱՏՄ-ից հաստատել են, որ ղազախական ցորենը 3-րդ կարգի է՝ նշելով, որ փոխնախարարի հայտարարությունը հիմնված է եղել ցորենն ուղեկցող փաստաթղթերի տվյալների վրա։

Ցորենի արտադրությունը Հայաստանում․ որքանո՞վ է Հայաստանն ինքաբավ
Հայաստանը վերջին տասը տարիներին միջինում տարեկան արտադրել է 162 հազար տոննա ցորեն։ Միևնույն ժամանակ տարեկան միջինում ներմուծել է 315 հազար տոննա։
Ընդ որում՝ տարեցտարի ցորենի արտադրությունը Հայաստանում գնալով նվազել է՝ 2021-ին հասնելով վերջին 10 տարվա մեջ ամենացածր քանակին՝ 97,2 հազար տոննայի։
Մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղից տարեկան ներկրվել է մոտ 38-50,000 տոննա հացահատիկ։ Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանի գնահատմամբ՝ այդ ծավալներից մոտ 30 հազար տոննան ցորեն էր։ Ուստի պատերազմն ազդեց նաև սրա վրա։
Տես՝ Առանց արցախյան ցորենի. որքանո՞վ է Հայաստանը կախված ներկրվող հացահատիկից
Եթե համեմատենք ներմուծված և արտադրված ցորենի տվյալները, ապա Հայաստանը մեծամասամբ կախված է ներմուծված ցորենից։ Եթե 2025-ին ցորենի արտադրությունը կազմել է՝ 132 հազար տոննա, ապա ներմուծումը երկու անգամից ավելի շատ է եղել՝ կազմելով 332 հազար տոննա։
Աղբյուրը՝ ՎԿ-ի արտաքին առևտրի տվյալների բազայից և ազգային պարենային հաշվեկշիռներից
Թեև Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը ճանապարհների դիվերսիֆիկացիա է համարվում, մատակարարների առումով Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից։ 2025-ին Հայաստան ներմուծված ընդհանուր 332 հազար տոննայից, ըստ ՊԵԿ-ի, 331 հազար տոննա ցորեն Ռուսաստանից է։
Հատկանշական է, որ Ղազախստանի հացահատիկի շուկայի ազգային օպերատորը հայտնել է, որ երկիրը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանին։ Նման ծավալների շարունակական ներմուծումը կարող էր մեծացնել ղազախական ցորենի մասնաբաժինը և նվազեցնել Ռուսաստանի գերակշռությունը։
Սակայն ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025-ի նոյեմբերից մինչև 2026-ի օգոստոսի 5-ը Ղազախստանից Հայաստան է ներմուծվել ընդամենը 1000 տոննա ցորեն։
Տեղադրություն
Փաստերի ստուգում
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










