Անի Գրիգորյան, Գիվի Գիգիտաշվիլի (DFRLab), Սոփո Գելավա (DFRLab)
2026-ի հուլիսի 22-ին 18:08-ին ռուսալեզու տելեգրամյան մի ալիք հրապարակեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի թվային եղանակով փոփոխված լուսանկարը, որտեղ նա լոլիկ է նետում։ Ուղեկցող տեքստում պնդում էր արվում, թե իբր Politico-ն հաղորդել է, որ Եվրոպական միությունը հրաժարվել է ներմուծել հայկական լոլիկ։ Ութ րոպե անց նույն պնդումը անգլերեն և նույն լուսանկարով հայտնվեց X-ում՝ գրեթե 800,000 հետևորդ ունեցող հաշվում։ Հաջորդ օրը նման գրառումների թիվը հասավ 197-ի, իսկ առաջին գրառումից 29 ժամ անց կեղծ պնդումն արդեն տարածվում էր 18 լեզվով՝ ընդհուպ կորեերեն և վիետնամերեն։
Կեղծ լուրը հայտնվեց այն օրերին, երբ հայ գյուղացիները բողոքի ակցիաներ էին անում՝ գյուղմթերքի իրացման դժվարությունների պատճառով։ Սակայն Politico-ն նման նյութ չէր հրապարակել․ #CivilNetCheck-ը և փաստերի ստուգմամբ զբաղվող այլ կազմակերպություններ պարզել էին, որ պնդումը հորինվել և վերագրվել է այդ լրատվամիջոցին։
Իրականում հայկական լոլիկի առաջ իր շուկան փակել էր Ռուսաստանը։ 2026-ի մայիսի վերջին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, հայկական գյուղմթերքի մի շարք տեսակների ներմուծման արգելք էր սահմանվել։ ԵՄ-ն արձագանքել էր՝ հայտարարելով, որ պատրաստ է իր շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ուստի այս արշավը կարելի է դիտել որպես իրականությունը շրջելու փորձ։
Կրեմլամետ դերակատարները արշավի հողը նախապատրաստել էին ավելի վաղ՝ Հայաստանի և ԵՄ-ի մասին նմանատիպ նարատիվներ տարածելով։ Ամբողջ ամառ, երբ Ռուսաստանը աստիճանաբար արգելում էր հայկական ապրանքների ներմուծումը, լոլիկի մասին կեղծ լուրին նախորդած շրջանում ռուսական պետական լրատվամիջոցները, քարոզչական կայքերն ու մեկնաբանները Հայաստան-ԵՄ առևտրի մասին երկու հիմնական նարատիվ էին տարածում։ Այդ աղբյուրները պնդում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է հայ գյուղացիներին ԵՄ շուկա մուտք գործելու հնարավորության մասին։ Նաև գրում, թե ԵՄ-ն է դավաճանել է Հայաստանին՝ մերժելով երկրի համար կենսական աջակցությունը հենց այն ժամանակ, երբ ուժեղանում էր Ռուսաստանի տնտեսական ճնշումը։
Ինչպես ենք ստուգել. Կեղծ լուրի տարածումը հետագծելու համար DFRLab-ը և ՍիվիլՆեթը հավաքել են ավելի քան 380 առանձին գրառում, որոնք հղում են անում Politico-ին վերագրված պնդմանը։ Դրանք հրապարակվել են 2026-ի հուլիսի 22–31-ը չորս հարթակում՝ Telegram-ում, X-ում, Facebook-ում և VK-ում։ Տարբեր լեզուներով գրառումները գտել ենք «Politico», «Armenia» (Հայաստան) և «tomatoes» (լոլիկ) բանալի բառերով, ապա դասավորել մեկ ժամանակագրությամբ։ Telegram-ի ալիքների մի քանի խմբի դեպքում ուսումնասիրել ենք նաև դրանց հրապարակումների պատմությունը՝ պարզելու, թե արդյոք միաժամանակ հրապարակելը համակարգված էր։
Արդյունքները վկայում են, որ տարածումը ինքնաբուխ չէր, այլ համակարգված՝ նաև կեղծ հաշիվների ներգրավմամբ։ Դրա մասին են վկայում առնվազն չորս հանգամանք՝ կեղծ լուրի շատ արագ տարածումը, բառացի նույն տեքստերի հայտնվելը միմյանց հետ առերևույթ կապ չունեցող բազմաթիվ էջերում ու հաշիվներում, ավտոմատացված հրապարակումները։ Բացի այդ, կարճ ժամանակում նույն պնդումը տարածվել է բազմաթիվ լեզուներով, ինչը վկայում է, որ այն կենտրոնացված ձևով է թարգմանվել և տարածվել, ոչ թե տարբեր երկրներում՝ իրարից անկախ։
Արշավի ժամանակագրությունը
Արշավն ընթացել է երկու փուլով․ առաջինը սկսվել է հուլիսի 22-ին, երկրորդը՝ հուլիսի 27-ին։ Առաջին փուլում, նախնական տարածումից անմիջապես հետո, հուլիսի 23-ին գրառումների թիվը կտրուկ աճել է․ մեր բազայում ներառված գրառումների կեսից ավելին՝ 197-ը, հրապարակվել է հենց հուլիսի 23-ին, որից հետո արշավի ակտիվությունը նվազել է։ Գրառումների թվի այս կտրուկ աճն ու դրան հաջորդած անկումը վկայում են համակարգված, ոչ թե օգտատերերի կողմից ինքնաբուխ տարածման մասին։
Երկրորդ փուլը սկսվել է հուլիսի 27-ին, երբ ռուսամետ ռազմական բլոգեր Յուրի Պոդոլյական տելեգրամյան իր ալիքում հրապարակեց պատմության շարունակությունը՝ գրելով, թե իբր Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և առաջարկել գնել հայկական լոլիկն այն բանից հետո, երբ Բրյուսելը հրաժարվել էր դրանցից։ Հուլիսի 27–28-ը մեր հավաքած 70 գրառումներից 58-ում կրկնվում էր նույն պնդումը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելով, թե Եվրոպան չի ցանկանում հայկական լոլիկ։ Ուշագրավ է, որ Պոդոլյակայի հետ կապված սոցցանցային էջերն ու հաշիվները կենտրոնական դեր էին ունեցել գործողության տարածման մեջ նաև առաջին փուլում։

Առաջին փուլում կեղծ պնդումը տարածվել է 18 լեզվով։ Գրառումների մեծ մասը ռուսերեն և անգլերեն էր, բայց պնդումը հայտնվել է նաև չեխերեն, իտալերեն, պորտուգալերեն, սերբերեն, գերմաներեն, բուլղարերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռումիներեն, հունարեն, ուկրաիներեն, արաբերեն, կորեերեն, ֆիններեն և վիետնամերեն։ Pravda ցանցը ևս տարածել է կեղծ պնդումն իր հայելային կայքերով, որոնք բովանդակությունն ավտոմատ ներկայացնում են տարբեր լեզուներով։ Սակայն բազմալեզու տարածումը պայմանավորված չէր այդ ցանցով․ առանց դրա հրապարակումների էլ պնդումը հայտնվել է 16 լեզվով։
Հայկական լոլիկի մասին կեղծ լուրը կորեացի կամ վիետնամցի ընթերցողների շրջանում տարածվելու ակնհայտ պատճառ չուներ։ Այնուամենայնիվ, մեր հայտնաբերած ամենավաղ ռուսալեզու գրառումից ընդամենը մի քանի ժամ անց հայտնվեցին դրա թարգմանությունները, որոնք շատ դեպքերում գրեթե նույն ձևակերպումներն ունեին։ Այս օրինաչափությունը, ինչպես նաև ստորև ներկայացված ավտոմատացված բազմալեզու խմբերի գործունեությունը վկայում են, որ բովանդակությունը համակարգված ձևով է թարգմանվել և տարածվել։

Կեղծված լուրն առաջինը հրապարակվել է ռուսալեզու Во///дь (@indeec_1937) տելեգրամյան ալիքում՝ ժամը 18:08-ին։ Գրառմանը կցված էր լուսանկար, որտեղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լոլիկ է նետում։ Դա 2024-ի հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆոն դեր Լայենի քվեարկելու իրական լուսանկարի թվային եղանակով փոփոխված տարբերակն է։ @indeec_1937-ը քաղաքական թեմաներով ռուսալեզու ալիք է, որն իրեն ներկայացնում է որպես քաղաքական երգիծանք, բայց տարածում է կրեմլամետ նարատիվներ։
Ութ րոպե անց գրեթե 800,000 հետևորդ ունեցող @SprinterPress հաստատված (verified) հաշիվը X-ում հրապարակեց նույն պնդումը՝ նույն լուսանկարով, բայց արդեն անգլերեն։ Երկու գրառումների՝ գրեթե միաժամանակ հրապարակվելը և նույն բովանդակությունը հուշում են, որ դրանք օգտվել են նույն աղբյուրից կամ տարածման նույն շղթայից, թեև դա չի հաստատում հաշիվների միջև ուղիղ համակարգվածությունը։ Այս հաջորդականությունը ցույց է տալիս, թե որքան արագ է ռուսալեզու բովանդակությունը հասել անգլախոս մեծ լսարանի։ X-ի հաշիվը նախորդ օրը նաև գրառում էր արել գյուղացիների բողոքի ակցիայի մասին, ինչը ցույց է տալիս, որ հաշիվն արդեն հետևում էր թեմային։
Այս հաշիվը «Sprinter» ցանցի մաս է, որը Debunk.org-ը ներկայացրել է որպես X-ում գործող կեղծ, կրեմլամետ հաշիվների խումբ։ Այս հաշիվները բազմիցս տարածել են նույն բովանդակությունը, ինչ բելառուսական «Белорусский силовик» (@belarusian_silovik) տելեգրամյան ալիքը, հաճախ՝ րոպեների ընթացքում թարգմանելով անգլերեն։ Հետազոտողները ալիքը կապել են Բելառուսի անվտանգության ծառայությունների հետ առնչվող անձի հետ։ Հատկանշական է, որ @belarusian_silovik-ը նույնպես մեր հայտնաբերած ամենավաղ տարածողների թվում է։ Telegram-ի T օգտատերը Politico-ին վերագրված կեղծ պնդումը մեկնաբանության տեսքով հրապարակել է @bschatik խմբում՝ @belarusian_silovik-ի արած գրառման տակ։
Նույն օրը 18:54-ին Politico-ին վերագրված կեղծ լուրը նույն պատկերով հայտնվել է նաև ռուսական Space.ru սոցիալական ցանցի հայելային դոմենում՝ world83.spcs.bio-ում։ Այն հրապարակվել էր որպես բլոգային գրառում «#Жиза» (Zhiza) օգտատերերի համայնքում։ Պատկերի ֆայլի անունը IMG_20260722_194202 է, այն վերբեռնել է Alex69tm օգտատերը։ Ֆայլը հետագա վերլուծության համար անհրաժեշտ մետատվյալներ չի պարունակում, սակայն դրա անվան ձևաչափը նույնն է, ինչ Telegram-ի Android հավելվածում հեռախոսում պահպանված լուսանկարներինը։
Սա թույլ է տալիս ենթադրել, որ Alex69tm-ը պատկերը ներբեռնել է @indeec_1937 Telegram ալիքի գրառումից, ապա վերբեռնել Space.ru-ում։ Այս հավանականությունն ավելի հիմնավոր է դարձնում նաև պատկերների չափը․ թե՛ Telegram-ում, թե՛ Space.ru-ում այն 1216 × 832 պիքսել է։
21:42-ին պատմությունն առաջին անգամ արդեն հայտնվել է Ֆեյսբուքում՝ «ВИСАГИНСКАЯ ЖИЗНЬ» («Վիսագինասի կյանք») հանրային խմբում, որը կոչվում է Լիտվայի համանուն քաղաքի անունով։ Նույն օրը՝ 22:00-ին, պնդումը ռուսերեն հրապարակվեց Արշակ Շիրինյան անունով հայ օգտատիրոջ հաշվում, որը հաջորդ օրը կրկին գրառում արեց նույն թեմայով։
Մոտ 90 րոպե անց ANNA NEWS (@anna_news) տելեգրամյան ալիքը նույն պատմությունը հրապարակեց ռուսերեն՝ նախորդ հրապարակումների համեմատ ավելի մանրամասն ներկայացնելով այն։ @anna_news-ը ռուսական կրեմլամետ լրատվամիջոց է, որն ունի կեղծ բովանդակություն հրապարակելու փաստագրված պատմություն և նախկինում ապատեղեկատվությամբ թիրախավորել է Հայաստանը։
DFRLab-ն ավելի վաղ ուսումնասիրել էր 2025-ին ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին տարածված կեղծ լուրը, որը տարածվել էր նույն՝ բովանդակությունը պատճենելու և տարբեր հարթակներում վերահրապարակելու եղանակով։ Այս դեպքում @anna_news-ը կեղծ լուրի սկզբնաղբյուրը չէր, այլ դրա վաղ տարածողներից մեկը։ Նրա հրապարակումը պնդումը հասցրեց ավելի լայն լսարանի, իսկ ընդամենը չորս րոպե անց այն հայտնվեց Pravda ցանցի մի քանի հայելային կայքերում։ Հատկանշական է նաև, որ հուլիսի 23-ին Բելառուսի պետական Belarus Today հեռուստաալիքի քաղաքական թոք-շոուի ժամանակ կառավարամետ հեռուստահաղորդավար Գրիգորի Ազարյոնոկը նույնպես հղում արեց Politico-ի իբր հրապարակած նյութին։
Ի դեպ, այս արշավի ընթացքում հրապարակված բազմաթիվ գրառումներում օգտագործվել է մի պատկեր (այստեղ, այստեղ, այստեղ), որը համացանցում առկա էր (այստեղ և այստեղ) առնվազն մեկ տարի առաջ։ Սա ցույց է տալիս, որ թեման նոր չէ և պարբերաբար շրջանառվում է, իսկ այս արշավի ընթացքում օգտագործվել է արդեն գոյություն ունեցող բովանդակություն։

Ժամանակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կեղծ պնդումը տարածվել առաջին իսկ գիշերը՝ 2026-ի հուլիսի 22-ին։ Ժամերը նշված են Երևանի ժամանակով։ (Աղբյուրներ՝ Meltwater, Meta Content Library, Osavul, Claude՝ վիզուալիզացիայի համար)
Համակարգված տարածումը Telegram-ում
Այս արշավի տարածման գործում ամենամեծ դերն ունեցել է Յուրի Պոդոլյական (@yurasumy)՝ Ուկրաինայում ծնված կրեմլամետ ռազմական բլոգեր, որի ալիքը բաժանորդների թվով ռուսալեզու տելեգրամյան տարածքում ամենամեծերից է։ Մեր բազայում Պոդոլյակայի հետ կապվող բովանդակությունը՝ նրա սեփական գրառումները, նրան որպես աղբյուր նշող հրապարակումները և նրա գրառումների վերահրապարակումները, ընդհանուր 73 գրառում են՝ 64 տարբեր ալիքներում։ Համեմատության համար՝ ռուսալեզու մյուս կարևոր նախնական տարածողը՝ @anna_news-ը, կապված է ութ գրառման հետ։ Արշավի երկրորդ փուլում Պոդոլյակայի ազդեցությունն ավելի մեծ էր․ այդ փուլը գրեթե ամբողջությամբ կառուցված էր նրա մեկ գրառման շուրջ։
Երբ հուլիսի 23-ին Պոդոլյական Politico-ի իբր հրապարակած նյութի մասին գրառում արեց, երկու այլ ալիք՝ @channelredline-ը և @llordofwar-ը, 10 վայրկյանից էլ պակաս ժամանակում նույն տեքստը հրապարակել են անգլերեն։ Հրապարակման գրեթե նույն ժամանակն ու նույնական ձևակերպումները ցույց են տալիս, որ գրառումները հավանաբար, ոչ թե ինքնուրույն են գրվել, այլ փոխանցվել են մի ալիքից մյուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բովանդակությունը համակարգված տարածվել է փոխկապակցված ալիքների միջոցով։ Անգլերեն տարբերակը հայտնվել է ընդամենը վայրկյանների ընթացքում՝ չափազանց արագ, որպեսզի մարդը հասցներ կարդալ և թարգմանել տեքստը։ Սա հուշում է, որ հնարավոր է՝ գործում է ավտոմատացված համակարգ, որը հետևում է Պոդոլյակայի ալիքին, թարգմանում և վերահրապարակում նրա գրառումները, այլ ոչ թե խմբագիրներն են ինքնուրույն որոշում՝ որ նյութը տարածել։ Միևնույն ժամանակ, պարզել ենք, որ @channelredline և @llordofwar ալիքները թեև նույնական բովանդակություն են հրապարակում, բայց Պոդոլյակայի բոլոր գրառումները չեն վերահրապարակում։ Փոխարենը նրանք ընտրողաբար տարածում են այլ ալիքների բովանդակությունը՝ առանց նշելու սկզբնաղբյուր ալիքը։

Պոդոլյակայի գրառումը (ձախից) և դրա անգլերեն տարբերակները @channelredline և @llordofwar ալիքներում, որոնք հրապարակվել են յոթ և ութ վայրկյան անց։ Ժամերը՝ էջերի HTML կոդից։ (Աղբյուր՝ @yurasumy/արխիվ՝ ձախից, @channelredline / արխիվ՝ մեջտեղում, և @llordofwar / արխիվ՝ աջից)
Պարզելու համար՝ սա մեկանգամյա դեպք էր, թե ոչ, վերլուծել ենք երեք ալիքների համակարգված գործունեությունը՝ ուսումնասիրելով 2026-ի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 19-ը հրապարակված 18 195 գրառում։ Արդյունքները վկայում են, որ @channelredline-ը և @llordofwar-ը գործում են որպես մեկ համակարգ․ մեկ ամսվա ընթացքում նրանք 11 348 անգամ հրապարակել են նույն բովանդակությունը, ընդ որում՝ հրապարակումների միջև ժամանակային տարբերության միջնարժեքը եղել է ընդամենը մեկ վայրկյան։
Երկու ալիքներն էլ պարբերաբար վերահրապարակում են Պոդոլյակայից գրառումներ, սակայն նա նրանց հիմնական աղբյուրը չէ։ Մեկ ամսվա ընթացքում երկու ալիքներից յուրաքանչյուրը Պոդոլյակայի ալիքի մոտ հարյուր գրառում է վերահրապարակել՝ նրա հրապարակումից միջինը ութ և ինը վայրկյան անց։ Հերթականությունը բոլոր դեպքերում գրեթե նույնն է եղել․ երբ Պոդոլյական ներգրավված է եղել նույն բովանդակության տարածմանը, դեպքերի 96%-ում առաջինը հենց նա է հրապարակել այն։ Ուսումնասիրված ժամանակահատվածում նրա գրառումների մոտ 40%-ն այս ձևով վերահրապարակվել է մյուս ալիքներում։ Հետևաբար, հուլիսի 23-ին նրա գրառումից ընդամենը յոթ վայրկյան անց նույն բովանդակության վերահրապարակումը բացառիկ դեպք չէր։
Մենք հետևել ենք նաև Պոդոլյակայի բովանդակության՝ առանց սկզբնաղբյուրը նշելու վերահրապարակումներին՝ համեմատելով 138 գրառումներին կցված պատկերների ֆայլերը։ Erebus Toolkit-ի միջոցով ներբեռնել ենք մեր բազայում ներառված Telegram-ի 174 հրապարակային գրառումների պատկերները և ֆայլերը համեմատել բայթ առ բայթ։ Փաշինյանի՝ լոլիկներով լուսանկարի յոթ ֆայլերից յուրաքանչյուրը հրապարակվել է երկու կամ ավելի ալիքներում՝ ընդհանուր 63 գրառումում։ Նույն hash-ով (ֆայլի թվային նույնացուցիչով) գրառումներում օգտագործվել է ճիշտ նույն թվային ֆայլը, իսկ էկրանապատկերները կամ վերակոդավորված պատճենները տարբեր թվային նույնացուցիչներ են ունենում։ Ֆայլերի այս խմբերն օգնում են պարզել տարածման հավանական ուղիները, թեև միայն նույնթվային նույնացուցիչը չի ապացուցում, որ մի ալիքը պատկերը վերցրել է անմիջապես մյուսից։
Հուլիսի 23-ին՝ 08:53-ին Պոդոլյակայի հրապարակած պատկերը (@yurasumy, 58 899 բայթ) ընդհանուր առմամբ հայտնվել է 36 գրառման մեջ։ Առաջին չորսը հրապարակվել են 11 վայրկյանի ընթացքում․ նախ՝ Պոդոլյակայի քննարկումների @yurasumyChat ալիքում, ապա՝ @channelredline և @llordofwar ալիքներում՝ անգլերեն թարգմանությամբ, այնուհետև՝ @lordofwarchat-ում։ Մեկ ժամվա ընթացքում նույնական ֆայլը հայտնվել է նաև իտալալեզու @giuseppemasala և @italianiasanpietroburgoedintorni, ինչպես նաև անգլալեզու @clicktheworld, @Slavyangrad և @canalartedaguerra ալիքներում։
Մյուս վեց ֆայլերը ցույց են տալիս տարածման առանձին, ավելի փոքր ուղիներ։ 60 329 բայթանոց տարբերակը տարածվել է ութ ալիքներում՝ սկսած ռուսալեզու @TertiaRoma-ից, ապա անցնելով սերբալեզու @istocni_front, իսպանալեզու @ElResumen, @ryadovoy95, չեխալեզու @cz24news և @aliancenarodnichsil ալիքներին։ 58 884 բայթանոց տարբերակը տարածվել է Infodefense ցանցով՝ կորեալեզու @russiaschool2-ից հասնելով Infodefense-ի բուլղարական և չեխական՝ @InfodefBULGARIA և @InfodefenseCZE ալիքներին, ապա՝ սլովակյան @kanalklubunekonvencnemysliacich ալիքին։ Ֆայլերից մեկի տարածման ուղին անմիջապես տանում է դեպի եռալեզու խումբ․ հուլիսի 25-ին @AnaDeInfo և @afriqueactual ալիքները ութ վայրկյան տարբերությամբ հրապարակել են նույն՝ 79 772 բայթանոց ֆայլը։

Լոլիկի լուսանկարի՝ բայթ առ բայթ նույնական ֆայլերի երեք խմբի օրինակ։ Նույն ֆայլը Պոդոլյակայի ալիքից տարածվել է ռուսերեն, անգլերեն և իտալերեն գրառումներում՝ ընդհանուր առմամբ 36 հրապարակմամբ, իսկ պատկերի երկու այլ տարբերակներ տարածման առանձին շղթաներով հասել են սերբական, իսպանական, կորեական, բուլղարական և չեխական ալիքներ։ (Աղբյուր՝ Erebus Toolkit)
Հայտնաբերել ենք նաև երեք կրեմլամետ տելեգրամյան ալիք, որոնք գործում են որպես ավտոմատացված բազմալեզու խումբ․ դրանք նույն բովանդակությունը գրեթե միաժամանակ հրապարակում են երեք լեզվով՝ գերմաներեն (@AnaDeInfo), ռուսերեն (@csrc_agency1) և ֆրանսերեն (@afriqueactual)։ Տարբեր լեզուներով նույն բովանդակության գրեթե միաժամանակ հայտնվելը վկայում է համակարգված և ավտոմատացված տարածման մասին, ոչ թե տարբեր խմբագրությունների՝ իրարից անկախ աշխատանքի։ 2026-ի հուլիսի 1-ից սեպտեմբերի 16-ը մենք արձանագրել ենք 413 դեպք, երբ ռուսերեն գրառումից հետո ընդամենը 30 վայրկյանի ընթացքում նույն բովանդակությունը հրապարակվել է նախ գերմաներեն, ապա՝ ֆրանսերեն։ Այս ալիքները ներկայանում են որպես տեղական լրատվական աղբյուրներ և տարածում Կրեմլի նարատիվներին համահունչ բովանդակություն՝ տպավորություն ստեղծելով, թե նույն թեման լայնորեն և իրարից անկախ լուսաբանվում է տարբեր երկրներում։
Երեք ալիք գրեթե միաժամանակ երեք լեզվով հրապարակել են նույն կեղծ պնդումը (այստեղ, այստեղ և այստեղ), իսկ ռուսալեզու Telegram ալիքում առաջին գրառումը @anna_news-ի՝ ավելի վաղ հրապարակած տեքստի ուղղակի պատճենն էր։ Սակայն այս խումբը չի կրկնօրինակում @anna_news-ի բովանդակությունը․ թեև հուլիսին բոլոր չորս ալիքները տարածել են նույն կեղծ պնդումը, օգոստոսի 19-ից սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նրանց միջև համակարգվածության այլ դեպքեր չենք հայտնաբերել։

Հայտնաբերել ենք նաև չորս տելեգրամյան ալիք, որոնք գրեթե միաժամանակ նույն բովանդակությունն են հրապարակում և վերահրապարակում են հայաստանյան ռուսամետ Past.am լրատվամիջոցի նյութերը։ Հուլիսի 30-ին բոլոր չորս ալիքները նույնական գրառումներով տարածել են Past.am-ի՝ «Եվրոպան իր լոլիկներով խաբել է Հայաստանին» հոդվածը։
Հավաքել ենք նաև 2026-ի հուլիսի 1-ից սեպտեմբերի 16-ը չորս ալիքներում հրապարակված ավելի քան 7000 գրառում։ Հայտնաբերել ենք 44 դեպք, երբ բոլոր չորս ալիքները վայրկյանների տարբերությամբ հրապարակել են նույնական գրառումներ։ Դրանք կազմում են @armcheck-ի, @infozoneam-ի և @oratertt-ի ամբողջ բովանդակության 7-8%-ը, իսկ @regiontoday-ի հրապարակումների՝ 1%-ից պակաս մասը։ Բոլոր դեպքերում պահպանվել է նույն հերթականությունը․ առաջինը հրապարակել է @regiontoday-ը, ապա՝ @armcheck-ը, @infozoneam-ը և @oratertt-ը։ 44 գրառումներից 40-ը հղում են ունեցել դեպի Past.am։
@regiontoday-ը պարբերաբար վերահրապարակել է Past.am-ի նյութերը․ ուսումնասիրված ժամանակահատվածում այն 174 անգամ հղում է հրապարակել այդ կայքից։ Ի տարբերություն դրա՝ @armcheck-ը, @oratertt-ը և @infozoneam-ը Past.am-ի նյութերը տարածել են միայն այն դեպքերում, երբ նույն նյութը հրապարակել է նաև @regiontoday-ը՝ միշտ վայրկյանների տարբերությամբ և նույն հերթականությամբ։ Այս երեք ալիքներից ոչ մեկը ինքնուրույն չի հրապարակել Past.am-ի որևէ նյութ, որը մինչ այդ չէր տարածել @regiontoday-ը։
Այս օրինաչափությունը թույլ է տալիս ենթադրել, որ երեք ալիքներն ինքնուրույն չեն հետևել Past.am-ին։ Հնարավոր է՝ @regiontoday-ը եղել է հիմնական հաշիվը, որից բովանդակությունը տարածվել է մյուսներում, կամ բոլոր չորս ալիքներն օգտագործել են հրապարակումների ընդհանուր համակարգ։ Հրապարակումների մշտապես նույն ժամանակային հաջորդականությունն ու հերթականությունը վկայում են կենտրոնացված կամ ավտոմատացված տարածման հնարավորության մասին։

Facebook-ում տարածումը
Ֆեյսբուքում Politico-ին վերագրված կեղծ պատմությունը տարածվել է անգլերեն, ռուսերեն, չեխերեն, արաբերեն, գերմաներեն, ռումիներեն, ֆիններեն, իտալերեն և վիետնամերեն։
Հայտնաբերել ենք Ֆեյսբուքի 51 հանրային հասանելի գրառում, որոնք տարածել են հայկական լոլիկը ԵՄ-ի կողմից մերժվելու մասին կեղծ պնդումը։ Նույն կեղծ պնդումը տարածելու համար օգտագործվել է բովանդակության և պատկերների առնվազն հինգ կրկնվող համադրություն։
Ֆեյսբուքում մեր հայտնաբերած ամենավաղ գրառումը հրապարակվել է հուլիսի 22-ին՝ ժամը 21:42-ին, «ВИСАГИНСКАЯ ЖИЗНЬ» («Վիսագինասի կյանք») հանրային խմբում։ Գրառման մեջ կրկին օգտագործվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի լուսանկարը, որի վրա ռուսերեն գրված է «ԵՄ-ն հրաժարվեց հայկական լոլիկից»։ Նույն օրը՝ 22:00-ին, պնդումը ռուսերեն հրապարակվել է Արշակ Շիրինյան անունով հայ օգտատիրոջ հաշվում, որը հաջորդ օրը կրկին գրառում է արել նույն թեմայով։ Հատկանշական է, որ հաշիվը ներկայանում է Արշակ Շիրինյան անունով, սակայն Ֆեյսբուքի հաշվի հասցեում այլ անուն է նշված՝ Edmond։ Սա կարող է վկայել, որ հաշիվը կեղծ է։ Որպես պրոֆիլի նկար օգտագործվում է 1920-ին մահապատժի ենթարկված հայ քաղաքական գործիչ Արշակ Շիրինյանի լուսանկարը։
Հուլիսի 22-ին նույն պնդումն ու պատկերը հայտնվել են նաև Ֆեյսբուքի այլ հաշիվներում, հիմնականում՝ ռուսերեն։ Գրառումները հրապարակվել են մի քանի ժամվա ընթացքում, ոչ թե միաժամանակ, ուստի միայն ժամանակը համակարգված հրապարակման հստակ ապացույց չէ։ Ավելի խոսուն է բովանդակության և հաշիվների վարքագծի նմանությունը․ միմյանց հետ առերևույթ կապ չունեցող հաշիվները հրապարակել են նույն կամ գրեթե նույն տեքստը՝ նույն պատկերով, մեծամասամբ որպես սեփական գրառում՝ առանց սկզբնաղբյուր նշելու կամ որևէ մեկի գրառումը վերահրապարակելու։ Այս խմբի հաշիվներն ակտիվորեն տարածել են նաև այլ քաղաքական բովանդակություն՝ հիմնականում ԵՄ-ի և Արևմուտքի դեմ ուղղված մեմեր ու պատկերներ։
Այս խմբի հաշիվներից մեկը՝ «Верховный Главнокомандующий»-ն («Գերագույն գլխավոր հրամանատար»), որը լոլիկի մասին կեղծ լուրը հրապարակել է ռուսերեն, կասկածելի մի քանի հատկանիշ ունի։ Հաշվի անունը սովորական օգտատիրոջ անվան նման չէ, հասցեում նշված է cebu.raska.395763, անձնական լուսանկարներ չկան, իսկ «Մասին» (About) բաժնում նշված է, որ օգտատերն ապրում է Մոսկվայում և աշխատում Կրեմլում։ Միաժամանակ հաշիվը ռուսերեն և վրացերեն քաղաքական բովանդակություն է հրապարակում։ Այս հատկանիշների համադրությունը բնորոշ է անանուն քաղաքական տրոլ հաշվին։
Մեկ այլ, ըստ երևույթին, կեղծ հաշիվ՝ «Милая Людям»-ը («Մարդկանց սիրելի»), որը ևս անսովոր է անձնական հաշվի համար, հրապարակել է ֆոն դեր Լայենի՝ լոլիկներով կեղծ պատկերը՝ ռուսերեն նույն կեղծ պնդման փոքր-ինչ փոփոխված տարբերակով։ Որպես պրոֆիլի նկար օգտագործվում է ամերիկացի դերասանուհի Ալեքսիս Բլեդելի լուսանկարը, իսկ շապիկին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Սևաստոպոլն է։ Այս պատկերը հանդիպում է նաև ռուսական ֆորումներում՝ այլ օգտատիրոջ անունով։
Այս հաշիվների շարքում է նաև «В.В.ПУТИН и МИРОВЫЕ НОВОСТИ» («Վ. Վ. Պուտին և համաշխարհային նորություններ») հանրային խումբը, որի ադմինիստրատորը լոլիկի մասին կեղծ լուրը հրապարակել է որպես սեփական գրառում։ Տեքստում առկա է նաև Շիրինյանի առաջին գրառման նույն արտահայտությունը՝ «Гастроблогера выкинули и забыли- будет теперь тикток снимать» («Գաստրոբլոգերին դուրս շպրտեցին ու մոռացան․ հիմա TikTok կնկարի»)։ Սա չի հաստատում երկու հաշիվների ուղղակի համակարգվածությունը, բայց թույլ է տալիս ենթադրել, որ բովանդակությունը կարող է վերցված լինել Շիրինյանի գրառումից։ Խումբը կառավարվում է Մոսկվայից և բացահայտորեն տարածում է կրեմլամետ բովանդակություն։ Խմբի ադմինիստրատորներից առնվազն մեկի՝ «Нина Денисова» («Նինա Դենիսովա») հաշիվը կեղծ է․ որպես պրոֆիլի նկար օգտագործված լուսանկարը համացանցում հանդիպում է նաև այլ օգտատերերի հաշիվներում։

Լոլիկի մասին կեղծ պատմության տարածումը Ֆեյսբուքում։ Առերևույթ կեղծ և իսկական հաշիվները հրապարակել են գրեթե նույն ձևակերպումները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նույն փոփոխված պատկերով։ (Աղբյուր՝ ձախից աջ, վերևից ներքև՝ ВИСАГИНСКАЯ ЖИЗНЬ/արխիվ, Julia Saaristo/արխիվ, Верховный Главнокомандующий/արխիվ, Милая Людям/արխիվ)
Ֆեյսբուքում երկրորդ, ավելի մեծ խումբը նույն կեղծ պնդումը տարածել է մեկ այլ կեղծ պատկերով, որում Նիկոլ Փաշինյանը պատկերված է շուկայում՝ լոլիկի մեծ կույտի առջև նստած։ Այս տարբերակում տարածվել է Յուրի Պոդոլյակայի տելեգրամյան ալիքի տեքստը, որը կրկնում էր հիմնական թեզը, թե ԵՄ-ն լքել է Հայաստանը և հրաժարվել հայկական լոլիկից։
Որոշ դեպքերում օգտատերերը որպես աղբյուր նշել են Յուրի Պոդոլյակային կամ Slavyangrad-ին, իսկ այլ հաշիվներ նույն կամ գրեթե նույն տեքստն ու պատկերները հրապարակել են որպես սեփական բովանդակություն՝ առանց սկզբնաղբյուրը նշելու։
Փաշինյանի կեղծ պատկերով այս տարբերակը տարածվել է նաև ռումիներեն։ Այն փոքր-ինչ փոփոխված տեքստով տարածած հաշիվներից մեկը «Moldova Îs Nu Rumîn» («Մոլդովացիները ռումինացիներ չեն») հաշիվն է, որը գործում է էջի պես, բայց գրանցված է որպես սովորական օգտատիրոջ հաշիվ։ Գրառման մեջ նաև Փաշինյանին ուղղված հակահրեական վիրավորական արտահայտություն է օգտագործվել․ Եվրոպան անվանվել է «եվրոսինագոգ»՝ ակնարկելով, որ Փաշինյանի՝ Եվրոպային դիմելը վատ ավարտ կունենա, ինչպես նախկինում։ Թեև հաշիվն ունի 1 700 ընկեր, նրա գրառումները քիչ արձագանք են ստանում՝ յուրաքանչյուրը 5-ից 20 հավանում։ Հաշվի ընկերների թվի և գրառումների արձագանքի այս տարբերությունը կարող է վկայել, որ ընկերների ցանկում եղած հաշիվներից շատերը նույնպես կեղծ են։ Սակայն ընկերների ցանկը փակ է, ուստի դա ստուգել չենք կարողացել։
Ռումիներենով Փաշինյանի կեղծ լուսանկարով պնդումը BRICS+ ֆեյսբուքյան խմբում տարածել է դրա ադմինիստրատոր Վասիլե Իֆթիմեն, որը Ռումինիայում ռուսամետ գործունեության փաստագրված պատմություն ունի։ Իֆթիմեն ռումինական Յաշի քաղաքում «Էթերնիտատեա» գերեզմանատանը ամեն տարի կազմակերպում է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդային «ազատագրողներին» նվիրված հիշատակի արարողություն, որին երեք տարի անընդմեջ մասնակցել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը։ Խումբը հաճախ գովազդում է Ռումինիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցառումները, իսկ ադմինիստրատորներից մեկը Ռուսաստանից կառավարվող «Casa Româno-Rusă Iasi» («Յաշիի ռումինա-ռուսական տուն») էջն է։
Նույն օրինաչափությունը կրկնվել է բոլոր խմբերում և լեզուներում. հաշիվները նույն կամ գրեթե նույնական տեքստերն ու պատկերները հրապարակել են որպես սեփական բովանդակություն։ Սակայն գրառումները միաժամանակ չեն հայտնվել, ինչը թույլ չի տալիս միայն հրապարակման ժամանակի հիման վրա խոսել համակարգված տարածման մասին։ Ուղիղ վերահրապարակումները (share) երևում են միայն մի քանի դեպքում։
Վերը նշված կեղծ և կասկածելի հաշիվներից բացի, Politico-ին վերագրված կեղծ պատմությունը տարածել են նաև առերևույթ իրական օգտատերեր։ Դրանք ակտիվ են և պարբերաբար անգլերեն, ռումիներեն, չեխերեն, ռուսերեն ու այլ լեզուներով հրապարակում են ԵՄ-ի և Ուկրաինայի դեմ, ինչպես նաև ռուսամետ բովանդակություն։ Տարբեր լեզուներով նույն պատկերների և ձևակերպումների կրկնությունը հուշում է, որ հաշիվներն օգտագործել են արդեն շրջանառվող նույն նյութերը, ոչ թե ստեղծել դրանք իրարից անկախ։ Սակայն, բացի նույն բովանդակության տարածումից և քաղաքական ուղղվածության նմանությունից, նրանց միջև ուղիղ համակարգվածության հստակ ապացույցներ չենք հայտնաբերել։
X-ում տարածումը
X-ում հայտնաբերել ենք Politico-ին վերագրված կեղծ պնդումը տարածող 493 գրառում՝ 25 «սեփական» գրառում, 465 վերահրապարակում և մեջբերում, ինչպես նաև երեք պատասխան։ Տարածումը կենտրոնացած էր փոքր թվով հաշիվների շուրջ։ 62 հաշիվ մեկից ավելի անգամ է հրապարակել պնդումը․ դրանցից 53-ը՝ երկու, ինը՝ երեք անգամ։
Գրառումների ճնշող մեծամասնությունը երկու լեզվով է՝ անգլերեն՝ 255 գրառում (52%), և ռուսերեն՝ 228 (46%)։ Ավելի փոքր թվով գրառումներ կան նաև սերբերեն, ճապոներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն և իսպաներեն։
Ռուսերեն ամենաշատ վերահրապարակված սկզբնական գրառումը ВЛАДИМИР, КРАСНОЯРСК! ЕНИСЕЙ! (@o45swnqkq8yk9nw) հաշվինն էր՝ 163 վերահրապարակում։ Անգլերենով ամենաշատը վերահրապարակվել են Roberto (@UniqueMongolia) հաշվի գրառումը՝ 150 անգամ, և Yuri Podolyaka (@yuripodolyaka) հաշվինը՝ 90 անգամ։ Երեք գրառումներում էլ պնդումը նույնն է, թեև լեզուն և ներկայացման ձևը տարբերվում են։ Բովանդակության նման վերափաթեթավորում, ինչպես արդեն նշեցինք, երևում է նաև այլ հարթակներում։
@o45swnqkq8yk9nw-ի գրառումն ավարտվում է «dmisha» անունով, որը համընկնում է նույն պնդումը տարածած տելեգրամյան ալիքի անվան հետ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ X-ի հաշիվը գրառումը վերցրել է Telegram-ից և հրապարակել որպես սեփական բովանդակություն։ Այն օգտագործել է նաև Փաշինյանի՝ լոլիկներով նույն փոփոխված լուսանկարը։
X-ի հայտնաբերված հաշիվներից 74-ը նախկինում էլ վերահրապարակել կամ մեջբերել են Հայաստանը և Բալթյան երկրները թիրախավորած արշավների բովանդակություն, որոնք մենք վերագրել ենք Storm-1516-ին։ Այս 74 հաշիվներից 18-ը Politico-ին վերագրված կեղծ պնդումը տարածել են մեկից ավելի անգամ։ Ընդհանուր առմամբ, Storm-1516-ի բովանդակությունը նախկինում տարածած 74 հաշիվները թեմայով կատարել են 94 հրապարակում։ Դրանցից միայն մեկը՝ @fortuna_kz-ը, կեղծ պնդումը ռուսերեն հրապարակել է որպես սեփական գրառում։
Մնացած 73 հաշիվներից 69-ը վերահրապարակել կամ մեջբերել են երեք հիմնական աղբյուրների գրառումները, իսկ մյուս չորսը՝ ավելի փոքր, երկրորդային հաշիվների գրառումները։ @UniqueMongolia-ի (Roberto) գրառումը վերահրապարակել է 34 հաշիվ, @YuriPodolyaka-ինը՝ 28-ը, իսկ @o45swnqkq8yk9nw-ինը (ВЛАДИМИР, КРАСНОЯРСК! ЕНИСЕЙ!)՝ 21-ը։ Քանի որ որոշ հաշիվներ կեղծ պնդումը տարածել են մեկից ավելի անգամ, այս թվերի գումարը գերազանցում է հաշիվների թիվը։
Politico-ին վերագրված կեղծ լուրը տարածած X հաշիվների ցանցային քարտեզը։ Քարտեզում ներառված չեն պատասխանները և այն սկզբնական գրառումները, որոնք չեն վերահրապարակվել։ (Աղբյուր՝ Meltwater, Python & Netlify)
Կեղծ պնդումը մեկից ավելի անգամ տարածած հաշիվներից է @s_total_s2-ը, որը նախկինում ևս տարածել է Storm-1516-ի արշավների բովանդակությունը։ Այն նախ վերահրապարակել է Պոդոլյակայի անգլերեն գրառումը, ապա՝ նույն գրառման հունարեն թարգմանությունը։ Հաշիվը հաճախ հրապարակումներ է անում Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին, իսկ որպես պրոֆիլի նկար օգտագործում է սիրիացի զինվորական Իսամ Զահրեդդինի լուսանկարը։ Այն ստեղծվել է 2015-ին և այդ ժամանակից ի վեր X-ում կատարել է 2 միլիոն հրապարակում։ Նման թվի հասնելու համար հաշիվը 11 տարի շարունակ պետք է միջինը յուրաքանչյուր երեք րոպեն մեկ գրառում կատարեր։ Նման ակտիվությունը բնորոշ չէ սովորական օգտատիրոջը և հնարավոր է ավտոմատացված հաշվի կամ բոտի դեպքում։
Այսպիսով, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ լոլիկի մասին կեղծ լուրն ինքնաբուխ տարածված սովորական լուր չէր։ Կրեմլամետ դերակատարները տարբեր հարթակներում և լեզուներով համակարգված արշավ են իրականացրել՝ նպատակ ունենալով բացասաբար ազդել Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վրա։
Politico-ին վերագրված կեղծ պնդումը սկզբում տարածվել է ռուսալեզու Telegram ալիքում, ապա 29 ժամվա ընթացքում հայտնվել 18 լեզվով։ Գրառումների կեսից ավելին հրապարակվել է մեկ օրվա ընթացքում, իսկ գրեթե երկու երրորդը բառացի պատճեններ էին։
Սակայն ամենակարևոր և երկարաժամկետ նշանակություն ունեցող բացահայտումն այն է, որ այս ենթակառուցվածքի մեծ մասը գոյություն ուներ դեռ մինչև այս պատմությունը։ Հայելային կայքերը, ավտոմատ թարգմանող և վերահրապարակող տելեգրամյան ալիքները, ինչպես նաև մշտապես նույն հերթականությամբ հրապարակող խմբերը գործել են մինչև արշավի մեկնարկը և շարունակել են գործել դրա ավարտից հետո։ Լոլիկի մասին պնդումն այդ շաբաթ այս արդեն գործող համակարգով տարածված հերթական բովանդակությունն էր։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











