Գլխավոր Լրահոս

Քիշնևից՝ Երևան․ ինչպես «Եվրազիա»-ն Հայաստան տեղափոխեց Մոլդովայում կիրառված իր մեխանիզմները

Քիշնևից՝ Երևան․ ինչպես «Եվրազիա»-ն Հայաստան տեղափոխեց Մոլդովայում կիրառված իր մեխանիզմները

Անի Գրիգորյան, Վիկտորիա Օլարի, Սոփո Գելավա, Գիվի Գիգիթաշվիլի և Սալոմե Ցեցխլաձե

Մինչ Հայաստանը պատրաստվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, երկրում շարունակում է ազատ գործել ռուսական «Եվրազիա» կազմակերպությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Միացյալ Թագավորության պատժամիջոցների տակ և ունի ընտրական գործընթացներին միջամտելու պատմություն։

Մարդասիրական ծրագրերի և կրթական նախաձեռնությունների քողի տակ գործող «Եվրազիա»-ն արտերկրում հանդես է գալիս որպես Կրեմլի ազդեցության գործիք։ 

Կազմակերպությունը իրականացնում է մեդիա դպրոցներ, ճամբարներ, ֆորումներ և սոցիալական աջակցության ծրագրեր, սակայն տարբեր երկրներում դրա գործունեությունը կապվել է ընտրական գործընթացների վրա ազդեցության, գաղտնի դրամահավաքների և ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված ապակայունացնող գործողությունների հետ։

ՍիվիլՆեթի և DFRLab-ի այս համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես է «Եվրազիա»-ն խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում կրկնօրինակում Մոլդովայում կիրառած ընտրական միջամտության մոդելը։

Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ համագործակցությամբ «Եվրազիա»-ն գործարկել է առցանց միջնորդագրերի հարթակ՝ հայերին կրոնական հարցի շուրջ համախմբելու նպատակով՝ միջնորդագրում ներառելով նաև քաղաքական և ընտրական պահանջներ։ Հարթակի հայտարարած ստորագրողների թվի իսկությունը հնարավոր չի եղել անկախորեն հաստատել։

«Եվրազիա»-ն իր հարթակի միջոցով նաև կազմակերպում է հավաքներ Հայաստանի և արտերկրի հայկական եկեղեցիների մոտ։ Բացի այդ, կազմակերպության ներկայացուցիչները բացահայտ առաջարկել են վճարել Ռուսաստանում բնակվող հայերի ավիատոմսերը՝ նրանց Հայաստան տեղափոխելու և ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար՝ կրկնելով այն մարտավարությունը, որը կիրառել էր Մոլդովայում 2024-ի ընտրություններից առաջ։

2024-ի սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) «Եվրազիա»-ն ներառել է Հատուկ նշանակված անձանց (SDN) ցուցակում՝ հղում անելով կազմակերպության մասնակցությանը «Ռուսաստանի գաղտնի գլոբալ ազդեցության գործողություններին»։

2024-ի հոկտեմբերին ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել «Եվրազիա»-ի նկատմամբ՝ Մոլդովայի ապակայունացմանն ուղղված գործողությունների համար։ 2025-ի ապրիլին նույն քայլը ձեռնարկել է նաև Միացյալ Թագավորությունը՝ պատժամիջոցների տակ գտնվող մոլդովացի օլիգարխ Իլան Շորի անունից գործելու համար։

ՀԿ՝ անվամբ, ազդեցության գործիք՝ էությամբ

«Եվրազիա»-ն մշակութային, կրթական և մասնագիտական ծրագրեր է իրականացում այն երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր «մերձավոր արտասահմանը»։ Դրանք ներառում են երիտասարդական ծրագրեր, ուսուցիչների վերապատրաստում, լրագրողական դրամաշնորհներ, գործարար առաքելություններ և մշակութային նախագծեր՝ ծառայելով որպես ռուսական փափուկ ուժի գործիքներ։ 

Կազմակերպությունը բացահայտ ներկայացնում է իրեն որպես արևմտյան նախաձեռնություններին հակակշիռ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին և Բաց հասարակության հիմնադրամներին։ 2026-ի ապրիլին Մոսկվայում անցկացված «Եվրազիա՝ ավանդական արժեքների տարածք» համաժողովում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ կազմակերպությունն իր գործունեության երկու տարիների ընթացքում քառասուն երկրում մոբիլիզացրել է 120,000 մասնակից։ 

Հայաստանում «Եվրազիա»-ն իր մասնաճյուղը բացել է 2024-ի հունիսին։ Այն աջակցում է Երևանում գործող ռուսալեզու տասնմեկ կենտրոնների և առաջարկում է դասընթացներ ռոբոտատեխնիկայի, անիմացիայի և ֆինանսական գրագիտության ուղղություններով։ Կազմակերպությունը գործարկել է նաև մեդիա դպրոց, որի դասախոսների թվում են ռուսական պետական քարոզչամեքենայի հետ կապվող դեմքեր։ Այն կազմակերպում է նաև մշակութային ուղևորություններ և այդ ծրագրերի շրջանակում երիտասարդների է ուղարկում Ղրիմում գտնվող «Արտեկ» ճամբար։ Նախաձեռնությունները ներառում են ռուսական պատմության թեմայով մրցույթներ և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ներկայացումներ, որոնք համահունչ են Կրեմլի նարատիվներին։

Մոլդովայում անվտանգության ծառայությունները նման ծրագրերը դիտարկել են որպես «Եվրազիա»-ի ազդեցության ենթակառուցվածք, որի միջոցով կազմակերպությունը ձևավորել է ընտրողների մոբիլիզացիայի, ազդեցության և ապատեղեկատվության ցանցեր։

Ինչպես է «Եվրազիա»-ն օգնության միջոցով քաղաքական ազդեցություն կառուցում

Մարդասիրական օգնությունը եղել է «Եվրազիա»-ի ամենահետևողական գործիքներից մեկը՝ ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում։ 

Մոլդովայում «Եվրազիա»-ն Գագաուզիա է մատակարարել վառելիք, պարարտանյութ և հացահատիկ՝ այնպիսի ծավալներով, որոնք կոռուպցիոն կասկածների տեղիք են տվել։ Կազմակերպությունը նաև կանխիկ վճարումներ է իրականացրել շուրջ 30 հազար թոշակառուի, ինչպես նաև առաջարկել հոգալ երկաթուղային աշխատողների աշխատավարձերը։

Մոլդովայի իշխանությունները եզրակացրել են, որ այդ վճարումները մարդասիրական օգնություն չեն, այլ ձայների գնման սխեմա՝ 2024-ի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների և ԵՄ անդամակցության հանրաքվեի վրա ազդելու նպատակով։ 

Սա արձանագրել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, որը հայտարարել է, որ միջոցները նախատեսված են եղել կրեմլամետ թեկնածուների օգտին ձայների գնման արշավի համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ այն նկարագրել է որպես քաղաքացիներին կաշառելու փորձ՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեում «ոչ» քվե ապահովելու նպատակով։

Ի պատասխան՝ մոլդովական իշխանությունները արգելափակել են «Եվրազիա»-ի հետ կապված ֆինանսական հոսքերը և կազմակերպությունը ճանաչել ազգային անվտանգության սպառնալիք։

«Եվրազիա»-ն Հայաստանում մարդասիրական ծրագրեր է իրականացնում 2025-ի օգոստոսից՝ հիմնականում թիրախավորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Կազմակերպությունը հայտարարում է, որ 45 բնակավայրում ապրող 10 000 ընտանիքի 180 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ է մատակարարել։ Այն նաև գործարկել է helpartsakh.ru հարթակը (2026-ի հունիսի 5-ի դրությամբ կայքն անհասանելի է), որտեղ, ըստ պնդումների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 6 000 ընտանիք գրանցվել է օգնություն ստանալու համար։

Արշավը մեկնարկել է 2025-ի օգոստոսի սկզբին, իսկ նույն տարվա ավարտին «Եվրազիա»-ի խորհրդի անդամ Միկա Բադալյանը հայտարարել է, որ դիմումների ընդունումն ավարտվել է, և շուրջ 800 դիմում հաջողությամբ վավերացվել է, ինչից հետո այդ ընտանիքները պետք է ստանային օգնություն։

Գործարկված հարթակի մասին

Թեև «Եվրազիա»-ն helpartsakh.ru հարթակի գործարկման մասին հայտարարեց 2025-ի օգոստոսի 4-ին, դոմենը գրանցվել էր երկու ամիս ավելի վաղ՝ հունիսի 5-ին, ռուսական REG.RU ծառայության միջոցով, ինչը վկայում է նախնական պատրաստությունների մասին։ Գրանցողի տվյալները պաշտպանված են գաղտնիության ծառայությամբ։ Սակայն նույն օրը գրանցվել է նաև գրեթե նույնական helpartsakh.online դոմենը՝ նույն սերվերի օգտագործմամբ։ Դրա WHOIS տվյալներում որպես սեփականատեր նշված է եղել Արամ Ղուկասյանը՝ Երևանի հասցեով և հայկական հեռախոսահամարով։

«Եվրազիա»-ի կողմից արշավի հրապարակային մեկնարկից մեկ օր առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 3-ին, helpartsakh.online-ի գրանցման տվյալները թարմացվել են, և անվանված սեփականատիրոջ տվյալները փոխարինվել են գաղտնիության պաշտպանության ծառայությամբ։ Սա կարող է վկայել արշավի մեկնարկից առաջ սեփականատիրոջ ինքնությունը քողարկելու փորձի մասին։

Մենք հայտնաբերել ենք նաև Aram Ghukasyan անունով ֆեյսբուքյան հաշիվ, որը, ըստ մեր ուսումնասիրության, «Եվրազիա»-ի թիմի անդամ է։

helpartsakh.online-ի WHOIS տվյալները վկայում են, որ սեփականատիրոջ մասին տեղեկությունները փոխվել են արշավի մեկնարկից առաջ (Աղբյուր՝ Big Domain Data)
helpartsakh.online-ի WHOIS տվյալները վկայում են, որ սեփականատիրոջ մասին տեղեկությունները փոխվել են արշավի մեկնարկից առաջ (Աղբյուր՝ Big Domain Data)

Հայաստանի իշխանությունները «Եվրազիա»-ի մարդասիրական գործունեության մեջ տեսել են ընտրական միջամտության ռիսկեր։ 2026-ի մարտին Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն արգելափակել է «Եվրազիա»-ի կողմից նախատեսված մարդասիրական օգնության առաքումը՝ հղում անելով հայկական օրենսդրության այն դրույթներին, որոնք նախընտրական շրջանում սահմանափակում են բարեգործական նվիրատվություններն ու օգնության տրամադրումը։

Հայաստանի գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է քարոզարշավի ընթացքում, քվեարկությանը նախորդող օրը և քվեարկության օրը ընտրողներին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրել կամ խոստանալ գումար, սնունդ, ապրանքներ կամ ծառայություններ։ Այս արգելքը վերաբերում է նաև այն բարեգործական կազմակերպություններին, որոնց անվանումները կարող են կապվել կամ նմանվել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կամ թեկնածուների անվանումներին։ Զախարովան պնդել է, թե Երևանի որոշումը՝ չթույլատրել «զուտ բարեգործական մարդասիրական օգնության» մատակարարումը, պայմանավորված է իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ «ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում»։

Հատկանշական է, որ որոշ դեպքերում «Եվրազիա»-ի օգնությունը բաժանվել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գրասենյակներում (1, 2, 3)։  Կուսակցությունը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ։ 

Թեև կուսակցությունը չի մասնակցում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին, Վանեցյանը հայտնի է իր ռուսամետ հայտարարություններով։ Մասնավորապես, 2021-ին, պատասխանելով ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հարցին՝ «Ումն է Ղրիմը», նա պատասխանել էր. «Ղրիմը մերն է»։

Հոգևորականներն ու կրոնական ենթակառուցվածքը՝ որպես «Եվրազիա»-ի միջամտության գործիք

2024-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին շուրջ 900 մոլդովացի հոգևորականներ և նրանց հետ կապված ծխականներ մասնակցել են Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «ուխտագնացություններին» դեպի Մոսկվա։ Մոլդովայի անվտանգության ծառայությունների տվյալներով՝ Մոսկվա ժամանելուն պես մասնակիցներին առաջարկվել են 300-ից 1,000 դոլար արժողությամբ պայմանագրեր, ինչպես նաև ռուսական «Միր» վճարային համակարգի բանկային քարտեր։  Jurnal.md-ի հաղորդմամբ՝ այս վճարումները ստանալու համար հոգևորականները պետք է ստորագրեին համագործակցության պայմանագրեր «Եվրազիա»-ի հետ, որոնցով նրանք գրանցվում էին որպես կազմակերպության պաշտոնական գործընկերներ։

Այդ ֆինանսական խթանները, ըստ ամենայնի, կապված էին գյուղական համայնքներում և կրոնական շրջանակներում քաղաքական տրամադրությունների ձևավորման գործում հոգևորականների ակնկալվող դերակատարման հետ, մասնավորապես՝ Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի և երկրի եվրոպամետ ղեկավարության դեմ տրամադրությունների մոբիլիզացման հետ։

«Եվրազիա»-ի՝ Մոլդովայում կիրառված մեխանիզմները Հայաստանում վերարտադրելու առավել ակնառու օրինակներից է armspyurk.com հարթակը, որը գործարկվել է 2026-ի հունվարի վերջին և փետրվարի 11-ին գովազդվել «Եվրազիա»-ի հայկական մասնաճյուղի ղեկավար Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում։

Կայքը ներկայանում է որպես Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություն։ Թեև հարթակը նշում է երևանյան հասցե, այն տեղակայված է ռուսական սերվերներում։ Ավելին, կայքի գաղտնիության քաղաքականության համաձայն՝ օգտատերերի անձնական տվյալները մշակվում են Սանկտ Պետերբուրգում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Վահե Ավետյանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն։

Կայքում մասնավորապես նշված է. «Անձնական տվյալների օպերատորն է Ավետյան Վահե Եգորովիչը, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Կոնտակտային էլեկտրոնային հասցե՝ [email protected]»։

Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է armspyurk.com-ի միջնորդագրի ստորագրողների համար ստեղծված տելեգրամյան խմբի հղումը։ Այստեղ նա հրապարակում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գովազդող և արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութերից մեկում Ավետյանն ասում է. «Փետրվարի 12-ին մենք կիմանանք, թե ով է մեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն», ինչը վկայում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ նրա կապի մասին։

Մարտի 17-ին տելեգրամում հրապարակված գրառման մեջ Միկա Բադալյանը armspyurk.com-ը անվանում է «մեր նախաձեռնությունը», իսկ մեկ այլ հարցազրույցում հայտարարում է. «Մենք գործարկել ենք ստորագրահավաքի նախաձեռնությունը»։ Այս հայտարարությունները հուշում են, որ armspyurk.com-ը կարող է լինել «Եվրազիա»-ի և ռուսամետ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կապվող անձանց համատեղ նախաձեռնությունը։

Թեև armspyurk.com-ի կողմից հրապարակված խնդրագրի պահանջները հիմնականում վերաբերում են եկեղեցուն, այնտեղ ներկայացված է նաև «ապահովել ազնիվ և թափանցիկ ընտրություններ» պահանջը։ Կայքի գլխավոր էջում որպես «խղճի բանտարկյալներ» ներկայացված են հինգ անձինք, որոնցից չորսը հոգևորականներ են, իսկ հինգերորդը՝ ռուսաստանցի գործարար, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 

2026-ի մարտի դրությամբ armspyurk.com-ը վերածվել էր լիարժեք քաղաքական լրատվական հարթակի, որը ամեն օր հրապարակում էր ընտրությունների վերաբերյալ նյութեր և հակաեվրոպական մեկնաբանություններ։ Մարտի 13-ին Բադալյանը հայտարարեց, որ armspyurk.com-ը զգալիորեն թարմացվել է և այժմ «ոչ միայն ստորագրահավաքի հարթակ է, այլև լիարժեք տեղեկատվական ռեսուրս, որը լուսաբանում է Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված իրադարձությունները»։ Այդ պահից սկսած՝ հարթակում գրանցված ստորագրողների թիվը կտրուկ աճել է։ Մարտի 17-ին Բադալյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը ստացել է «մեր հայրենակիցներից մեկի աջակցությունը», ինչի շնորհիվ, նրա խոսքով, armspyurk.com-ը պետք է ստանար «էապես ավելի լայն լուսաբանում»։

armspyurk.com կայքում հրապարակված միջնորդագրի նոր ստորագրողների ժամանակագրությունը (Աղբյուր՝ Միկա Բադալյան, Telegram, և Claude)
armspyurk.com կայքում հրապարակված միջնորդագրի նոր ստորագրողների ժամանակագրությունը (Աղբյուր՝ Միկա Բադալյան, Telegram, և Claude)

Մարտի 13-ից հետո armspyurk.com-ում գրանցված ստորագրությունների աճի դինամիկան հարցեր է առաջացնում դրանց հավաստիության վերաբերյալ։ Կայքի գործարկումից հետո առաջին ամսվա ընթացքում՝ 2026-ի փետրվարի 13-ից մինչև մարտի 13-ը, միջնորդագրին միացել էր ընդամենը 2,930 ստորագրող։ Սակայն հաջորդ մեկ ամսում՝ մարտի 13-ից ապրիլի 10-ը, ավելացել է ևս 224,756 ստորագրություն, ինչը 77 անգամ գերազանցում է նախորդ ժամանակահատվածի ցուցանիշը։ Աճը համընկել է Բադալյանի՝ կայքի թարմացման և անհայտ հովանավորից ստացված աջակցության մասին հայտարարությունների հետ։

Մենք ուսումնասիրել ենք armspyurk.com-ի այցելությունների վիճակագրությունը և պարզել, որ 2026 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին կայքն ունեցել է համապատասխանաբար ընդամենը 456, 419 և 538 այցելու։ Այս տվյալների ֆոնին դժվար է բացատրել կայքի միջոցով գրանցված ստորագրությունների կտրուկ աճը։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ «Եվրազիա»-ն ստորագրություններ է հավաքում նաև հանրահավաքների և այլ ֆիզիկական միջոցառումների ընթացքում։

Էկրանապատկերը՝ Semrush գործիքի տվյալներով՝ armspyurk.com կայքի ամսական այցելությունների վիճակագրությունը
Էկրանապատկերը՝ Semrush գործիքի տվյալներով՝ armspyurk.com կայքի ամսական այցելությունների վիճակագրությունը

«Եվրազիա»-ն armspyurk.com հարթակն օգտագործում է նաև բողոքի ակցիաներ և հանրահավաքներ կազմակերպելու համար։ Բադալյանի պնդմամբ՝ ապրիլի 5-ին՝ Զատկի օրը, ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու, միաժամանակյա լայնածավալ ակցիաներ են անցկացվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Վրաստանում, Ռումինիայում, Ուզբեկստանում և Բելառուսում։ Նրա խոսքով՝ միայն Ռուսաստանում ակցիաներ են տեղի ունեցել 48 քաղաքում, այդ թվում՝ Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և Վլադիվոստոկում։ Հայաստանում միջոցառումներ են անցկացվել 12 եկեղեցիներում։

Սակայն բաց աղբյուրներից ստացված տվյալները այլ պատկեր են ներկայացնում։ 

«Եվրազիա»-ի հետ կապված էջերում և հարակից ալիքներում հրապարակված նյութերը չեն հաստատում նման մասշտաբի միջազգային ակցիաների անցկացումը։

Հայաստանում հստակ փաստագրված միակ միջոցառումը, ըստ երևույթին, armspyurk.comստորագրահավաքն է, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում՝ ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու։ Այդ միջոցառումից հրապարակվել են լուսանկարներ, սակայն Հայաստանում այլ խոշոր հանրահավաքների անցկացումը հաստատող ապացույցներ չեն հայտնաբերվել։

Առցանց հարթակներում հայտնաբերվել են միայն առանձին հրապարակումներ Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացված ակցիաների մասին՝ մարտի 22-ին Կալինինգրադում, մարտի 29-ին Դոնի Ռոստովում, ապրիլի 1-ին Մոսկվայում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում, և ապրիլի 5-ին Վոլգոգրադում։ Հրապարակված նյութերը ցույց են տալիս համեմատաբար փոքրաթիվ հավաքներ, այլ ոչ այնպիսի լայնածավալ միջազգային մոբիլիզացիա, ինչպիսին նկարագրվում է «Եվրազիա»-ի և դրա հետ կապվող աղբյուրների հրապարակումներում։

Ինչ վերաբերում է նշված մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին, Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային, Վրաստանին, Ռումինիային, Ուզբեկստանին և Բելառուսին, ապա նման ակցիաների վերաբերյալ որևէ լուսանկար, տեսանյութ, լրատվական հրապարակում, սոցիալական ցանցերում գրառում կամ այլ հանրային ապացույց չի հայտնաբերվել։ Չնայած լայնամասշտաբ հավաքների ապացույցների բացակայությանը՝ մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը armspyurk.com կայքում ավելացել է ավելի քան 105,000 նոր ստորագրություն։

Ստորագրողների թվի աճի դինամիկան հարցեր է առաջացնում։ Ապրիլի 3-ի առավոտյան Բադալյանը Տելեգրամում հրապարակել է էկրանապատկեր, ըստ որի՝ ստորագրողների թիվը կազմել է 138,705։ Տասներկու ժամ անց նա հրապարակել է նոր էկրանապատկեր, որտեղ արդեն նշված էր 147,878 ստորագրություն։ Միևնույն ժամանակ, այդ օրը նա չի հայտնել որևէ ստորագրահավաքի կամ այլ միջոցառման մասին, որը կարող էր բացատրել նման աճը։

Wayback Machine ծառայության միջոցով, որը պահպանում է կայքերի արխիվացված տարբերակները, մենք հասանելիություն ենք ստացել armspyurk.com-ի նախկին տարբերակին՝ մինչև այն 2026-ի մարտին տեղեկատվական պորտալի վերածվելը, և պարզել, որ կայքը ստորագրողներին տեղեկացնում էր, թե նրանց ստորագրությունը կստուգվի և կավելացվի հանրային տվյալների բազայում։ Կայքում նշված էր նաև, որ ստորագրելը նշանակում է, որ «ձեր դիրքորոշումը գրանցվում է, ստուգվում և դառնում է հանրային ցուցակի մաս»՝ ներկայացնելով այդ արխիվը որպես զանգվածային քաղաքացիական շարժման ապացույց։ Սակայն նման ցուցակ առկա չէ ոչ կայքի ներկայիս, ոչ էլ արխիվացված տարբերակում, ինչը թույլ չի տալիս անկախորեն ստուգել ստորագրողների ինքնությունը։

armspyurk.com-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ ստորագրողների ցուցակը կհրապարակվի (Աղբյուր՝ Wayback Machine)
armspyurk.com-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ ստորագրողների ցուցակը կհրապարակվի (Աղբյուր՝ Wayback Machine)

armspyurk.com-ը ինքնատիպ կայք չէ։ Այն մեծապես նման է mostenire.online-ին՝ կայքի, որը կիրառվել է Մոլդովայում 2025-ի սեպտեմբերի ընտրություններից առաջ և հետագայում արգելափակվել մոլդովական իշխանությունների կողմից։ RISE Moldova-ի հետաքննության համաձայն՝ mostenire.online-ը կապված էր Ղրիմի օկուպացված տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացու հետ։ Կայքը տեղակայված էր ռուսական սերվերներում և օգտագործում էր նույն կրոնական հռետորաբանությունն ու տվյալների հավաքագրման մեխանիզմները։ Ինչպես armspyurk.com-ը, mostenire.online ևս ներկայանում էր որպես Ուղղափառ եկեղեցին և «ավանդական արժեքները» պաշտպանող բազմազգ քաղաքացիական նախաձեռնություն։ Այն վարում էր ստորագրահավաք՝ հավաքագրելով օգտատերերի անուններն ու հեռախոսահամարները, և ակտիվորեն տարածվում էր Ռուսաստանի հետ կապվող Telegram, TikTok, Facebook և Instagram ցանցերի միջոցով։

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ հրապարակված մոբիլիզացիոն տեսանյութերից մեկում մոլդովացի հոգևորականը զգուշացնում է Մոլդովայում «ուկրաինական սցենարի» հնարավոր իրականացման մասին։ Տեսանյութի ավարտին նա կոչ է անում անցնել միջնորդագրի հղմամբ և «գնալ ու քվեարկել»։ Armspyurk-ն ու Mostenire-ը ոչ միայն օգտագործում են նույն հոսթինգային մոդելը, այլև հիմնված են նույն նարատիվային կառուցվածքի և ստորագրողներից անձնական տվյալներ հավաքագրելու նույն մոտեցման վրա։

mostenire.online և armspyurk.com հարթակների համեմատականը (աղյուսակը կազմվել է Claude-ի միջոցով)
mostenire.online և armspyurk.com հարթակների համեմատականը (աղյուսակը կազմվել է Claude-ի միջոցով)

Սփյուռքի թիրախավորում և ընտրողների տեղափոխում՝ «Եվրազիա»-ի ֆինանսավորմամբ

Մոլդովայի ընտրություններից առաջ իշխանությունները փաստագրել էին Իլան Շորի և «Եվրազիա»-ի (Շորը կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է) կողմից համակարգված գործողություն՝ Ռուսաստանում բնակվող սփյուռքի ընտրողներին մոբիլիզացնելու նպատակով։ Գործողությունն իրականացվել է կազմակերպված օդային և ցամաքային փոխադրումների միջոցով։ Մոլդովայի ոստիկանության տվյալներով՝ քաղաքացիներին Ռուսաստանից ինքնաթիռներով տեղափոխել են տարանցիկ հանգույցներ, այդ թվում՝ Ստամբուլ, որտեղից ավտոբուսներով նրանց հասցրել են Մոլդովա՝ մի քանի երկրների տարածքով անցնող երթուղիներով։ 

Փաստագրված մի շարք դեպքերում ընտրողները չեն վճարել ոչ ավիատոմսերի, ոչ էլ ավտոբուսային փոխադրումների համար, ինչը վկայում է տեղափոխումների արտաքին ֆինանսավորման մասին։

2026-ի մարտի 10-ին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հնարավոր ճնշումների և առաջիկա ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։

Հայտարարության համաձայն՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ որոշ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք կամ այլ ներկայացուցիչներ նյութական շահագրգռման միջոցով խոչընդոտում են անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ ծառայության՝ այլ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ ներկայանալով՝ տարբեր անձինք ճնշում են գործադրում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց դրդելով աջակցել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Դրա դիմաց նրանց խոստացվում է կազմակերպել Հայաստան տեղափոխումը, փոխհատուցել ճանապարհածախսը և հոգալ կեցության ծախսերը։

Երկու օր անց Միկա Բադալյանը Տելեգրամում հրապարակված տեսանյութում կոչ արեց Ռուսաստանում բնակվող հայերին կապ հաստատել իր հետ, եթե ցանկանում են մասնակցել Հայաստանի ընտրություններին՝ նշելով, որ կփորձի օգնել բոլորին։

Մայիսի 3-ին նա գրել էր. «Բոլոր նրանք, ովքեր ընտրություններին մասնակցելու համար տոմսերի ձեռքբերման հարցում օգնության կարիք ունեն, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել մեր գործընկերների համար տոմսերի գնմանը, գրեք @mbadalyan»։

Մայիսի 31-ին հրապարակված մեկ այլ տեսանյութում Բադալյանը հայտարարեց, որ այժմ ավելի մեծ հնարավորություններ ունեն Հայաստան մեկնել ցանկացողներին ավիատոմսերով աջակցելու համար և կրկին կոչ արեց կապ հաստատել իր հետ։

Հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ստացել է փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Բադալյանը Ռուսաստանում բնակվող հարյուրավոր ՀՀ քաղաքացիների ընտրակաշառք է առաջարկել։ Կոմիտեն հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում են գործողություններ՝ ենթադրյալ ընտրակաշառք ստացած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Առանձին հետաքննության շրջանակում ՍիվիլՆեթի լրագրողները, ներկայանալով որպես Ռուսաստանում բնակվող հայեր, ուսումնասիրել են Բադալյանի կողմից կազմակերպվող ավիատոմսերի տրամադրման գործընթացը։ Մի քանի շաբաթ շարունակ նրանք կապի մեջ են եղել Բադալյանի և նրա գործընկերների հետ՝ տրամադրել անձնական տվյալներ և ստացել թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն։ Հետաքննությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հակաարևմտյան նարատիվների համակարգված տարածումը

DFRLab-ը նախկինում բացահայտել էր, որ «Եվրազիա»-ն աջակցել է «STOP UE / СТОП ЕС» անունով տելեգրամյան չաթբոթային արշավին, որի շրջանակում Մոլդովայի քաղաքացիներին ֆինանսապես խրախուսում էին հակաեվրոպական բովանդակություն տարածելու համար։ Ապատեղեկատվական ցանցում նոր մասնակիցներ ներգրավելու դիմաց վճարումներ ստանալու համար օգտատերերը նախ պետք է պայմանագիր ստորագրեին «Եվրազիա»-ի հետ։

«STOP UE/СТОП ЕС» չաթբոթի պատկերները, որը Իլան Շորը տարածում էր իր Telegram ալիքում՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի դեմ «դեսպաններ» հավաքագրելու նպատակով (Աղբյուր՝ DFRLab, Telegram)
«STOP UE/СТОП ЕС» չաթբոթի պատկերները, որը Իլան Շորը տարածում էր իր Telegram ալիքում՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի դեմ «դեսպաններ» հավաքագրելու նպատակով (Աղբյուր՝ DFRLab, Telegram)

Հայաստանում նմանատիպ հակաեվրոպական արշավ է տարածվել Միկա Բադալյանի և նրա հետ կապվող ալիքների միջոցով։ Գյումրու ընտրություններից երկու օր առաջ երիտասարդները քաղաքի փողոցներում հակաեվրոպական թռուցիկներ էին բաժանում՝ պնդելով, թե ԵՄ-ին ինտեգրումը սպառնում է Հայաստանի ավանդույթներին և արժեքներին։ Past.am հայտնել էր, որ արշավը կազմակերպել է «Եվրազիա»-ն։ 

Բադալյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր «Եվրազիա»-ի մասնակցությունը Գյումրիում իրականացված արշավին։ Սակայն դեմքի ճանաչման գործիքների միջոցով մեզ հաջողվեց նույնականացնել տեսանյութերում երևացող երիտասարդներից մի քանիսին։ Նրանցից մեկը ներկայում «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից է, իսկ մյուսները երևում են «Եվրազիա»-ի տարբեր միջոցառումներից հրապարակված լուսանկարներում։

Ավելի ուշ այդ արշավը հիշատակվել է Մոսկվայում անցկացված «Եվրազիա․ արժեքների տարածք» համաժողովում։ Համաժողովի ընթացքում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը կարևորել է Հայաստանում ռուսական նախաձեռնությունների լայն լուսաբանումը և Գյումրիում անցկացված ակցիան ներկայացրել որպես հաջողված օրինակ։

«Եվրազիա»-ի և ռուսական քարոզչական ալիքների հրապարակումները Գյումրիի ակցիայի վերաբերյալ (Աղբյուրը՝ @badalyan/archive, ձախ; @rybar/archive, աջ)
«Եվրազիա»-ի և ռուսական քարոզչական ալիքների հրապարակումները Գյումրիի ակցիայի վերաբերյալ (Աղբյուրը՝ @badalyan/archive, ձախ; @rybar/archive, աջ)

Մոլդովայում և Հայաստանում «Եվրազիա»-ի գործունեությունը առանձին նախաձեռնություններ չեն թվում, այլ նույն գործելաոճի տարբեր դրսևորումներ։ Երկու երկրներում էլ կազմակերպությունը կիրառել է նմանատիպ գործիքներ՝ կրոնական և հասարակական նախաձեռնությունների, մարդասիրական ծրագրերի, սփյուռքի մոբիլիզացման և տեղեկատվական արշավների միջոցով քաղաքական ազդեցություն ձևավորելու համար։

Մոլդովայում այդ գործունեությունը լայնորեն փաստագրվել է, և «Եվրազիա»-ն ճանաչվել է ազգային անվտանգության սպառնալիք։ Հայաստանում, մինչդեռ, կազմակերպությունը շարունակում է գործել ազատորեն։

Կազմակերպություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում