Նոր Խարբերդի մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է

Նոր Խարբերդի մանկատան՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից սեպտեմբերի 19-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ։ Մանկատան տնօրինությունը նկատել է դեպքն ու անմիջապես հաղորդում ներկայացրել իրավապահներին։
Նախարարությունից նաև հայտնել են, մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքից հետո, իսկ երեխայի առողջական վիճակը լավ է։ նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը։
«Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ։










