Գլխավոր Լրահոս

Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին հասցեագրված նամակները

Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին հասցեագրված նամակները

Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին կոչ է անում Ադրբեջան առաջիկա այցի ընթացքում հայ գերիներին փոխանցել նրանց հասցեագրված 1254 նամակները։

Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ հավաքված և հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցված նամակները դեռևս չեն ուղարկվել գերիներին։ Նրա պնդմամբ՝ որևէ պետական մարմին մինչ օրս գրավոր չի պատասխանել նաև իր հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը։

Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է արել Ադրբեջան այցի ընթացքում տեսակցել հայ գերիներին՝ այցը համարելով նաև նրանց հայրենիք վերադարձնելու պատեհ առիթ։

«Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին։ Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար»,- գրել է Բեգլարյանը։

Բեգլարյանի տեղեկացմամբ՝ նամակները գտնվում են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունում, ուր փոխանցվել են վարչապետի աշխատակազմի գրությամբ։

Նոյեմբերի 19-ին Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան։ ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ չի այցելելու Բաքու, սակայն չէր հրապարակել, թե որ քաղաք է մեկնելու։ Նրա խոսքով՝ այցը պատասխան է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան կատարած այցին։

Հունիսի 14-ին Հաջիևը Դիլիջանում հանդիպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքային շփումները և հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։

Հունիսի 15-ին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես էր եկել Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնությամբ։ Հուլիսին նա պաշտոնական նամակներով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը։

Քանի որ պատվիրակության այցը չէր համաձայնեցվել, «Արցախ» միությունը, ստանալով Զոնաբենդի համաձայնությունը, հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցել էր աշխարհի տարբեր երկրներից հավաքված 1254 նամակները և վարչապետին ուղղված հանրագիրը՝ խնդրելով ապահովել դրանց փոխանցումը հասցեատերերին։

Հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, տարակուսանք էր հայտնել, թե ինչու են նամակները հանձնվել կառավարությանը՝ փոստային ծառայության միջոցով ուղարկվելու փոխարեն։ Վարչապետը նշել էր, որ համապատասխան գերատեսչությունը, հավանաբար, կուսումնասիրի դիմումը և կպատասխանի։ Նա նաև ընդգծել էր նման հարցերում զգուշավորության անհրաժեշտությունը՝ Բաքվում պահվող հայերին չվնասելու համար։

Նոյեմբերի 6-ին Զոնաբենդը հայտնել էր, որ Ադրբեջանի օմբուդսմենը չի պատասխանել Բաքու այցելելու վերաբերյալ իր դիմումներին։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը կմեկնի միայն այցի և մասնակիցների անվտանգության պայմանները համաձայնեցնելու դեպքում։

Նոյեմբերի 9-ին Բեգլարյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ևս հայտարարել էր, որ կառավարությունը նամակների փոխանցման հարցով գրավոր պատասխան չի տվել։ Նրա խոսքով՝ մինչ այդ կառավարության միակ արձագանքը եղել է Փաշինյանի հրապարակային հայտարարությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում