Գլխավոր Լրահոս

TRIPP-ի իրականացման ժամանակ չպետք է անտեսվեն Ռուսաստանի և Իրանի շահերը․ Զախարովա

TRIPP-ի իրականացման ժամանակ չպետք է անտեսվեն Ռուսաստանի և Իրանի շահերը․ Զախարովա

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ժամանակ չպետք է անտեսվեն Ռուսաստանի և Իրանի շահերը, և նախագիծը չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի։ Այս մասին նոյեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան հետևում է նախագծի շուրջ զարգացումներին։ Նա պնդել է, որ «Թրամփի ուղին» մեծապես կրկնում է նախորդ տարիներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում կատարված աշխատանքը։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ այդ աշխատանքը նախատեսում էր ոչ միայն Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տարանցիկ հաղորդակցության ապահովում, այլև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի ամբողջական ապաշրջափակում՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։ Զախարովայի պնդմամբ՝ Հայաստանը 2023-ին սառեցրել է իր մասնակցությունն այդ նախագծի իրականացմանը։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ նախագծի իրականացման ժամանակ չանտեսվեն մեր երկրի և Իրանի շահերը, քանի որ Թեհրանն այդ մասին հայտարարում է։ Այս նախագիծը չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի։ Հակառակ դեպքում այս տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված կլինի ձախողման»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությունը հաջորդել է TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են նախագծի մեկնարկի մասին։ Նույն օրը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սկսվել են շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետ չի հայտարարվել։

Նախագծի մեկնարկի օրը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը ևս անդրադարձել էր TRIPP-ին՝ հայտարարելով, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը երկրի կարմիր գիծն են։

Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ TRIPP նախագիծը չի հատել և չի հատելու Իրանի կարմիր գծերը։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրած համատեղ հռչակագրով։

Նախագծով նախատեսվում է Հայաստանի տարածքում զարգացնել երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքները, այդ թվում՝ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։

2026-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի սկզբնական բաշխմամբ 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ Հայաստանին։

Նոյեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրի կնքմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում