Բրյուսելում Եվրամիության երկրների առաջնորդներն ավարտեցին ԵՄ՝ 2028-2034-ի և 2027-ին Ուկրաինային ֆինանսապես աջակցելու բյուջեի շուրջ քննարկումները։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան լրագրողներին ասաց, որ առաջնորդներն այսօր «համաձայնության չեն հասել», ինչը սպասելի էր։
ԵՄ անդամ պետությունների առաջնորդները նոյեմբերի 26-27-ին պիտի պայմանավորվեին ԵՄ 2028-2034-ի բյուջեի և 2027-ին Ուկրաինային ֆինանսապես աջակցելու շուրջ։ Բանակցություններն ընթանում էին լարված պայմաններում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնոիու Կոշտան նոյեմբերի 21-ին ներկայացրել էր ԵՄ յոթամյա բյուջեի իր առաջարկը։ Եվրամիության անդամ երկրներից գրեթե ոչ մեկը դրան հավանություն չէր տալիս՝ տարբեր պատճառներով։
Հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն նշեց, որ բյուջեի շուրջ բանակցություններում փոխզիջումներն անհրաժեշտ են, սակայն զգուշացրել է, որ պետք չէ էլ ավելի նվազեցնել ԵՄ հավակնությունների մակարդակը՝ հիշեցնելով, որ նախորդ երկու երկարաժամկետ բյուջեներն արդեն զգալիորեն կրճատվել էին։
Տե՛ս նաև՝ ԵՄ երկրները չեն կարողանում պայմանավորվել իրենց ծախսերի շուրջ
«Ողջամիտ յոթնյակն» ընդդեմ Կոշտայի
Անդամ երկրներից յոթը՝ Շվեդիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան և Բելգիան, կողմ է ԵՄ ավելի փոքր բյուջեին։ Նրանք իրենց կոչում են «ողջամիտ յոթնյակ»։ Նրանք նաև քննադատում են Կոշտայի՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող երկրների մասնակցությամբ փոքր խմբերով հանդիպումներ անցկացնելու ծրագիրը։ Շվեդիան պետք է մասնակցեր Չեխիայի, Պորտուգալիայի, Էստոնիայի և Կիպրոսի հետ հանդիպմանը։ Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարվել է մասնակցել դրան։ Կոշտայի առաջարկած այս ձևաչափը բոյկոտել են նաև յոթնյակի մնացած երկրները։
Եվրոպական հանձնաժողովն ի սկզբանե առաջարկել էր 2028-2034-ի բյուջեի ընդհանուր ծավալը սահմանել շուրջ 2 տրիլիոն եվրո։ Այսօրվա հանդիպումից առաջ Կոշտան առաջարկել էր բյուջեն կրճատել 204 միլիարդ եվրոյով։ Սակայն այս երկրների համար դա բավարար չէ։ Օրինակ՝ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ առաջարկը խմբի համար ընդունելի կլինի, եթե ընդհանուր կրճատումները կազմեն շուրջ 250 միլիարդ եվրո։
Լրագրողների հետ զրուցեց նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք դեռ այսօր երեկոյան պայմանավորվել ենք, որ վաղը բանակցությունները չենք շարունակելու»,- լրագրողներին ասաց նա։
Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու շուրջ ևս դեռևս չկա համաձայնություն, որին կողմ կլինեն ԵՄ բոլոր երկրները։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիության յոթնամյա բյուջեի շուրջ համաձայնություն, ի վերջո, ձեռք կբերվի, սակայն արդյունքն իրեն, ամենայն հավանականությամբ, դուր չի գա։ Նա բանակցությունների հավանական արդյունքն անվանեց «ռազմավարական սխալ»։
Ֆրանսիայում գարնանը ընտրությունները հաղթելու ամենահավանական թեկնածուն՝ ծայրահեղ աջ Մարին Լը Պենը , մեղադրել էր Մակրոնին և Եվրամիությանը իրեն բյուջետային գործընթացից դուրս թողնելու փորձի մեջ։ Մակրոնը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս մտքին և նշեց, որ «տարօրինակ ամբարտավանություն է կարծել, թե նա արդեն իշխանության ղեկին է»։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ավելի համեստ լինել»,- ասաց Մակրոնը՝ ընդգծելով, որ ինքը Ֆրանսիայի նախագահը կմնա մինչև 2027-ի մայիսի 13-ը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ։
Մակրոնի գրասենյակից ավելի վաղ հայտարարել էին, որ եթե մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք չբերվի, նա դուրս կգա բանակցություններից։
Դեկտեմբերի 17-ը՝ Եվրախորհրդի հաջորդ գագաթնաժողովը, ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեի շուրջ համաձայնության և Ուկրաինայի ֆինանսավորումն ապահովելու համար փաստացի վերջնաժամկետ է։ Մեդիայում քննարկվում է Եվրահանձնաժողովի ավելի մեծ ներգրավվածությունը բանակցություններին կամ միջնորդ նշանակելու հնարավորությունը։
Լուսինե Վարդանյան











