Գլխավոր Լրահոս

ԵՄ երկրները չեն կարողանում պայմանավորվել իրենց ծախսերի շուրջ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան
Լուսանկարը՝ ԵՄ-ի

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Լուսանկարը՝ ԵՄ-ի

Լուսինե Վարդանյան, Բրյուսել

Ինչքա՞ն գումար կծախսի Եվրամիությունը հաջորդող յոթ տարիներին։ Ո՞վ և որքա՞ն կվճարի Ուկրաինային հաջորդ տարի։ ԵՄ անդամ պետությունների առաջնորդների՝ Բրյուսելում նոյեմբերի 26-27-ի արտահերթ հանդիպումից ակնկալվում է այս հարցերի պատասխանը։ Սակայն հավանականությունը, որ նրանք այսօր կկարողանան պայմանավորվել այս հարցի շուրջ, մեծ չէ։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նոյեմբերի 21-ին ներկայացրեց բյուջետային իր առաջարկը, որը նախորդ առաջարկի համեմատ նախատեսում է լրացուցիչ 44 միլիարդ եվրոյի կրճատումներ։ Սակայն վերջին օրերի քննարկումներից պարզ է, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են կողմ այս առաջարկին և ոչ բոլորը պատրաստ փոխզիջումների։

Ամենախնդրահարույց կետը բյուջեի ընդհանուր ծավալն է։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գրասենյակը հայտարարել էր, որ «թույլ եվրոպական բյուջեով չի կարող ուժեղ Եվրոպա լինել»։

Ինչի՞ց է դժգոհում Ֆրիդրիխ Մերցը

Չնայած Ավստրիայի վարչապետ Քրիստիան Շտոկերն այսօր մինչև հանդիպումն ասաց, որ «չգիտի որևէ անդամ պետություն, որը համաձայն է» Կոշտայի բյուջետային առաջարկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը թերևս դժգոհողների ցուցակում առաջատարն է։

Նրա խոսքով՝ քննարկվող բյուջետային առաջարկը «չի կարող հիմք ծառայել վերջնական համաձայնության համար»։ Նա պնդում է, որ Կոշտայի առաջարկած բյուջեն 40 տոկոսով ավելի մեծ է, քան 2020-ինը։ Մերցը նախընտրում է ավելի փոքր բյուջե, որը կենտրոնացած կլինի առաջնահերությունների վրա՝ պաշտպանություն և մրցունակություն։ ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Պյոտր Սերաֆինը, սակայն, նախօրեին պնդում էր, որ այս կարծիքն ունեցողները հաշվի չեն առնում գնաճը։

Մերցը նաև գոհ չէ Ուկրաինային տրվող ֆինանսների բաշխումից։ Չնայած Մերցի խնդրանքին՝ Ուկրաինային հատկացվող 2027-ի ֆինանանսերը առաջնահերթության կարգով քննարկել նոյեմբերի 13-ին Դուբլինի հանդիպմանը, Կոշտան այս հարցը ևս թողել էր Եվրոպական խորհրդի այս հանդիպմանը։

Մերցը պնդում է, որ եվրոպական երկրները անհամաչափ են կիսում Կիևին աջակցելու ֆինանսական բեռը և Ուկրաինային ֆինանսապես աջակցելը եվրոպական երկրների ընդհանուր պատասխանատվությունն է։ Նա պահանջում է պահանջում, որ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան մասնակցեն 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար ներգրավված փոխառության ծախսերի մարմանը։

Նոյեմբերի 26-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց․

«Եթե Եվրամիությունը որևէ բան է ֆինանսավորում, ապա դա անում է որպես Եվրամիություն։ Իսկ Եվրամիությունն ունի 27 անդամ, ոչ թե 23 կամ 24»։

Բեռլինը սպառնում է, որ հակառակ դեպքում կկրճատի իր վճարումները ընդհանուր բյուջե, որը կազմում է ընդհանուրի մեկ քառորդը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մերցի պայմանը համարում է «շանտաժ»։

Ի՞նչ է ուզում Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կփորձի առաջ տանել իր պահանջը՝ ֆերմերների շահերի պաշտպանությունը և այդ նպատակին հատկացվող միջոցների 80 տոկոս մասնաբաժինը հասցնել 90-ի։ Գյուղատնտեսական քաղաքականությունը Ֆրանսիայում չափազանց կարևոր թեմա է։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան
Լուսանկարը՝ ԵՄ-ի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Լուսանկարը՝ ԵՄ-ի

2027-ի գարնան ընտրությունների հարցումներում ծայրահեղ աջ թեկնածու Մարին Լը Պենն առաջատար է։ Ֆրանսիայի Սահմանադրությունը Մակրոնին թույլ չի տալիս երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Լը Պենը հաճախ մեղադրում է նրան և ԵՄ-ին բյուջեի շուրջ բանակցություններն արագացնելու և իրեն գործընթացից դուրս թողնելու մեջ։

Մակրոնի գրասենյակից հայտնել են նաև, որ դեկտեմբերից հետո այս բանակցությունները շարունակելը հնարավոր չէ, և եթե մինչև նոր տարի համաձայնություն չլինի, նա դուրս կգա բանակցություններից։

Մակրոնի դժգոհություններն այսքանով չեն ավարտվում։ Նա նաև ցանկանում է, որ անդամ չհամարվող երկրների ընկերությունները չկարողանան օգտվել նոր բյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվող ֆինանսավորումից։

Կոշտան առաջարկել է այդ ֆինանսավորումը հասանելի դարձնել դաշնակից երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի և Ուկրաինայի ընկերություններին՝ բացառելով ԱՄՆ-ի ընկերությունները։

Մակրոնը միայն Ֆրանսիայի շահերը տանելու առաքելությամբ չէ Բրյուսելում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նրան է վստահել իր անունից քվեարկություն կատարել։ Սանչեսը պատրաստվում է նոյեմբերի 29-ի ընտրություններին, որում սոցիալիստ առաջնորդը կարող է պարտվել ծայրահեղ աջերին։

Կոշտան կփորձի նաև համոզել ԵՄ 27 երկրներին աջակցել ԵՄ մակարդակով նոր միասնական հարկերի սահմանմանը, ինչը թույլ կտա ազգային կառավարությունների՝ Բրյուսելին ուղղակիորեն կատարած վճարումների նվազեցում։ Ըստ առաջարկի՝ նախատեսվում է հինգ նոր հարկ, սակայն այս հարցը կքննարկվի միայն ընդհանուր բյուջեի շուրջ վերջնական համաձայնություն ունենալուց հետո։

Եվրոպական խորհրդի առաջնորդների հանդիպումն անցնում է լարված պայմաններում, սակայն անդամ երկրների մեծ մասը ցանկանում է, որ բյուջեն վերջնական հաստատվի դեկտեմբերի 16-17-ին՝ Եվրոպական խորհրդի առաջնորդների 2026-ի վերջին հանդիպմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում