Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն առաջարկել է քննարկել Դոնբասից Ուկրաինայի դուրս գալը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի

ԱՄՆ-ն առաջարկել է քննարկել Դոնբասից Ուկրաինայի դուրս գալը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի

ԱՄՆ-ի բանակցողները քննարկման են ներկայացրել Ուկրաինայի՝ Դոնբասի արևելյան շրջանից դուրս գալու հնարավորությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու դիմաց, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Աբու Դաբիում Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հերթական փուլից հետո, հաղորդում է Reuters-ը։

Նոյեմբերի 14-ին հրապարակված հայտարարություններում Զելենսկին նշել է, որ բանակցությունների ընթացքում առաջին անգամ է քննարկվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը տարածքային զիջումների հետ կապելու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հարց է բարձրացրել՝ արդյոք Ուկրաինան կհամաձայնի դուրս գալ Դոնբասից, եթե անդամակցի ՆԱՏՕ-ին։

Զելենսկին ընդգծել է, որ այս քննարկումը վկայում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի վերադարձի մասին բանակցային օրակարգ։ Միաժամանակ նա խոստովանել է, որ հարցը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը։

Մոսկվան երկար տարիներ դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ այն ներկայացնելով որպես Ռուսաստանի անվտանգության համար սպառնալիք։ Պուտինը այդ հարցը նշել է նաև որպես 2022-ին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառներից մեկը։

Զելենսկին վերահաստատել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների։ Սակայն նա չի բացառել հարցը համազգային հանրաքվեի դնելու հնարավորությունը, եթե Ուկրաինան ստանա անվտանգության համապարփակ երաշխիքներ, հզոր և պատշաճ ֆինանսավորվող բանակ պահելու իրավունք, ինչպես նաև վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ։

Ուկրաինայի նախագահը նաև մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ նախ համաձայնության հասնել եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգի շուրջ, ապա քննարկել պատերազմի դադարեցման պայմանները։

Նրա համոզմամբ՝ առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել պատերազմը, և միայն դրանից հետո անդրադառնալ անվտանգության ավելի լայն հարցերին։

Զելենսկին անդրադարձել է նաև Պուտինի առաջարկին՝ հումանիտար նպատակներով տեղական հրադադար հաստատել Դոնեցկի մարզի Կոստանտինովկա քաղաքում։ Նա պնդել է, որ Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական զորքերի հեռացումից հետո առանց մարտերի գրավել քաղաքը։

Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված երկօրյա բանակցություններն ավարտվել են չորեքշաբթի՝ առանց էական առաջընթացի։ Այնուամենայնիվ, կողմերը համաձայնության են հասել ավելի քան 1,000 մարդու ընդգրկող գերիների փոխանակման շուրջ։ Փոխանակման վերջնական թվերը դեռ քննարկվում են։

Զելենսկու խոսքով՝ ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում պետք է քննարկեին նաև էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու հարցը, սակայն առաջընթացի մասին տեղեկություններ չկան։

Զելենսկին հայտնել է նաև, որ հետագա խաղաղության բանակցություններին Եվրոպան մասնակցելու է անմիջականորեն։ Եվրոպական կողմը կներկայացնեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Եվրամիության պաշտոնյաները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում