Խերսոնի մարզի Օլեշկի (ռուսերեն` Ալյոշկի) քաղաքից հոկտեմբերի 30-ին տարհանվել է ավելի քան 750 մարդ։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք, մի մասն էլ՝ Ռուսաստան։
Ուկրաինական RBC-Ukraine-ի հաղորդմամբ՝ Ուկրաինա մեկնած բնակիչները հոկտեմբերի 31-ին հասել են երկիր՝ Բելառուսի տարածքով։
Տարհանումը կազմակերպվել է հոկտեմբերի 27-ից գործող տեղային հրադադարի պայմաններում։ Ուկրաինա մեկնող բնակիչները նախ ավտոբուսներով տեղափոխվել են Ռուսաստանի Անապա քաղաք, այնտեղից՝ ինքնաթիռով Բելառուսի Գոմել, ապա ավտոբուսներով հատել Ուկրաինայի սահմանը՝ Չեռնիգովի մարզում։ Գործողության համար ներգրավվել է 25 ավտոբուս, 50 բուժաշխատող և շտապօգնության մեքենաներ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ սահմանին մարդկանց դիմավորել են սննդով, թեյով և բժշկական օգնությամբ։
Քաղաքից դուրս գալու հնարավորություն ունեցել են նաև այն բնակիչները, որոնք նախապես չէին գրանցվել։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ տարհանման և մարդասիրական առաքելության ընթացքում քաղաք է հասցվել մի քանի տասնյակ տոննա սնունդ, հիգիենայի պարագաներ և գեներատորների վառելիք։ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաևան հայտնել է, որ օգնություն է տրամադրվել նաև քաղաքում մնացած բնակիչներին։
Լանտրաևան նաև հայտնել է, որ տարհանման ճանապարհների ականազերծման ընթացքում երկու մարդ է զոհվել։
Օլեշկին գտնվում է Ուկրաինայի Խերսոնի մարզում՝ Դնեպրի ձախ ափին։ Քաղաքը ռուսական ուժերի վերահսկողության տակ է 2022 թվականի փետրվարից։ 2022-ի աշնանը ուկրաինական ուժերի կողմից Խերսոնի ազատագրումից հետո Դնեպրը դարձել է ռազմաճակատի գիծ։ 2023-ին Կախովկայի ամբարտակի ավերումից հետո շրջանը տուժել է լայնածավալ ջրհեղեղից։ Վերջին ամիսներին Օլեշկիից ստացվող հաղորդումներում նշվում էին սննդի, դեղորայքի, ջրի և էլեկտրականության պակասի մասին։
Հրադադարը, որը հաստատվել էր մարդասիրական առաքելության և տարհանման համար, նախատեսված է մինչև նոյեմբերի 1-ը՝ Մոսկվայի ժամանակով 22։59-ը։












