«Խիղճս տանջում է, իհարկե տանջում է։ Իսկ ո՞նց էիք պատկերացնում, որ չտանջեր»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Եռաբլուրի մասին հարցեր ուղղող լրագրողներին վիրավորելու պատճառը խղճի խայթն է։
Նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է նաև Արցախից տեղահանվածների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջանը նշելու հարցին։
«Տանջում է, այո՛, շատ ահավոր։ Այո՛, այդ թվում դրա համար է, որ ասում ենք, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ։ Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման շրջանում եղել է երկու տարի ութ ամիս տևողությամբ ժամանակահատված, երբ Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել։ Փաշինյանը դա բնորոշել է որպես բացառիկ և աննախադեպ իրողություն։
Արցախից տեղահանվածների անձնագրերում ծննդավայրի վերաբերյալ հարցին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, փորձագետների հետ խորհրդակցությունները և սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։












