Հայաստանում նախատեսվում է սահմանել հայերենի իմացության ստուգման և գնահատման միասնական չափորոշիչներ և ներդնել «Հայերենի ստուգման թեստ» հարթակ։ Կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին։
Միասնական չափորոշիչները կկիրառվեն նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով և միգրացիոն գործընթացները կարգավորող այլ իրավական ակտերով նախատեսված հայերենի իմացության ստուգման ու գնահատման ժամանակ։
Չափորոշիչները կմշակի Լեզվի կոմիտեն, իսկ կհաստատի կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Վերջինս կհաստատի նաև թեստավորման հարթակի վարման կարգը։
Օրինագծով առաջարկվում է ընդլայնել նաև լեզվական պետական քաղաքականության հասկացության բովանդակությունը՝ ներառելով լեզվական ոլորտի զարգացումը, լեզվական բազմազանության պահպանումն ու ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի կիրառության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված վերահսկողության ապահովումը։
Փոփոխություններ են նախատեսվում նաև Լեզվի կոմիտեի լիազորություններում։ Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոհաղորդումների լեզվին ներկայացվող պահանջների ապահովմանն առնչվող դրույթը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ու մշտադիտարկումն իրականացնում է համապատասխան ոլորտը կարգավորող պետական մարմինը, իսկ Լեզվի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կարող է աջակցել համապատասխան մարմինների համագործակցությանը։
Էկոնոմիկայի նախարարության առաջարկը չի ընդունվել
Նախագծի քննարկման ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր դիտարկել տեղական և օտարերկրյա կազմակերպությունների համար Հայաստանում վարչարարությունն ու գործավարությունը, այդ թվում՝ գործարքային փաստաթղթերի կազմումը, նաև օտար լեզվով իրականացնելու հնարավորությունը՝ պետական մարմնի պահանջով ողջամիտ ժամկետում հայերեն պատշաճ թարգմանություն ներկայացնելու պայմանով։
Նախարարության գնահատմամբ՝ նման կարգավորումը կարող էր նպաստել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը և լեզվական ու վարչական խոչընդոտների նվազեցմանը։
Առաջարկը չի ընդունվել։ Լեզվի կոմիտեն հիմնավորել է, որ Սահմանադրությամբ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, իսկ «Լեզվի մասին» օրենքով՝ պաշտոնական լեզուն գրական հայերենը։ Գործող օրենսդրությամբ վարչարարությունն իրականացվում է Հայաստանի պաշտոնական լեզվով, իսկ վարչական ակտն ընդունվում է հայերենով։
«Լեզվի մասին» օրենքն ընդունվել է 1993-ի մարտի 30-ին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է վերջին տարիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերների հետևանքով։
Օտարախոսների համար հայերենի իմացության գնահատման համակարգի ստեղծումը նախատեսված էր նաև կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով։
Լեզվի կոմիտեի մշակած օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել 2026-ի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 7-ը։
Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կներկայացվի Ազգային ժողով։ Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։












