«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգություններին։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն իր իրանցի գործընկերների հետ մշտական երկխոսության մեջ է։ Վարչապետը նշել է, որ նախագծին վերաբերող տեղեկությունները հրապարակային են։
«Իհարկե, ռազմական ներկայությունը բացառված է, դրա մասին ասել ենք բազմիցս»,- ասել է Փաշինյանը։
Իրանի արձագանքը TRIPP նախագծին
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։
Նույն օրը Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Իրանի սահմանին ռազմական կամ անվտանգային ուժերի ներկայությունն անընդունելի է, և Հայաստանը դրա վերաբերյալ անհրաժեշտ հավաստիացումներ է տվել։ Իրանական կողմը, միաժամանակ, ընդգծել էր նախագծի իրականացմանը հետևելու անհրաժեշտությունը։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նոյեմբերի 23-ին ևս հիշեցրել էր Իրանի կարմիր գծերի մասին՝ նշելով, որ դրանք վերաբերում են տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերին։
TRIPP նախագծի իրականացումը նախատեսված է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրով։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Նոյեմբերի 26-ին կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համատեղ ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը նախատեսված է ամերիկյան, 26 տոկոսը՝ հայկական կողմի համար։
Ինչ վերաբերում է սահմանադրական գործընթացին, նոյեմբերի 20-ին Փաշինյանն Ազգային ժողովում առաջարկել էր ընդդիմությանը ապահովել նոր Սահմանադրության հանրաքվեի համար անհրաժեշտ վեց ձայնը՝ խոստանալով նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Նոյեմբերի 23-ին հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը մերժել է Փաշինյանի առաջարկը։












