Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի հետ կապված կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին․ Փաշինյան

Ռուսաստանի հետ կապված կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի չեղարկումը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ըստ վարչապետի, պետք է խոսել ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես Ռուսաստանի Դաշնության հետ կապված կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին, որովհետև մեր խնդիրն այն է, և մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի Դաշնությունն էլ մեզ վնաս պետք է չհասցնի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն օրենքի չեղարկման անհնարինությունը հիմնավորել է նախևառաջ այն հանգամանքով, որ այն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնության հիման վրա, այլ ոչ թե կառավարության կամ քաղաքական նեղ շրջանակի որոշմամբ։

Բացի այդ, Փաշինյանի խոսքով՝ օրենքն ու դրա շուրջ բանավեճը ներկա են եղել Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ, և քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է օրենքի օգտին։

«Ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը, բայց էլի եմ ասում՝ որն է խոսակցության և երկխոսության նպատակը՝ գտնել լուծումներ, որովհետև ես չեմ կարծում, որ կան իրավիճակներ, որտեղ հնարավոր չի լուծումներ գտնել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանին վնասելու ցանկություն, մտադրություն կամ նպատակ չի ունեցել, չունի և չի ունենալու։ Նույնը, նրա խոսքով, Հայաստանն ակնկալում է Ռուսաստանից։

«Մենք հարգում ենք, բնականաբար, Ռուսաստանի ինքնիշխանությունը, Ռուսաստանի շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու մեր շահերն էլ ենք հարգում, բնականաբար, ամենայն հարգանքով՝ ավելի շատ, քան Ռուսաստանի շահերը, և մենք այստեղ պետք է գտնենք լուծումներ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը ոչ թե աճում է, այլ նվազում։ Նա դա պայմանավորել է իրավիճակի նկատմամբ հայկական կողմի բարեկամական վերաբերմունքով։

«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, վիճելու մտադրություն չունենք, մենք ուղղակի բարեկամաբար, եղբայրաբար խոսելու ենք, և այդ խոսակցությունը շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը։

Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեռևս 2025-ի մարտին հայտարարել էր, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել երկու միությունների միջև, իսկ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում Մոսկվան կվերանայի Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը։

2026-ի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի ուշ հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն ակնկալում է՝ Հայաստանը մինչև դեկտեմբեր որոշում կկայացնի այդ հանրաքվեի անցկացման հարցում։

Հայաստանի Ազգային ժողովը 2025-ի մարտի 26-ին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Օրինագիծը ներկայացվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում՝ 2024-ին անցկացված ստորագրահավաքի արդյունքում։ Նախաձեռնության հեղինակները պահանջվող 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին ավելի քան 52 հազարը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էր։

Օրենքի ընդունումը, սակայն, չի նշանակում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում։

Փաշինյանը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Վարչապետը դեկտեմբերին նախատեսում է ևս երկու այց Ռուսաստան՝ դեկտեմբերի 11-ին և 22-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում