«Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։ Նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նախ երկխոսություն ծավալել հանրության և քաղաքացիական հասարակության հետ, ապա նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանն ու քվեարկությանը։
Փաշինյանի խոսքով՝ անկախ ընդդիմության հետ երկխոսության արդյունքներից՝ իշխանությունները հանրության և քաղաքացիական հասարակության հետ քննարկումներ անցկացնելու կարիք ունեն։
«Ազգային ժողովում, կարծում եմ, անխուսափելիորեն պետք է լինի քննարկում, անխուսափելիորեն պետք է լինի քվեարկություն, քվեարկության արդյունքներով արդեն հետագա իրադարձությունների մասին կմտածենք»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննադատություններին՝ Փաշինյանը նշել է, որ հրապարակվածը տեքստի առաջին նախագիծն է, և իշխանությունները պատրաստ են լսել փաստերն ու փաստարկները։ Դա, սակայն, նրա խոսքով, չի նշանակում, որ ներկայացված բոլոր առաջարկները պետք է ընդունվեն։
«Դատական համակարգի հետ կապված փոփոխությունները մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն, և դա այն տառապալից հարցերից մեկն է, որ արդեն ութ տարի Հայաստանում կա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ իշխանություններին քննադատում են ինչպես դատական համակարգում վեթինգի հնարավորություն նախատեսելու, այնպես էլ այդ հնարավորության բացակայության համար։ Նրա խոսքով՝ այդ հարցում անհրաժեշտ է քաղաքական ընտրություն կատարել։
Փաշինյանն առանձնացրել է նաև նոր Սահմանադրության նախագծով բոլոր անկախ և ինքնավար մարմիններում ընդդիմության համար քվոտա նախատեսելու առաջարկը՝ մասնավորապես հիշատակելով Բարձրագույն դատական խորհուրդն ու Կենտրոնական բանկի խորհուրդը։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ պաշտոնները քաղաքականացվելու են, այլ որոշակի երաշխիքներ է ստեղծում այդ մարմիններում ներառականությունն ապահովելու համար։
Վարչապետը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները նոր են սկսվել, և ցանկացած հարց քննարկելի է՝ փաստերի ու փաստարկների հիման վրա։
Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրության ընդունման հարցում չհաջողվեր համոզել ընդդիմությանը։ Սակայն մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 29-ին, վարչապետը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չառաջանալու հավանականությունը մեծ է։ Փաշինյանի գնահատմամբ՝ հնարավոր էր ընդդիմությանն այնպիսի առաջարկ ներկայացնել, որից վերջինս չէր կարողանա հրաժարվել։
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է իրականացնել դատավորների մեկանգամյա վերագնահատում, որոշ հանցագործությունների համար նախատեսել քաղաքացիությունից զրկելու հնարավորություն և խորհրդարանական ընդդիմությանը մի շարք անկախ ու ինքնավար մարմիններում անդամներ առաջադրելու իրավունք տալ։
Գործող Սահմանադրության համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայնը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը դրա համար պակասում է վեց ձայն։
Նոյեմբերի 20-ին Փաշինյանը պաշտոնապես առաջարկել էր ընդդիմությանը տրամադրել անհրաժեշտ վեց ձայնը՝ խոստանալով հանրաքվեում նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նախագծի ընդունման դեպքում՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։
Խորհրդարանական ընդդիմությունը մերժել է Փաշինյանի առաջարկը։
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում, ի տարբերություն գործող Սահմանադրության, հղում չկա Հայաստանի անկախության հռչակագրին։ Նոյեմբերի 23-ին ժողովրդին ուղղված ուղերձում Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված չէ արտաքին ճնշումներով։












