Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Թրիփփի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք համաձայնագրին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լիազորվել է Հայաստանի կառավարության անունից համաձայնագիրը կնքել ամերիկյան «TDC US Inc.» ընկերության հետ։
Բաժնետիրական համաձայնագրով կսահմանվեն ընկերության բաժնետերերի իրավասություններն ու փոխհարաբերությունները, ինչպես նաև բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Ընկերության բաժնետերերն են լինելու Հայաստանի կառավարությունը և ԱՄՆ Դելավեր նահանգում հիմնադրված «TDC US Inc.» ընկերությունը, որն ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն է։
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրով TRIPP-ի զարգացման ընկերության բաժնետոմսերի սկզբնական բաշխման համար նախատեսված է 74/26 տոկոս հարաբերակցություն՝ հօգուտ ամերիկյան կողմի։
Ազգային ժողովը հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը վավերացրել է 2026-ի հոկտեմբերի 28-ին՝ 63 կողմ և 32 դեմ ձայներով։ Համաձայնագիրը ստորագրվել էր հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ Երևանում։ Այն վավերացնելու մասին օրենքն ուժի մեջ է մտել նոյեմբերի 11-ին։
Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է, որ TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման նպատակով կողմերը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ընկերության կանոնադրությունը և բաժնետիրական համաձայնագիրը։
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն ընդունել է նաև TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման և կառավարման համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նույն օրը Սյունիքի մարզում մեկնարկել են նախագծով նախատեսված երկաթուղու նախագծման աշխատանքները։
TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի տարածքում երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքների զարգացում։












