Գլխավոր Լրահոս

Կառավարությունը սահմանել է երկաթուղու պաշտպանական գոտիներում կառուցապատման կարգը

Կառավարությունը սահմանել է երկաթուղու պաշտպանական գոտիներում կառուցապատման կարգը

Հայաստանում երկաթուղու պաշտպանական գոտիներում՝ երկաթուղային գծի առանցքից մինչև 50 մետր հեռավորությամբ տարածքներում կառուցապատման առաջարկությունները պետք է համաձայնեցվեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է նոյեմբերի 26-ի նիստում։

Որոշմամբ սահմանվում են երկաթուղու պաշտպանական գոտիներում թույլատրելի կառուցապատման տեսակները, դրանց համաձայնեցման ընթացակարգերը և ժամկետները։

Այդ տարածքներում, քաղաքաշինական նորմերի պահպանմամբ, թույլատրվում է կառուցել, վերակառուցել, վերականգնել և հիմնանորոգել ավտոմոբիլային ճանապարհներ, կայանատեղեր ու կանգառատեղեր, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների գործառույթների հետ անմիջականորեն կապված շենքեր ու շինություններ, ինչպես նաև արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, այդ թվում՝ կապի ենթակառուցվածքներ։

Կառուցապատման առաջարկությունը համաձայնեցնելու համար համայնքի ղեկավարը պետք է ՏԿԵ նախարարություն ներկայացնի փաստաթղթերի փաթեթ՝ ներառելով հողամասի և նախատեսվող կառույցի տեղադիրքը, երկաթուղային գծից դրա հեռավորությունը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի և առկա սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունները։ Համայնքի ղեկավարը պետք է հիմնավորի նաև նախատեսվող կառույցի կարևորությունը համայնքի համար և այլ համարժեք հողամաս տրամադրելու անհնարինության պատճառները։

Նախարարությունը պահանջներին համապատասխանող փաստաթղթերի փաթեթը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է համաձայնեցում տա կամ ներկայացնի հիմնավորված մերժում։ Սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելու դեպքում համաձայնեցումը կհամարվի դրական։

Որոշման հիմնավորման համաձայն՝ կառավարությունը դեռևս 2025-ի օգոստոսի 21-ին սահմանել էր երկաթուղու պաշտպանական գոտիների չափերը, սակայն այդ տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգ չէր սահմանվել։

Նոր կարգի մշակման հանձնարարականը տրվել էր 2025-ի օգոստոսի 18-ին՝ տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում։ 2026-ի փետրվարի 13-ին նախագիծը քննարկվել էր Քաղաքաշինության կոմիտեի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո այն լրամշակվել էր։

Որոշումն ընդունվել է Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման գործնական փուլի մեկնարկից երեք օր անց։ Նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում մեկնարկել են նախագծի շինարարության նախապատրաստական աշխատանքները։ TRIPP-ի շրջանակում նախատեսվում է երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային կապի ենթակառուցվածքների ստեղծում։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ որոշմամբ ակնկալվում է հստակեցնել և կանոնակարգել երկաթուղու պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործընթացները։ Որոշման ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում