Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Հայաստան՝ սեպտեմբերին հետաձգված հանդիպումից հետո

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Հայաստան՝ սեպտեմբերին հետաձգված հանդիպումից հետո

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկկողմ հանդիպում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» (Peace Bridge) նախաձեռնությունը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ցամաքային սահմանով:

Հանդիպումը տեղի կունենա Գանձասարի շուրջ առաջացած լարվածության և ադրբեջանական կողմի խնդրանքով սեպտեմբերին նախատեսված հանդիպման հետաձգումից երկու ամիս անց։

Ըստ տարածված հաղորդագրության՝ կլոր սեղանի ձևաչափով քննարկման օրակարգում են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության օրակարգը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը, երկու հասարակությունների միջև փոխվստահության ձևավորումը, տարածաշրջանային տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների զարգացման հնարավորությունները։

Մասնակիցները կքննարկեն նաև մարդասիրական, կրթության և երիտասարդության հետ աշխատանքի հարցեր, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարները։

Սեպտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հերթական հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Ադրբեջանական կողմն այդ փուլում հանդիպման անցկացումը նպատակահարմար չէր համարել։

Դրան նախորդել էր սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը հայաթափված Արցախ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ։ Այցի ընթացքում Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել էր որպես Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգություն, իսկ Գանձասարի Մատենադարանում դիվանագետներին ցուցադրել հայկական ձեռագրերի մակետների դատարկ էջերը։

Սեպտեմբերի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան և ադրբեջանական խմբերը հանդես էին եկել միմյանց հակասող հայտարարություններով։ Հայաստանյան կողմը մտահոգություն էր հայտնել հայկական մշակութային ժառանգության ներկայացման առնչությամբ՝ նշելով, որ տեղի ունեցածը խորացնում է անվստահությունը, իսկ ադրբեջանական կողմը հայկական արձագանքը բնորոշել էր որպես թշնամական և անընդունելի։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին Հաջիևի հայտարարություններն անհիմն էր անվանել։ Սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասարի վանական համալիրի հայկական ծագումը։

Նույն օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Գանձասարի դեպքից հետո զրուցել է Հաջիևի հետ՝ ընդգծելով, որ նման միջադեպերը չպետք է խանգարեն խաղաղության գործընթացին։

Նոյեմբերի 16-ին նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչները հայտնել էին, որ պատրաստվում են Հայաստանում ընդունել ադրբեջանցի գործընկերներին։

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների այս ձևաչափով հանդիպումները մեկնարկել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո՝ երկու երկրների կառավարությունների աջակցությամբ։ Առաջին հանդիպումն անցկացվել է 2025-ի հոկտեմբերի 21-22-ին Երևանում, երկրորդը՝ նոյեմբերի 21-22-ին Բաքվում, որտեղ որոշվել է նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»։

2026-ի փետրվարի 13-14-ին երրորդ հանդիպումն անցկացվել է Ծաղկաձորում։ Ադրբեջանցի փորձագետները Հայաստան էին ժամանել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածով։ Չորրորդ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 10-12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում, որտեղ նախաձեռնության մասնակիցներին ընդունել էր նաև Հիքմեթ Հաջիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում