Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է պահպանել կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքը, սակայն փոխել դրա ձևավորման մեխանիզմը։ Եթե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերին չհաջողվի մեծամասնություն ձևավորել, նախ կանցկացվեն նոր ընտրություններ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խորհրդարանի ձևավորման ժամանակ կայուն մեծամասնության սկզբունքի պահպանումը հիմնավորել է Հայաստանում փոքրամասնության կառավարության արդյունավետ գործունեության վերաբերյալ մտահոգություններով։
«Ես անձամբ շատ մանրակրկիտ ուսումնասիրել եմ փոքրամասնության կառավարության կոնցեպտը և ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ մեր երկրի նման երկրում դա ուղղակի չի կարող աշխատել»,- ասաց Գալյանը։
Նրա գնահատմամբ՝ պետական ինստիտուտների ոչ բավարար կայացածության պայմաններում փոքրամասնության կառավարությունը կարող է դժվարությունների բախվել իր ծրագրերի իրականացման հարցում։ «Փոքրամասնության իշխանությունն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ այն համատեքստում, որ որևէ ծրագիր ուղղակի կարող է առաջ չգնալ»,- զգուշացրեց նախարարը։
Ինչպե՞ս է գործելու նոր մեխանիզմը
Գործող Սահմանադրության 89-րդ հոդվածով Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։ Եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով մեծամասնություն չի ձևավորվում, կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ։
Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է, որ եթե ընտրությունների արդյունքում կամ երկշաբաթյա ժամկետում քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով խորհրդարանական մեծամասնություն չձևավորվի, նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվի։ Կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամկետի ավարտից 30-45 օր անց կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ։
Ի տարբերություն գործող կարգավորման՝ խոսքը ոչ թե առավելագույն թվով ձայներ ստացած երկու քաղաքական ուժերի մասնակցությամբ ընտրությունների երկրորդ փուլի, այլ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին է։
Գալյանի խոսքով՝ այս մեխանիզմը նոր հնարավորություն կտա ինչպես ընտրողներին՝ վերանայելու իրենց ընտրությունը, այնպես էլ քաղաքական ուժերին՝ վերադասավորվելու և համագործակցության շուրջ պայմանավորվելու։
Միայն եթե կրկնակի ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով ևս չձևավորվի խորհրդարանական մեծամասնություն, կգործարկվի կայուն մեծամասնության ձևավորման՝ Ընտրական օրենսգրքով սահմանված մեխանիզմը։
Ընդդիմությանը կերաշխավորվի մանդատների առնվազն մեկ երրորդը
Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է սահմանադրական մակարդակով ամրագրել նաև խորհրդարանական փոքրամասնության ներկայացվածության երաշխիքը։
Եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանա պատգամավորական մանդատների ավելի քան երկու երրորդը, մյուս քաղաքական ուժերին կտրամադրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց ընդհանուր ներկայացվածությունը խորհրդարանում կազմի առնվազն մեկ երրորդը։
«Մենք կարծում ենք, որ ինչ էլ լինի, ընդդիմության ներկայացվածությունը պատշաճ կերպով պետք է ապահովվի»,- ասել է Գալյանը։
Հարցին, թե որքանով է խորհրդարանում մանդատների մեկ երրորդի ապահովումը մեծացնում ընդդիմության ազդեցությունը որոշումների կայացման վրա, նախարարը մատնանշել է նախագծով ընդդիմությանը վերապահվող այլ լիազորություններ: Մասնավորաբար, խոսքն անկախ և ինքնավար մարմիններում թեկնածուներ առաջադրելու, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և կառավարության առանձին անդամներին անվստահություն հայտնելու հնարավորությունները։
Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքը Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու շրջանակում։ Դրույթը տարիների ընթացքում քննադատության է արժանացել իշխանության կենտրոնացման և ընտրությունների արդյունքներով ձևավորված քաղաքական ուժերի ներկայացվածության համամասնությունը փոխելու հնարավորության պատճառով։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է Արդարադատության նախարարության անունից՝ առանց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաստատման։ Այն ներկայացվել է հանրային քննարկման և, կառավարության ներկայացուցիչների խոսքով, դեռևս ենթակա է փոփոխությունների։











