Գլխավոր Լրահոս

Դատավորների համատարած վեթինգ․ ինչպե՞ս է երաշխավորվելու նրանց անկախությունը

Դատավորների համատարած վեթինգ․ ինչպե՞ս է երաշխավորվելու նրանց անկախությունը

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դատավորների համատարած վերագնահատումը՝ վեթինգը, մտահոգություններ է առաջացրել դատավորների անկախության և անփոփոխելիության սահմանադրական երաշխիքների վերաբերյալ։

Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածով առաջարկվում է, որ Մայր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, կստանան դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ և հինգ տարվա ընթացքում կանցնեն մեկանգամյա վերագնահատում։

Գործընթացը կիրականացնի հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ Կգնահատվեն դատավորների մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու գույքային դրությունը։

«Մենք փորձել ենք նախագծով սահմանել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ և բավարար են, որպեսզի դատավորի ժամանակավոր պաշտոն զբաղեցնող անձն ունենա բոլոր այն իրավունքները, իրավական հնարավորություններն ու երաշխիքները, որոնք ունեն դատավորները»,- ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ անդրադառնալով դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակի համատեղելիությանը դատավորների անկախության և անփոփոխելիության սահմանադրական երաշխիքների հետ։

Նախարարը դատավորների համատարած վեթինգի անհրաժեշտությունը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ գործող Սահմանադրության կարգավորումները, իր գնահատմամբ, հնարավորություն չեն տվել լիարժեք իրականացնելու դատավորների վերագնահատման գործընթացը։

«Մինչ այդ ասում էին՝ ինչո՞ւ չեք արել մաքուր իմաստով վեթինգ։ Մենք բացատրում էինք, որ ներդրել ենք, օրինակ, գույքային դրության ստուգման կառուցակարգ, ստեղծել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և իրականում շատ բան ենք արել, բայց ընդունել ենք, որ դրանք հատվածական բնույթ են կրել»,- ասաց Գալյանը։

Անդրադառնալով մտահոգություններին, որ վեթինգը կարող է վերածվել իշխանության համար անցանկալի դատավորներից ազատվելու գործընթացի՝ նախարարը նշեց, որ իրավական կարգավորումները պետք է բացառեն նման հնարավորությունը։

«Ես կարծում եմ, որ պետք է նորմերն այնպես ձևակերպվեն, որ ձեր ասածը բացառվի։ Եթե այդ մարմինը լինելու է անկախ մարմին, պետք է երաշխավորվի այդ մարմնի անկախությունը և անաչառությունը»,- ընդգծեց նա։

Գալյանն առաջարկեց վերագնահատման շրջանակում անցկացվող հարցազրույցները հրապարակային դարձնել, իսկ մասնագիտական գիտելիքների ստուգումն իրականացնել ապանձնավորված էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նվազագույնի հասցնելով մարդկային միջամտության և արդյունքների խեղաթյուրման հնարավորությունը։ Ընթացակարգերի մանրամասները, ըստ նախարարի, պետք է սահմանվեն օրենսդրությամբ։

Հայաստանի դատավորների միությունը նոյեմբերի 24-ին տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել ինչպես ԲԴԽ բոլոր անդամների ընտրությունը խորհրդարանին վերապահելու, այնպես էլ գործող դատավորների համատարած վերագնահատման առաջարկների առնչությամբ։

Միության գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումները վտանգում են դատավորների անկախության, անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության սահմանադրական երաշխիքները։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է Արդարադատության նախարարության անունից՝ առանց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաստատման։ Այն ներկայացվել է հանրային քննարկման և, կառավարության ներկայացուցիչների խոսքով, դեռևս ենթակա է փոփոխությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում