Գլխավոր Լրահոս

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոխվում գործողի համեմատ

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոխվում գործողի համեմատ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ ՍիվիլՆեթը համեմատել է այն գործող Սահմանադրության հետ՝ առանձնացնելով պետական կառավարման, ընտրությունների, դատական համակարգի և քաղաքացիների իրավունքների հիմնական փոփոխությունները։

Նախագծում Անկախության հռչակագրին հղում չկա։ Առաջարկվում է սահմանափակել արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը, որոշ հանցագործությունների համար թույլատրել քաղաքացիությունից զրկելը և իրականացնել դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Փոխվում են նաև խորհրդարանի, կառավարության և անկախ պետական մարմինների լիազորությունները։

Գործող Սահմանադրությունն ունի 16 գլուխ և 220 հոդված, իսկ առաջարկվող նախագիծը՝ 12 գլուխ և 89 հոդված։ Նախագիծը պահպանում է խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն վերանայում է դրա մի շարք մեխանիզմներ։

Անկախության հռչակագրին հղումը հանվում է

Գործող Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» բառերով և հղում անում Անկախության հռչակագրում ամրագրված պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին։

Նոր նախաբանը սկսվում է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» բառերով։ Դրանում խոսվում է «մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու» առաքելության մասին։

Նախագծի առաջին հոդվածով Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իսկ երրորդ հոդվածով ժողովուրդը սահմանվում է որպես Հայաստանի քաղաքացիների հավաքական ամբողջություն։

Պետական խորհրդանիշների նկարագրությունը դուրս է բերվում

Գործող Սահմանադրության 21-րդ հոդվածում նկարագրված են Հայաստանի զինանշանն ու դրոշը։ Զինանշանի նկարագրության մեջ հիշատակվում են Արարատ լեռը և Նոյյան տապանը։

Նախագծում այդ նկարագրությունները չկան։ Ըստ 16-րդ հոդվածի՝ զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվելու են հանրաքվեով ընդունվող օրենքով։

Սահմանափակվում է արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը

Գործող Սահմանադրությամբ Հայաստանի 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք՝ առանց Հայաստանում բնակության տևողության ընդհանուր պահանջի։

Նախագծի 20-րդ հոդվածով ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանում։

Փոփոխությունն անմիջականորեն վերաբերում է արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների։

Հնարավոր է դառնում քաղաքացիությունից զրկելը

Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածն արգելում է Հայաստանի քաղաքացուն քաղաքացիությունից զրկելը։

Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվում է դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Նման որոշման դեպքերը և ընթացակարգերը պետք է սահմանվեն օրենքով։

Որոշ օրենքներ կարող են հետադարձ ուժ ունենալ

Գործող Սահմանադրության 73-րդ հոդվածով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։

Նոր նախագծի 20-րդ հոդվածը պահպանում է այդ սկզբունքը, սակայն բացառություն է նախատեսում, եթե հետադարձ կիրառումը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար։

Միաժամանակ պահպանվում են քրեական իրավունքի հիմնարար երաշխիքները, այդ թվում՝ արարքը կատարելու պահին նախատեսվածից ավելի ծանր պատիժ նշանակելու արգելքը։

Խորհրդարանն ստանում է նոր լիազորություններ

Նախագծով Ազգային ժողովը կարող է ինքն իրեն արձակել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Գործող Սահմանադրությունում նման ընդհանուր հնարավորություն չկա։

Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել ոչ միայն վարչապետին, այլև առանձին փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ և հանգեցնում պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցմանը։

Փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածությունները, որպես ընդհանուր կանոն, քննարկվելու են խորհրդարանական հանձնաժողովի հրապարակային նիստում։ Բացառություն է նախատեսվում նոր վարչապետի նշանակումից հետո կառավարության սկզբնական կազմավորման համար։

Փոխվում է նաև պատգամավորի կարգավիճակը։ Կառավարության անդամ նշանակվելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները ոչ թե դադարում են, այլ կասեցվում։

Սահմանափակվում է ընտրություններում հաղթող ուժի առավելությունը

Նախագծի 30-րդ հոդվածով, եթե կուսակցությունը կամ դաշինքը ստանում է մանդատների երկու երրորդից ավելին, մյուս ուժերը լրացուցիչ մանդատներ են ստանում, որպեսզի նրանց ընդհանուր բաժինը կազմի խորհրդարանի մեկ երրորդը։

Փոխվում է նաև կայուն մեծամասնության ձևավորման կարգը։

Եթե առաջին ընտրություններից հետո մեծամասնություն չի ձևավորվում, և երկու շաբաթվա ընթացքում կոալիցիա չի կազմվում, նորընտիր Ազգային ժողով չի ձևավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ։

Միայն կրկնակի ընտրությունների ձախողումից հետո կարող է կիրառվել կայուն մեծամասնության ապահովման մեխանիզմը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը։

Ընդդիմությունը ներկայացվածություն է ստանում անկախ մարմիններում

Նախագիծը խորհրդարանական ընդդիմությանն անդամներ առաջադրելու իրավունք է տալիս Բարձրագույն դատական խորհրդում, նորաստեղծ Դատախազական խորհրդում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Կենտրոնական բանկում և Հաշվեքննիչ պալատում։

Նման ներկայացվածություն նախատեսվում է նաև կոլեգիալ ինքնավար մարմիններում։

Պատգամավորական էթիկայի հանձնաժողովում իշխող մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների թիվը, որոշ բացառություններով, հավասար կլինի։

Սակայն որոշ բարձր պաշտոններում ընտրության ընթացակարգը կարող է նաև նվազեցնել ընդդիմության համաձայնության անհրաժեշտությունը։ Եթե Սահմանադրական դատարանի դատավորի, գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների հանձնակատարի թեկնածուն առաջին փուլում երեք հինգերորդ ձայն չի հավաքում, հաջորդ փուլում կարող է բավարար լինել պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Վարչապետի դերը զինված ուժերում ընդլայնվում է

Գործող Սահմանադրությամբ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։

Նախագծով վարչապետը գերագույն հրամանատար է առանց այդ սահմանափակման։

Զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը՝ բացառությամբ վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը կարող է որոշել երկրի ներսում զինված ուժերի կիրառման հարցը, սակայն կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումը։

Նախագծում վարչապետի գլխավորած Անվտանգության խորհուրդն այլևս սահմանադրական մարմին չէ։

Փոխվում է դատական համակարգի կառավարումը

Գործող Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, հինգին՝ Ազգային ժողովը։

Նոր նախագծով բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովը միայն առաջադրելու է դատավոր անդամների թեկնածուներին։

Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց դառնում է յոթ տարի։

Նախատեսվում է նաև Դատախազական խորհրդի ստեղծում՝ որպես անկախ պետական մարմին, որը զբաղվելու է դատախազների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներով, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հարցերով։

Գործող դատավորները կանցնեն վերագնահատում

Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, հինգ տարվա ընթացքում կանցնեն մեկանգամյա վերագնահատում։

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նրանք կպաշտոնավարեն որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ՝ պահպանելով արդարադատություն իրականացնելու լիազորությունները։

Վերագնահատումն իրականացնելու է Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը։ Այն ստուգելու է դատավորների բարեվարքությունը, մասնագիտական կարողությունները և գույքային դրությունը։

Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվելու է Հանրապետության նախագահին, որը կարող է որոշում ընդունել կամ առարկություններով վերադարձնել այն։

Եզրակացություններն ինքնին դատական վերանայման ենթակա չեն, սակայն պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը հնարավոր կլինի բողոքարկել Սահմանադրական դատարան։

Լրատվամիջոցների և կուսակցությունների համար նոր պահանջներ

Նախագծի 28-րդ հոդվածն առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության սկզբունքը։

Փոխվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակը։ Այն այլևս չի պահպանվում որպես առանձին սահմանադրական մարմին։ Գործառույթները պետք է փոխանցվեն նոր ինքնավար մարմնի։

Կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն քաղաքացիների նվիրատվությունների և պետական բյուջեի միջոցների հաշվին։

Նախագիծը նախատեսում է նաև օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստացած կամ պետության անկախությունից հրաժարում քարոզող կուսակցության գործունեության արգելման հնարավորություն՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Սահմանադրական փոփոխությունները՝ միայն հանրաքվեով

Գործող Սահմանադրությամբ մի շարք հոդվածներ կարող է փոփոխել Ազգային ժողովը՝ երկու երրորդ մեծամասնությամբ։

Նախագծով Սահմանադրության բոլոր փոփոխություններն ընդունվելու են միայն հանրաքվեով։

Միաժամանակ նախագիծը հանրաքվեի դնելու խորհրդարանական շեմը երկու երրորդից իջեցվում է երեք հինգերորդի։

Սահմանադրական հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ նվազագույն կողմ ձայների շեմը բարձրանում է մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդից մինչև մեկ երրորդը։

Սակայն բնակության նոր պահանջը կարող է փոխել նաև ընտրական իրավունք ունեցողների ընդհանուր թիվը, որից հաշվարկվում է այդ շեմը։

Փոխվում են քաղաքացիական նախաձեռնությունների պայմանները։ Օրենքի նախագիծ առաջարկելու համար անհրաժեշտ ստորագրությունները 50,000-ից նվազում են մինչև 40,000, իսկ մերժված օրինագիծը հանրաքվեի դնելու համար պահանջվող ստորագրությունների շեմը՝ 300,000-ից մինչև 200,000։

Հանրաքվեով ընդունված օրենքների փոփոխման կարգից հանվում է «միայն» բառը

Գործող Սահմանադրության 204-րդ հոդվածով հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։

Նոր նախագծի 79-րդ հոդվածում «միայն» բառը բացակայում է։ Նշվում է, որ այդ օրենքները կարող են փոփոխվել հանրաքվեով։

Այսպիսով, բացառապես հանրաքվեով փոփոխելու ուղղակի պահանջը չի պահպանվում։

Սակայն նախագծում հստակ չի սահմանվում, թե ինչ այլ ընթացակարգով հնարավոր կլինի փոփոխել այդ օրենքները։

Եկեղեցու կարգավիճակը պահպանվում է, աշխարհիկ պետության սկզբունքն ամրագրվում

Նախագիծը պահպանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը։

Սակայն փոխվում է պետության և եկեղեցու հարաբերությունների մասին ձևակերպումը։

Գործող Սահմանադրությամբ դրանք «կարող են կարգավորվել» օրենքով, իսկ նախագծով՝ «կարգավորվում են» օրենքով։ Այսպիսով, օրենսդրական կարգավորումը դառնում է սահմանադրական պահանջ։

Նախագիծն առաջին անգամ Հայաստանի սահմանադրական բնորոշման մեջ ավելացնում է «աշխարհիկ» բառը։ Այս դրույթը ներառվում է անփոփոխելի հոդվածների շարքում։

Ինչ է հաջորդելու

Նախագծի բոլոր դրույթները միաժամանակ ուժի մեջ չեն մտնելու։ Կառավարման համակարգին վերաբերող մի շարք գլուխներ կգործեն հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից, իսկ դատավորների վերագնահատման համար նախատեսվում է հինգ տարի։

Նախագիծը դեռ պետք է անցնի հանրային քննարկումներ և կարող է փոփոխվել։

Գործող Սահմանադրությամբ այն հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայնը։

Փաշինյանը հայտարարել է, որ հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում պատրաստ է հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում հաջորդ ընտրություններում։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցի նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում