Գլխավոր Լրահոս

Ընտրարշավ, որ վերածվեց տեղեկատվական պատերազմի

Ընտրարշավ, որ վերածվեց տեղեկատվական պատերազմի

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները տեղեկատվական պատերազմի մարտադաշտ էին հիշեցնում։ Մեդիաները դարձել էին քաղաքական ուժ, քաղաքական ուժերը՝ մեդիա։ Սրան գումարվել էր դրսի ու ներսի աննախադեպ մեծ խաղադրույքը՝ տեղեկատվության ու ապատեղեկատվության ալիքներով։ Սա կարծես ընտրություն էր ոչ թե փոքր մի երկրում, այլ հույժ կարևոր մի տերությունում։

Արևմուտքի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական այս կարճ միացումը ստվերեց Հայաստանի ընտրարշավի բուն խնդիրները, հանրության իրական տրամադրությունները, 2020-ի ծանր պարտությունից ու 2023-ի Արցախի աղետալի կորստից հետո ազգի հավաքական տրավման։

Ամեն ինչ աշխարհաքաղաքական էր. քաղաքական ուժերը պայմանականորեն բաժանվել էին արևմտամետների և ռուսամետների, թեև բոլորն էլ հետխորհրդային տիպի կուսակցություններ են ու իրարից առանձնապես չեն տարբերվում։ 

Դիրքավորումները հայելային արտացոլվեցին մեդիաների վրա։ Եթե նախորդ ընտրություններում քաղաքական ուժերը պայքարում էին մեդիաների միջոցով, ապա այս ընտրություններում մեդիաներից շատերը դարձան քաղաքական պայքարի անմիջական մասնակից։ Քաղաքական բևեռացումը վերածվեց տեղեկատվական բևեռացման։

Ընտրություններում պայմանական չորս խումբ լրատվամիջոց էր ակտիվ։

Խումբ 1 - իշխանական մեդիաներ

Այս խմբում իշխանությանը սպասարկող մեդիաներն են, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, կայքեր, սոցմեդիայի էջեր։ Գլխավոր խնդիրը՝ սևացնել քաղաքական հակառակորդներին։ 

Որոշ դեպքերում ապատեղեկատվության հետևում երևում էր բարձրաստիճան պաշտոնյաների հետքը։ 

Երկրում ամենամեծ տարածում ունեցող լրատվամիջոցը՝ Հանրային հեռուստաընկերությունը, շարունակեց կողմնակալ լուսաբանումը։ «Ի հակադրություն իր իրավական պարտավորությունների և հանրային առաքելության՝ Հայաստանի հանրային հեռարձակողը Հ1-ի լրատվական թողարկումներում ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության օգտին և բացասական երանգներով է լուսաբանել հիմնական ընդդիմադիր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին)»,- արձանագրեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը։ Խումբ 1-ում կարելի է տեղադրել նաև անկախի գլխարկով, բայց հիմնականում իշխող ուժի պաշտպանությամբ հանդես եկող պրոքսի մեդիաներին, փորձագետներին և ինֆլուենսերներին, որոնք իշխանությանը երբեմն խայթելով՝ այնուամենայնիվ քննադատության առանցքում պահում են ընդդիմադիրներին։

Ընտրարշավի ժամանակ իշխող կուսակցության և նրան սպասարկող մեդիաների գլխավոր պատմույթը խաղաղությունն էր՝ ընդդեմ «պատերազմի եռագլուխ կուսակցության»։ Այս որակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձոնեց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին բնութագրելու համար։ Ուշագրավ է, որ ընտրարշավին մասնակցող 18 ուժերի և ոչ մեկը չկիրառեց ռևանշիստական բառամթերք։ Բայց մեդիաներին դա չի խանգարում տարածել թեկուզ այն, ինչը չկա։ 

Խումբ 2 - ընդդիմադիր մեդիաներ

Այս խմբում ընդդիմադիր կուսակցություններին սպասարկող լրատվամիջոցների էկոհամակարգն է՝ հեռուստաընկերություններ, կայքեր, պոդկաստերներ, ինֆլուենսերներ և այլն։ Սա բազմազան խումբ է և ներկայացնում է քաղաքական տարբեր ուժերի։ Նրանց թիրախում իշխանությունն է՝ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությամբ։

Թե 1-ին, թե 2-րդ խմբի դեպքում թափանցիկ չեն ֆինանսավորման աղբյուրները (բացառությամբ Հ1-ի)։ Այս լրատվամիջոցները և ինֆլուենսերներն ակնհայտորեն ֆինանսավորվում են քաղաքական դեմքերի ու գործարարների կողմից։ Իսկ ընտրարշավի ընթացքում ֆինանսական հոսքերը բազմապատկվում են։  

Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է. ընդդիմությունը ոչ պակաս (եթե ոչ ավելի) ֆինանսական ու մեդիա ռեսուրսների է տիրապետում, քան իշխանությունը։ Սա ընտրողին ավելի բարդ դրության մեջ է դնում, որովհետև ներդրվող գումարները մեծացնում են ոչ թե որակյալ բովանդակությունը, այլ քաղաքական թիրախավորումը։Այս երկու խումբ լրատվամիջոցներից շատերը չեն հրապարակել իրենց լրագրողական էթիկայի սկզբունքները։ Հաճախ հայտնի չէ նաև նրանց խմբագրակազմը։

Խումբ 3 - ռուսական մեդիաներ

Այս խմբում ռուսական մեդիան է՝ ի դեմս Հայաստանում վերգետնյա հեռարձակում ունեցող հեռուստաալիքների, ռուսական մեծ գործակալությունների տեղական մասնաճյուղերի, տարատեսակ կայքերի ու սոցիալական էջերի, Ռուսաստանից ֆինանսավորվող հայկական լրատվամիջոցների։ Այս խմբի, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների թիրախում Հայաստանի իշխանություններն էին և ԵՄ անդամակցության թեման։ Թեև Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն (որն իրականում կապ չունի ԵՄ անդամակցության իրական գործընթացի հետ!) ընդունել էր անցյալ տարվա մարտին, Ռուսաստանում դրա մասին ակտիվ հիշեցին ընտրարշավի ընթացքում՝ Հայաստանին կոչ անելով ի վերջո կողմնորոշվել՝ Եվրոպա են գնում, թե մնում են ԵԱՏՄ-ում։

Ռուսական տեղեկատվական գրոհն ուղեկցվում էր սոցցանցերում ապատեղեկատվություն, ինչպես նաև կեղծ հետաքննություններ տարածելով։

Գրոհին գումարվեց տնտեսական մահակը. Ռուսաստանը սահմանափակեց հայկական ապրանքների մուտքն իր շուկա, ինչն ուղեկցվում էր Հայաստանի հասցեին ուկրաինական սցենարի կրկնության սպառնալիքով։ Դժվար է ասել՝ Մոսկվան դրանով օգնեց Հայաստանում իր նախընտրելի ուժերին, թե հակառակը՝ ավելի համախմբեց իշխող կուսակցության ընտրազանգվածին։  

Խումբ 4  

Այս խումբը փոքր է՝ համեմատած վերևի երեք խմբերի։ Այն պայմանական կարող է կոչվել հանրային շահ սպասարկող կամ անկախ լրատվամիջոցներ։ Սակայն այս խումբը գրեթե ամբողջությամբ կախված է դրամաշնորհային ֆինանսավորումից։ Մի քանի լրատվամիջոց (գլխավորապես՝ ՍիվիլՆեթ, Ազատություն, Հետք, Ֆակտոր և Ինֆոքոմ) ընտրարշավի ընթացքում հավատարիմ մնացին իրենց առաքելությանը՝ հաշվետու պահելու քաղաքական ուժերին և կառավարությանը։ 

Այս խմբում հատուկ դեր ունեն փաստեր ստուգողները, որոնք ամենօրա ռեժիմով բացահայտում են կեղծ լուրերը։ ԱԲ-ով ստեղծված կեղծ և ոչ միայն կեղծ նյութերը ընտրարշավի նորույթն էին։ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ քաղաքական գործչի ելույթը հեռարձակվեց ԱԲ գեներացմամբ։

Հարկ է նկատել, որ դրամաշնորհային ֆինանսավորմամբ մի շարք հարթակներ (ինչպես նաև վերլուծական կենտրոններ, փորձագետներ, ինֆլուենսերներ) պաշտպանում են իշխանության գիծը՝ վերահաստատելով նրա հիմնական պատմույթները։ Նրանք Հանրային հեռուստաընկերության և այլ հարթակների հաճախակի հյուրերն են։

Աշխարհաքաղաքականության ստվերում

Սա Հայաստանի պատմության «ամենաաշխարհաքաղաքականացված» ընտրությունն էր, երբ ներսի ու դրսի հիմնական դերակատարներն ակնհայտ ցուցադրում էին իրենց նախապատվությունը։

Եթե Ռուսաստանը գործում էր կացնային ձևով՝ տեղեկատվական մակարդակում կամ պատժամիջոցներով, ապա Արևմուտքը դա անում էր քաղաքական-դիվանագիտական մակարդակում. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կանգառը, Երևանում մայիսի սկզբին կայացած եվրոպական երկու գագաթնաժողովները, Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բարենպաստ վերաբերմունքի ցուցադրություն էին, որի վերջակետը դրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ ինքն աջակցել է Փաշինյանի վերընտրությանը։ Ուշագրավ է, որ Հայաստանի ընտրություններում իրենց նախապատվությունը չքողարկեցին նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

Արևմտյան մեյնսթրիմ մեդիան Հայաստանում կատարվողը լուսաբանեց հիմնականում Արևմուտք-Ռուսաստան հակադրության կոնտեքստում՝ չցանկանալով խորանալ հայաստանյան ներքին իրողությունների մեջ։ Տպավորություն էր, որ ՀՀ քաղաքացին ընտրություն է կատարում ոչ թե իր քաղաքական գործիչների, այլ Պուտինի ու Արևմուտքի միջև։

Կարծրատիպերը ենթադրում են, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշումն ինքնաբերաբար հոմանիշ է նրա ժողովրդավարացմանը։ Այս պարզունակ մոտեցումը ստվերում թողեց տեղում առկա խորքային շատ իրողություններ։ Ճշմարտությունը լսարանի ճաշակին հարմարեցնելը շարունակում է մնալ մեդիայի ամենամեծ գայթակղությունը, նույնիսկ՝ որակյալ մեդիաների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում