Երեկ հանդիպել էի շվեդ մի հետազոտողի, որն ուսումնասիրում է 2020-ի Ղարաբաղյան պատերազմը։ Ասում էր՝ իրենց համար կարևոր է պատերազմը հասկանալ հենց այն վերապրած մարդկանց աչքով՝ ոչ միայն փաստաթղթերով, ռազմական քարտեզներով կամ պաշտոնական զեկույցներով։ Տեղում եղած ընկալումներն ու գնահատականները կարող են տարբեր լինել դրսի հետազոտողների եզրահագնումներից։
Շվեդիայում, ի տարբերություն մեզ, բավական լուրջ են մոտենում նաև ուրիշների պատերազմների ուսումնասիրությանը։ Եվ գուցե հենց արտաքին հայացքն է երբեմն թույլ տալիս տեսնել այն, ինչ ներսում՝ քաղաքական կրքերի, անձնական պատասխանատվության և պարտության տրավմայի պատճառով, դժվար է նկատել։
Պատերազմ ուսումնասիրողների մոտ, սակայն, գրեթե միշտ կա մի գայթակղություն՝ հաղթանակի կամ պարտության պատճառները բերել ընդհանրական բացատրության, գտնել գլխավոր սխալը, գլխավոր բացը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի դեպքում այդ գայթակղությունը հատկապես մեծ է, քանի որ Հայաստանի ղեկավարը պատերազմին նախորդած շրջանում և պատերազմի ընթացքում կոպտագույն սխալներ է թույլ տվել։ Դրանք ինքնին առանձին ուսումնասիրության առարկա պետք է լինեն, և արդեն իսկ կան որոշակի աշխատանքներ։
Կուզեի խոսել հետազոտողների ֆրագմենտացված մոտեցումների մասին։
Մի խումբ հետազոտողներ հայկական կողմի պարտությունը հիմնականում բացատրում են բանակի կառուցվածքային խնդիրներով։ Նրանց համար առանցքային են 1994-ից հետո բանակի զարգացման մոդելը, ռազմական բարեփոխումների սահմանափակությունը, շարժունակ և նախաձեռնող բանակից աստիճանաբար ավելի ծանր, կենտրոնացված ու խորհրդային տիպի համակարգի վերածվելը։ Այդ համակարգում, ըստ նրանց, ստորին և միջին օղակի հրամանատարների որոշումներ ընդունելու ազատությունը սահմանափակված էր, իսկ աշխարհի այլ բանակներում կուտակվող փորձը հաճախ չէր յուրացվում։
Հակադիր դպրոցը հիմնական պատասխանատվությունը դնում է քաղաքական ղեկավարության վրա։ Այս մոտեցման տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է. բանակը, այո՛, լուրջ խնդիրներ ուներ, բայց այդ խնդիրներն ինքնին չէին կանխորոշում այսօրինակ ծանր պարտությունը։ Ըստ նրանց՝ այլ քաղաքական որոշումների, այլ դիվանագիտության, պատերազմի այլ կառավարման և ժամանակին կայացված որոշումների դեպքում նույն բանակը կարող էր զգալիորեն ավելի լավ արդյունք ցույց տալ։
Երրորդ մոտեցումը կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիների ընթացքում խորացած ռազմական անհավասարակշռության վրա։ Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում էր ռազմական բյուջեն, ձեռք էր բերում նոր սպառազինություն, զարգացնում տեխնոլոգիական առավելությունը և պատերազմին պատրաստվում որպես երկարաժամկետ ծրագիր։ Այս տեսակետի համաձայն՝ որոշակի պահից հետո ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր դարձել, որ հայկական կողմի պարտությունը մեծապես կանխորոշված էր։
Չորրորդ խումբը խնդրի արմատը տեսնում է դիվանագիտական ճակատում։ Ըստ նրանց՝ պատերազմում Հայաստանի պարտությունը տեղի էր ունեցել դեռ մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը՝ բանակցային գործընթացի քայքայման, կողմերի դիրքորոշումների կոշտացման, միջնորդական մեխանիզմների թուլացման և հատկապես 2018-2020 թվականներին կուտակված քաղաքական/դիվանագիտական սխալների հետևանքով։
Շատ են պնդումները նաև, որ պատերազմի ելքի վրա որոշիչ դեր ունեցավ Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, անօդաչու և հետախուզական տեխնոլոգիաների զանգվածային կիրառումը, Հայաստանի ժողովրդագրական, տնտեսական ու աշխարհագրական/լոգիստիկ սահմանափակումները։
Հետազոտողներից ոմանց մոտ կա մի մեթոդաբանական արգելք, որին ես հորդորում եմ ուշադրություն դարձնել՝ վերևում թվարկվածները ոչ թե իրար բացառող, այլ փոխլրացնող բացատրություններ են, հաճախ՝ նույն շղթայի տարբեր օղակներ։
Հայաստանի քաղաքական ղեկավարության 2018-2020 թվականների դիվանագիտական վարքագիծը, իմ գնահատմամբ, բարձրացրեց պատերազմի հավանականությունը և Ադրբեջանի համար նվազեցրեց պատերազմ սկսելու քաղաքական գինը։ Հայաստանի ղեկավարությունը պատերազմի ընթացքում չկարողացավ ժամանակին ձևակերպել ռազմական ու քաղաքական իրատեսական նպատակներ և բավարար վճռականությամբ հասնել պատերազմի ավելի վաղ դադարեցմանը։
Այս ամենից չի հետևում, որ ավելի արդյունավետ դիվանագիտությունը անվերջ կարող էր փոխհատուցել տարիներով խորացող ռազմական անհավասարակշռությունը, սակայն միևնույն ժամանակ բանակցային ռեսուրսը սպառված չէր։ Նույն կերպ, Ադրբեջանի ռազմական առավելությունը չի նշանակում, որ պատերազմի ընթացքը, տևողությունը և վերջնական քաղաքական պայմանները կանխորոշված էին և որևէ մարդկային որոշում չէր կարող դրանք փոխել։
Հետազոտական հարցեր
Հենց այստեղից էլ սկսվում են, իմ կարծիքով, իրական հետազոտական հարցերը։
Եթե Հայաստանը նախորդ տասնամյակներում տեսականորեն կարողանար ստեղծել այլ՝ ավելի շարժունակ, ապակենտրոնացված, տեխնոլոգիապես զարգացած և նախաձեռնությունը խրախուսող բանակ, որքանո՞վ տարբեր կլիներ պատերազմի վերջնարդյունքը։
Եթե հայկական կողմը նույն՝ սահմանափակ ռեսուրսներով ու նույն բանակով, բայց օպերատիվ առումով շատ ավելի արդյունավետ վարեր պատերազմը, ի՞նչ հնարավոր արդյունքի կարող էր հասնել։ Կարո՞ղ էր, օրինակ, կանխել ճակատի արագ փլուզումը հարավում, երկարացնել պատերազմը, ավելի մեծ կորուստներ պատճառել հակառակորդին և դրանով փոխել բանակցությունների պայմանները։
Եթե քաղաքական ղեկավարությունը կոմպետենտություն դրսևորեր պատերազմի կառավարման հարցում, հստակ քաղաքական նպատակներ ձևակերպեր և իրական ռազմաքաղաքական ղեկավարում իրականացներ, որքանո՞վ դա կփոխեր արդյունքը։
Եթե պատերազմը կանգնեցվեր, ասենք, երկրորդ կամ երրորդ շաբաթում, մարդկային, տարածքային և քաղաքական կորուստները որքանո՞վ նվազ կլինեին։
Որքանո՞վ էր Ադրբեջանի առավելությունն իրապես որոշիչ, և որքանո՞վ է «միևնույնն է՝ պարտվելու էինք» թեզը հետահայաց պարզունակացում։
Ո՞ր պահից սկսած պատերազմի ելքը դարձավ գործնականում անշրջելի։ Առաջի՞ն օրը, Ջաբրայիլի՞, Հադրութի՞, թե՞ միայն Շուշիի անկումից հետո։ Գուցե այդպիսի մեկ կետ ընդհանրապես գոյություն չունե՞ր։
Թուրքիայի մասնակցությունն ինչպիսի՞ դեր ունեցավ ոչ միայն ռազմական առումով, այլև Հայաստանի հնարավոր դիվանագիտական ընտրությունների սահմանափակման հարցում։ Պատերազմն արդյոք նույն կերպ կընթանա՞ր առանց թուրքական ռազմական, հետախուզական և քաղաքական աջակցության։
Որքանո՞վ էր հայկական կողմի հետախուզական ձախողումը որոշիչ։ Գիտե՞ր Հայաստանը Ադրբեջանի իրական ռազմական ծրագրերը, ուժերի տեղաբաշխումը, տեխնոլոգիական կարողությունները և Թուրքիայի ներգրավվածության չափը։ Իսկ եթե գիտեր, այդ տեղեկությունն ինչպե՞ս էր վերածվել կամ չէր վերածվել գործողությունների։
Ինչպիսի՞ դեր խաղաց հրամանատարական մշակույթը։ Որքանո՞վ էին ստորաբաժանումների հրամանատարները ունակ ինքնուրույն գործելու այն պայմաններում, երբ կապը խզվում էր կամ վերադասից հրամաններ չէին ստացվում։
Հայկական բանակն արդյոք պատրաստվե՞լ էր այն պատերազմին, որը իրականում սկսվեց, թե պատրաստվում էր նախորդ պատերազմին։
Որքանո՞վ էր պարտությունը նաև պետական կառավարման ձախողում՝ զորահավաքի, պահեստազորի, լոգիստիկայի, տեղեկատվության շրջանառության, ռազմարդյունաբերության, քաղաքացիական պաշտպանության և պետական կառույցների փոխգործակցության մակարդակում։
Ի՞նչն էր հնարավոր փոխել կարճաժամկետ հեռանկարում, ի՞նչը՝ միայն տասը կամ քսան տարվա հետևողական աշխատանքի արդյունքում, և ի՞նչը՝ Հայաստանի հնարավորություններից դուրս էր։
Եվ վերջապես՝ Ինչո՞ւ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները չընդունեցին «Լավրովի պլանը»։ Ուժերի հարաբերակցության՝ Հայաստանի համար տարեցտարի վատթարացող պայմաններում արդյոք սա ամենաիրատեսական և ամենաօպտիմալ լուծումը չէ՞ր։ Ո՞ր փուլում և ինչո՞ւ այն չկայացավ։ Որքանո՞վ էր պատճառը Ադրբեջանի մերժումը, որքանո՞վ՝ հայկական կողմի առավելագույն ակնկալիքները, ներքաղաքական հաշվարկները կամ փոխզիջումն ընդունելու անկարողությունը։ Կոնկրետ ո՞վ/ովքե՞ր են պատասխանատու, որ բանակցային այդ հնարավորությունը սպառվեց, և հարցը տեղափոխվեց մարտադաշտ։
Կարեն Հարությունյան











