Գլխավոր Լրահոս

Վեց ձայնի ուժը. ինչպես իշխանությանը դնել սահմանադրական երկընտրանքի առջև

Վեց ձայնի ուժը. ինչպես իշխանությանը դնել սահմանադրական երկընտրանքի առջև

Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջն ակնհայտորեն գալիս է Ադրբեջանից, այլապես Հայաստանի որևէ իշխանություն չէր ցանկանա փոխել մեկ անձի իշխանությունն ամրապնդող այս փաստաթուղթը։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել, քանի որ անվտանգության փլուզված ճարտարապետության պայմաններում այլ բան չի մնում, քան այս հարցում ևս զիջել Ադրբեջանին։ Հայաստանի իշխանության գոյության ամենամեծ վտանգն (ու երաշխիքը) Իլհամ Ալիևն է, ոչ թե ընդդիմությունը։

Սահմանադրական հանրաքվե նշանակելու համար Փաշինյանին խորհրդարանում ընդամենը վեց ձայն է պետք։ Այդ ձայները կարող են տալ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և/կամ «Հայաստան» խմբակցությունները։

Ընդդիմությունը որոշել է պայքարել նոր սահմանադրության դեմ, որը իրավամբ կոչում է «Ալիևի սահմանադրություն»։ Ընդդիմադիրների նկատմամբ սկսված հետապնդումների նոր շարքը տեղի է ունենում հենց այս պայմաններում։

Մյուս կողմից, իրավապահ ու դատական համակարգի զենքայնացումը այն հարցն է, որն ընդդիմությանը պետք է ստիպի գնալ ոչ ստանդարտ քայլերի և իշխանությանը դնել երկընտրանքի առաջ։

Ի՞նչ անել վեց ձայնով

Խորհրդարանում պակասող վեց ձայնն ընդդիմության հաղթաթուղթն է։ Դրանով կարելի է պահանջել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ ընդդիմության մասնակցությամբ, և նոր սահմանադրության մշակում՝ զսպումների ու հակակշիռների իրական համակարգով։

Այսօրվա իշխանությանը պարտադրվում է փոխել նախաբանը, որում անուղղակի հղում կա Արցախին։ Սա, իհարկե, մեր նվաստացումների մեծ շարքի ևս մեկ դրվագ է։

Իրատես լինենք՝ Հայաստանի անկախությունը կամ Արցախի վերադարձի փափագը սահմանադրության հետ շատ կապ չունեն։ Ժամանակի մեծ հարցերը լուծվում են երկաթով և արյամբ, ասում էր Բիսմարկը։ Այդ ժամանակներից շատ բան չի փոխվել։

Ընդդիմությունը ռեսուրսների և իրավագետների պակաս չունի, որպեսզի իր վեց ձայնի ուժն օգտագործի իրական զսպումներ ու հակակշիռներ նախատեսող սահմանադրություն մշակելու համար։

Լավ սահմանադրությունը գրվում է վատ իշխանության համար։ Այս տրամաբանությամբ ընդդիմությունը կարող է սեղանին դնել մի քանի կոնկրետ պահանջ.

- Ընտրական շրջափուլի կրճատում հինգից չորս տարվա. ընտրությունները իշխանությունը զսպող ամենաուժեղ գործիքն են։ Հինգ տարին մեկ տրվող վստահության քվեն չափազանց քիչ է։

- Վարչապետի պաշտոնավարման սահմանափակում, որի նախադեպն արդեն կա. Հունգարիան այս տարի վարչապետի պաշտոնավարումը սահմանափակեց երկու ժամկետով՝ ութ տարով։

- Խորհրդարանի ինքնալուծարման իրավունք. այսօր Ազգային ժողովը չունի ինքնալուծարման ինքնուրույն իրավունք։ Նրա արձակումը հնարավոր է Սահմանադրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգերով, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո նոր վարչապետ չընտրելու կամ կառավարության ծրագրի հաստատման շուրջ սահմանադրական փակուղու դեպքում։ Առաջարկը պարզ է՝ խորհրդարանը պետք է կարողանա ինքնալուծարվել պատգամավորների երկու երրորդի ձայնով։ Այդ շեմի դեպքում ո՛չ մեծամասնությունը, ո՛չ էլ ընդդիմությունը միայնակ չի կարողանա լուծարել խորհրդարանը։

- Խորհրդարանական վերահսկողության ուժեղացում. գործադիր իշխանության առանցքային պաշտոններում նշանակումները պետք է ստանան խորհրդարանի հավանությունը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայներով։ Այս շեմը կապահովի, որ իշխող մեծամասնությունը չկարողանա միանձնյա կատարել այդ նշանակումները՝ առանց ընդդիմության մասնակցության։

- Դատական իշխանության և դատախազության անկախություն. այսօր խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներին և գլխավոր դատախազին ընտրում է պատգամավորների երեք հինգերորդի ձայնով։ Իշխող ուժն ունի 64 մանդատ, որը բավարար է այդ նշանակումներն առանց ընդդիմության անելու համար։ Շեմը պետք է բարձրացվի մինչև երկու երրորդ, որպեսզի դատավորներն ու դատախազը չլինեն միայն մեծամասնության թեկնածուները։ Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել, որ արդարադատությունը չի դառնա քաղաքական պայքարի զենք։

- Նախագահի ինստիտուտի ուժեղացում. խոսքը կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին չէ, քանի որ նման փոփոխությունը չափազանց ցնցումային է։ Նախագահը պետք է լինի իրական կշռաքար, ոչ թե խամաճիկ։

Վերջապես, կարևոր է, որ փոխվի հենց սահմանադրության փոփոխության գործընթացը։ Սահմանադրությունը պայմանագիր է քաղաքական վերնախավերի, հասարակության տարբեր շերտերի միջև։ Գործընթացը պետք է անպայման ներառի ընդդիմությանը, մասնագիտական շրջանակներին ու քաղաքացիական հասարակության խմբերին։

Ես պատրանքներ չունեմ, թե քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր կամ իշխանական, մտահոգ են երկրում ժողովրդավարական կարգ հաստատելու խնդրով։ Բայց միգուցե հիմա այն պահն է, երբ հակակշիռներ ու զսպումներ ենթադրող օրակարգի շուրջ կարող է լայն համախմբում ձևավորվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում