Գլխավոր Լրահոս

Հայ հասարակությունը նմանվել է գորտի՝ Փաշինյանի եռացրած ջրում

Հայ հասարակությունը նմանվել է գորտի՝ Փաշինյանի եռացրած ջրում

Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկում ջրից ու ի վերջո սատկում է։

Սա կոչվում է «եռացող ջրի գորտի» կամ «boiling frog»-ի փոխաբերություն։ Այն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի մասին է։

Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացումը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, սահմանազատման արդյունքում Հայաստանը ստանա Արծվաշենի անկլավը, և այնտեղ հայտնաբերի վերջին շրջանում կառուցված մզկիթներ։

Երևի կարիք չկա բացատրելու այս հայտարարության զավեշտը՝ որ Արծվաշենն ու Արցախը հայաբնակ են եղել, որ միջազգային փաստաթղթերով սեփական հավատն ունենալը հիմնարար իրավունք է, որ միջազգային հանրությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղ քաղաքական միավորի գոյությունը, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ փաստաթղթերում, որ այդ տարածքի ժողովուրդը իրավունք ուներ կազմակերպելու իր սեփական կենսագործունեությունը՝ անկախ կարգավիճակից։ Վերջապես, նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հենց իր կառավարությանը փաստացի հռչակում է օկուպանտ, որի համար կարող է պատասխանատվության կանչվել։

Այն, ինչ կարող էր անհավանական թվալ ընդամենը մի քանի տարի առաջ, այժմ դարձել է սովորական։ Հակազդեցություն չկա, «գորտը մնում է եռացող ջրում»։ 

Նիկոլ Փաշինյանը այս փոխաբերական ջուրը եռացրել է կամաց-կամաց՝ ոչ միանգամից։

Սկզբում «Արցախը Հայաստան էր և վերջ», «բանակցում էր սեփական կետից»։

Հետո «կամավորական ջոկատներ էր կազմում, հրամանատար ընտրում», որ հաղթի պատերազմում։

Հետո կարգավիճակի նշաձողն էր իջեցնում, որ միջազգային լայն կոնսոլիդացիա լինի։

Շարունակվեց։

Սեփական ձախողումների ամբողջական վերագրում բոլորին, ոչ թե աղետի սթափ վերլուծություն ու դասեր։

Արցախի կորուստ, դրա որակում «Հայաստանի իրական անկախության օր» և աննախադեպ հրավառություն Երևանի կենտրոնում։

Մեղադրանքներ Արցախի սովահար ժողովրդին, որ «չեն կռվել»։ Ատելության արշավ արցախցիների դեմ։

Եռաբլուրում որդեկորույս ծնողների ձերբակալում։

Հիշատակի օրերին պետական այրերի Եռաբլուր չայցելելու նոր ավանդույթ։

Հայոց պատմության արհեստական վերաձևում Հայաստանի պատմության։

Հայոց եկեղեցու դեմ հարձակում, հոգևորականների բանտարկություններ՝ ի հեճուկս Սահմանադրության, բարոյականության և օրենքների։

Արարատի հեռացում երկիր մուտքի դրոշմակնիքից, անգամ՝ Խոր Վիրապի ավանդական հետնապատկերից։

Ինքնիշխանության բղավոցներով Սահմանադրության փոփոխության հանձնառություն՝ Ալիևի պահանջով։

Արցախի զոհաբերում, որ ճանապարհ չտա։ Ճանապարհի (կամ միջանցքի) տրամադրում առանց Արցախի։ 

Ցեղասպանության պատասխանատվության մեղսագրում զոհին։

Բաքվում հայ գերիների առկայության նորմալացում, մեղադրանքներ անգամ գերիներին։

Իրավապահ համակարգի ու դատական իշխանության գործիքայնացում և այլն, և այլն։

Սարսափելին այն չէ, որ Փաշինյանի թիմակիցներն ու կողմնակիցները նորմալ են համարում այս աննորմալությունը։

Սարսափելին այն է, որ գիտակից մարդկանցից շատերը, հասկանալով իրականությունը, ընտրում են լռությունը։ 

Լռություն՝ հարմարության, վախի կամ անձնական հաշվարկի պատճառով։

Եվ հենց այդ լռությունն է, որ «գորտին» պահում է եռացող ջրում։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում