«Մեր անհաջողության պատճառների և մարտահրավերների մասին». Հրաչյա Թաշչյանի գրքի շուրջ

«Մեր անհաջողության պատճառների և մարտահրավերների մասին։ Այն, ինչ չէինք արել Քառասունչորսօրյա պատերազմից առաջ, և այն, ինչ հիմա կարելի է անել». սա Հրաչյա Թաշչյանի՝ նոր լույս տեսած գրքի վերնագիրն է։ Գրքի հեղինակը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետի օգնականը, ապա աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը։
350-էջանոց գրքում հեղինակն անդրադառնում է 2020-ի պատերազմին նախորդած ժամանակահատվածում հայկական պետության ու բանակի կառուցվածքային խնդիրներին, բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, ինստիտուցիոնալ բացերին, համեմատականներ անցկացնում տարբեր երկրների և իրավիճակների հետ։
Այս հոդվածում մի քանի դիտարկում կներկայացնեմ 2020-ի պատերազմում հայկական կողմի պարտության վերաբերյալ հեղինակի եզրահանգումների մասին։

Լեզվական խնդիրների մասին
Նախ խոսեմ լեզվական խնդիրների մասին։ Գրքում ոճական, կետադրական, շարադասական և լեզվական բազմաթիվ այլ սխալներ կան։ Գրքի անոտացիայի առաջին բառն սկսվում է բաց թողնված չակերտով։ «Ինչ», «ինչու», «ինչպես» բառերի վրա ամենուր անտեղի հարցական նշաններ են, եթե անգամ նախադասությունները հարցական չեն (հայոց մեջ վաղեմի սովորություն է)։
Գրքում անհարկի շատ են առաջին դեմքով դերանունները «մենք», «մեր»՝ սկսած վերնագրից։ Ահա մի դրվագ.
«Պատերազմը նաև մեծածավալ նյութական վնաս հասցրեց մեր պետությանն ու ժողովրդին։ Դա վերաբերում է ինչպես մեր բանակին, այնպես էլ մեր տնտեսությանն ու մեր ժողովրդի պատմական ժառանգությանը։ Հսկայական հարված ստացավ մեր անվտանգության համակարգը…»։
Գրքի վերջում նշված է՝ «հայերենի խմբագիր Անահիտ Խաչատրյան»։ Խմբագիրը չի նկատել, սակայն, որ հայերենում «ուզենալ» բառ չկա, չի նկատել ռուսաբանությունները, լեզվական մշտականության խնդիրները և այլ բաներ։
Դե իսկ գրքի երկարաշունչ վերնագիրը ճաշակի հարց է։ Չեմ քննարկում։
Բովանդակության մասին
Հեղինակը նշում է, որ ձգտում է պատասխանել հիմնական հետևյալ հարցերին՝ «ինչու պատերազմ եղավ, ինչու մենք մեծ անհաջողություն կրեցինք, ինչպես էինք մենք պատրաստվել պատերազմին, ինչպիսի հասարակություն էինք մինչ այդ կառուցել, ինչ կարելի է հիմա անել…»։
Թաշչյանը խուսափում է «պարտություն» բառից։ Փոխարենն օգտագործում է «անհաջողություն»-ը։
Պետություններն ու ժողովուրդները պատմության ընթացքում ունեցել են պարտություններ ու հաղթանակներ։ Ինչո՞ւ հեղինակը իրերն իրենց իրական անուններով չի կոչում։ Ինչո՞ւ անհաջողություն, եթե ոչ ծանր պարտություն, որից իսկապես պետք է դասեր քաղել։
Կենտրոնանամ «ինչու պատերազմ եղավ» և «ինչու մենք մեծ անհաջողություն կրեցինք» հարցերին նրա պատասխանների վրա։
Թաշչյանը իրավացիորեն վերլուծում է կառուցվածքային խնդիրները՝ Հայաստանի տարբեր ցուցանիշներ համեմատության մեջ դիտարկելով Ադրբեջանի և այլ երկրների համապատասխան ցուցանիշների հետ։ Դրանով իսկ նա փորձ է անում պատասխան տալ հարցին, թե ինչու հայկական կողմը «մեծ անհաջողություն կրեց»։
Հեղինակը նշում է, որ գրքում ներկայացված վերլուծությունը կառուցված է ապաքաղաքական հենքի վրա. «Ես խուսափել եմ ներքաղաքական խնդիրների անձնավորումից։ Չեմ մտել Քառասունչորսօրյա պատերազմից անմիջապես հետո ծավալված բանավեճերի դաշտ և քաղաքական որևէ ուժի պաշտպանելու կամ քննադատելու նպատակ չեմ հետապնդել»։
Խուսափելով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ու դրանց արտաքին քաղաքական նշանակությունը վերլուծելուց՝ հեղինակը հիմնարար բացթողում է թույլ տալիս պատերազմի բռնկման պատճառների ամբողջական պատկերն ուրվագծելու առումով։ Մի տեղ (էջ 7) նա նշում է, որ «բանակցությունները զրոյական կետից սկսելու և Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մաս կազմելու անհրաժեշտության մասին հայկական կողմի առաջ քաշած պնդումներն է՛լ ավելի էին բարդացնում իրավիճակը»։ Բայցևայնպես, նա խուսափում է ուղղակի նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկի խմբի ձևաչափի ականահարումը և պոպուլիստական հայտարարությունների շարքը պատերազմի առնվազն արագացման պատճառներից էին։ Թաշչյանը պատերազմից առաջ (և հետո) եղել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատուն։ Միգուցե անձնական պատասխանատվության զգացումը թույլ չի տալիս նրան, որ խոսի ակնհայտ պատճառների մասին։
Օկկամի ածելու պարզ սկզբունքը թողած՝ հեղինակը բազմաբարդ բացատրությունների շարք է ներկայացնում պատերազմի բռնկման պատճառների մասին։ Երբեմն այնքան է խորանում մանրամասն համեմատականների մեջ, որ տպավորություն է՝ ոչ թե փորձում է կոնկրետ խնդիրներն իսկապես պատճառահետևանքային կապերով վերլուծել, այլ ի ցույց դնել սեփական էրուդիցիան։
Որպես պատերազմի և «մեծ անհաջողության» պատճառ՝ Թաշչյանը առանձնահատուկ անդրադառնում է Թուրքիայի դերին ու աջակցությանն Ադրբեջանին։ Նա, սակայն, անտեսում է հայկական կողմի անհեռատես քաղաքականությունը նույն Թուրքիայի նկատմամբ. չէ՞ որ պատերազմից առաջ հենց Փաշինյանն էր, որ խոսում էր Սևրի պայմանագրի քաղաքական ու իրավական նշանակության մասին, ու նաև հայ ղեկավարների, դիվանագետների ու քաղաքական մտքի խորագույն ձախողումն էր Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունը լայն տարածաշրջանում չնկատելը։
Իրավացի են հեղինակի դիտարկումները պետական համակարգի կառուցվածքային թերությունների ու բանակում բարեփոխումների բացերի մասին։ Սակայն հիմնարար բացթողում կա նաև պատերազմի ու պարտության պատճառների նրա դիտարկումներում։ Նա անդրադառնում է ռազմական պարտությանը հանգեցրած կառուցվածքային երկարատև գործոններին և խուսափում է խոսել քաղաքական պարտության մասին։ 2020-ին, մինչդեռ, Հայաստանը նախևառաջ քաղաքական պարտություն էր կրել։ Քաղաքական պարտություն, որովհետև տապալվել էր բանակցային գործընթացը՝ (ոչ առանց Նիկոլ Փաշինյանի ջանքերի)։ Դա բնավ չի նշանակում, որ պատերազմն անպայմանորեն խուսափելի էր, սակայն Փաշինյանի կառավարությունն արեց ամեն ինչ այն մոտեցնելու և իրականություն դարձնելու համար («Արցախը Հայաստան է և վերջ», «Մյունխենյան սկզբունքներ», Լավրովի պլանի մերժում 2020-ին, «հուլիսյան հաղթական մարտեր», Սևրի պայմանագրի մասին հայտարարություններ ևն)։ Թաշչյանն ակներև այս խնդիրները շրջանցում է։ Դրանք նրա ինստիտուցիոնալ վերլուծության ծիրում չեն։
Հեղինակը դիմում է «կոլեկտիվ պատասխանատվության մոլորության» (collective responsibility fallacy) հնարքին՝ գրելով. «Այո՛, ես կարծում եմ, որ պատերազմում կրած անհաջողության համար մենք բոլորս ենք պատասխանատու»: Թե ինչու ենք մենք բոլորս մեղավոր, նա չի մանրամասնում։
Ինչ խոսք, Հայաստանի խնդիրների շարքը Փաշինյանով չի սկսվել։ Սակայն պատերազմին նախորդած առանցքային երկու տարիների քաղաքականությանը չանդրադառնալն ըստ էության խնդրի վերլուծությունից խուսափում է։
Առհասարակ, «չենք քաղաքականացնում», «չենք անձնավորում» բարդույթները հայ քաղաքական ու քաղաքագիտական խոսույթում թույլ չեն տալիս խնդիրներն անկաշկանդ քննարկել, վերլուծել։
Հայաստանն Իսրայել չէ, Ռուսաստանն ԱՄՆ չէ
Հեղինակը տրվում է հայկական քաղաքագիտական ու լրատվական դաշտում առկա այն մոլորությանը, որը Հայաստանը մշտապես համեմատության մեջ է դնում Իսրայելի հետ։ Տրամաբանական այդ կոնստրուկտում Իսրայելի դաշնակիցը ԱՄՆ-ն է, Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է (կամ էր)։ Իսկ ՀԱՊԿ-ը համեմատվում է ՆԱՏՕ-ի հետ (մեղայ աստուծոյ)։
Թաշչյանը բերում է 1973-ի արաբա-իսրայելական պատերազմի օրինակը, երբ ծանր իրավիճակում հայտնված Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությունը վճռորոշ եղավ պատերազմի ելքի հարցում։
Վերադառնալով 2020-ի պատերազմին՝ նա գրում է. «…մեր հիմնական դաշնակիցը, որն ըստ մեր ենթադրությունների՝ միշտ պետք է շահագրգռված լիներ մեր հաղթանակով, հակամարտող կողմերի նկատմամբ առավելապես հավասարակշռված մոտեցում ցուցաբերեց պատերազմի ընթացքում։ Նա իր գործողություններով նժարները հօգուտ մեզ չշարժեց»։
Երեսուն տարվա դիվանագիտական փորձառություն ունեցող և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան ավարտած Թաշչյանը փաստորեն «ենթադրություններ է անում», ոչ թե փորձում իրապես հասկանալ, որ Ռուսաստանը ԱՄՆ չէ, իսկ Հայաստանը՝ Իսրայել։ Առհասարակ, հայ քաղաքական մտքի լրջագույն խնդիրն է եղել Ռուսաստանի նպատակները տարածաշրջանում յուրովի մեկնաբանելը՝ առանց հասկանալու այդ երկրի նպատակներն այստեղ և այն, թե ինչ կարող է կամ պատրաստ է նա անել, ինչ՝ ոչ։ Ամենակարևորը, պոտենցիալ ինչ վնաս կարող է հասցնել Ռուսաստանը տարածաշրջանի որևէ երկրի, մի բան, որ խորապես անտեսվում է նաև այսօր։
Խոսքը բոլորովին Ռուսաստանի նկատմամբ հակակրանքի կամ համակրանքի մասին չէ։ Խոսքը քաղաքական սառը հաշվարկների մասին է, որ Հայաստանն ի վիճակի չի եղել անել տասնամյակներ շարունակ և հիմա։ Լավրովի պլանի մերժումը այս և նախորդ կառավարության կողմից այդ շահերն անտեսելու ցցուն օրինակ է։
Թաշչյանը ներկայացնում է Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանում մինչև պատերազմը եղած կանխադրույթների շարք, որոնք, ըստ նրա, ազդեցություն են ունեցել Երևանի քաղաքական որոշումների վրա։ Նա իրավացի է, որ այդ կանխադրույթները չէր կարելի որպես հիմք ընդունել երկրի որոշումների կայացման համար։ Սակայն նաև տարակուսելի է, թե ինչպես կարող էր պետական, դիվանագիտական մի ամբողջ ապարատ, այդ թվում՝ հենց հեղինակը, 2018-2020 թվականների արտգործնախարարը և մյուսները, չտարբերեին դրանք ռեալպոլիտիկի իրողություններից։
Այնուամենայնիվ, գրքում արծարծվող կառուցվածքային, ինստիտուցիոնալ խնդիրները կարիք ունեն հանրային լայն քննարկման՝ դասեր քաղելու և նոր սխալներ թույլ չտալու համար։
***
Գրախոսականը եզրափակեմ գրքից մի մեջբերումով.
«Խիզախությունն ու դիմադրելու վճռականությունը մեր ժողովրդի արժեքային համակարգի առանցքում է։ Մեր ինքնությունը խարսխված է մեր պատմության հերոսական էջերի, ազատության ու ինքնության պահպանման համար մեր նախնիների վարած պայքարի, նրանց քաջության ու դիմադրելու վճռականության դրսևորումներից ծնված խորհրդի վրա»։
Կարեն Հարությունյան










