Գլխավոր Լրահոս

Արցախի համեմատությունը Նախիջևանի հետ տեղին չէ

Արցախի համեմատությունը Նախիջևանի հետ տեղին չէ

Արցախի հետ պատահածը հաճախ են համեմատում Նախիջևանի կորստի հետ։ Բայց մեծ մոլորություն կա դրանում։

Նախիջևանի կորուստը եղել է աստիճանական՝ պատմական որոշակի ընթացքով ու անհաղթահարելի գործոնների ազդեցությամբ։ 1919-ի գարնանը բրիտանացիների օգնությամբ Հայաստանը մտավ Նախիջևան, բայց իր իշխանությունն այնտեղ հազիվ երկու ամիս կարողացավ պահպանել։ Թաթար բնակչության ապստամբությունը հնարավոր չեղավ հաղթահարել։ Նախիջևանի բնակչության ընդամենը մեկ-երրորդն էր հայ։ 1923-ին Նախիջևանի ինքնավարության ստեղծման պահին առնվազն մեկ դար հայերն այնտեղ արդեն  մեծամասնություն չէին։ Ի տարբերություն Արցախի մելիքությունների՝ Նախիջևանում հայերը շատ վաղուց պետականակերպ որևէ միավոր չէին ունեցել։

Թեև Լեռնային Ղարաբաղը ևս թողնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ հայերն այնտեղ մշտապես մեծամասնություն են եղել։ Ղարաբաղն իր կազմ մտցնելու Ադրբեջանի բազմաթիվ ջանքերն արժանացել են Ղարաբաղի հայերի բազմաթիվ համագումարների մերժումներին ու նաև զինված դիմադրությանը։ 1991-ից սկսած՝ երեք տասնամյակ Արցախը անկախ պետականություն էր։ Լեռնային Ղարաբաղ քաղաքական միավորի գոյությունը՝ անկախ դրա հետագա կարգավիճակից, ընդունվել է բոլորի կողմից՝ թե՛ միջնորդների, թե՛ անգամ Ադրբեջանի։ 1994-ից ի վեր կարգավորման տարբեր առաջարկները ենթադրել են լայն ինքնավարություն (1997), դե ֆակտո սուբյեկտայնություն՝ կարգավիճակի հարցը թողնելով ապագային (1997), Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն (1998), միացում Հայաստանին (2001) և միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ և անգամ անկախության հնարավորություն՝ ռեֆերենդումի միջոցով (2007)։ Այս վերջինը որպես կարգավորման լավագույն տարբերակ պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային, որը վկայում է դրանում ամրագրված սկզբունքների միջազգային լեգիտիմության մասին։

Արցախի կորուստը անխուսափելի չի եղել։ Արցախի կորուստը անխուսափելի է դարձրել Նիկոլ Փաշինյանը՝ նախ խաթարելով բանակցային լեգիտիմ գործընթացը, շատ հանգիստ դիտարկելով պատերազմի տարբերակը, հանցավոր ամբարտավանությամբ (ինքը դա հայրենասիրություն է կոչում) չգնահատելով հնարավոր ստանալիքը և Հայաստանի դեմ լարելով Թուրքիային ու Ադրբեջանին՝ չափազանցված ակնկալիքներ ձևավորելով Ռուսաստանից, երբ այդ երկիրը 2015-ից սկսած հստակ շարադրել էր իր շահերի սահմանագիծը՝ ի դեմս Լավրովի պլանի (որը չընդունեց Սերժ Սարգսյանը, որովհետև զբաղված էր սահմանադրական աճպարարությամբ ու վերարտադրությամբ, և չընդունեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև հավատում էր «թավշյա հեղափոխության արտահանմանը»): 

Պատերազմում հաղթում են կամ չեն պարտվում նախևառաջ քաղաքական կոմպետենտությամբ։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, պատերազմը էապես նվազ կորուստներով կանգնեցնելու ռուսական առաջարկի փոխարեն Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում «կամավորական ջոկատներ ձևավորել ու հաղթել»։ Փաշինյանի այդ կոչը լավագույնս է բնութագրում քաղաքական առաջնորդության նրա որակները ոչ միայն պատերազմի, այլև նրա կառավարման ամբողջ ժամակահատվածի համար։

2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախի փրկության թեկուզ ոչ մեր երազած, բայց միակ շանսն էր։ Այդ փաստաթղթի կետերը ինքը՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց խախտել՝ պայմանական ասած՝ «թռնելով բազարից», որն իրեն փրկել էր։ Թե ում վրա էր դրել հույսը, շատ դժվար է հասկանալ։ 

2022-ի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը, պայմանը շատ պարզ էր՝ ճանապարհ էր ուզում՝ մոտավորապես այնպես, ինչպես Լաչինի միջանցքը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարկ չհամարեց մեկնել Բայրամովի հետ հանդիպմանը ու փորձել բացել Արցախի կյանքի ճանապարհը։ 

Նիկոլ Փաշինյանը Արցախի կորստի գլխավոր մեղավորն է։ Որքան շատ նա փորձի խեղաթյուրել պատմությունը, փաստերն ու իրականությունը, այնքան ավելի  է ծանրանալու նրա մեղքը հայ ժողովրդի ու հայոց պատմության առջև։

Արցախի կորստի համար մեղավոր են նաև իշխանամերձ այն քարոզիչներն ու քաղաքագետները, որոնք փորձում են ապացուցել դրա անխուսափելիությունը՝ մեղադրելով բոլորին ու լռելյայն մեղսազերծելով Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն  Գրիգորյանին ու այլոց։ 

Նիկոլ Փաշինյանին կամա կամ ակամա մաքրագործում են նաև նրանք, ովքեր Ղարաբաղի կորուստը դիտարկում են բացառապես լավ չզինվելու, լավ պետություն չձևավորելու տրամաբանությամբ՝ անտեսելով քաղաքական մտքի կամ դրա իսպառ բացակայության պարտությունը, որը լավագույնս արտահայտված է վերևում մեջբերված կոչում։

Նիկոլ Փաշինյանին մեղսազերծում են բոլոր նրանք, ովքեր ասում են՝ «մենք բոլորս ենք մեղավոր»՝ կոլեկտիվ պատասխանատվության մոլորության մեջ գցելով բոլորիս։ Ծպտյալ կամ լատենտ նիկոլականության այդ աղանդը լրջագույն վտանգ է արդեն  իսկ բզկվտած երկրի համար։

Արցախի հայաթափման համար մեղավոր են նաև Արցախի ղեկավարները, որոնք շրջափակման ժամանակ սին հույսեր էին կապում Փաշինյանի, ռուսների, միջազգային հանրության և չգիտեմ էլ ում հետ։ 

Հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա սազանդարները գիշեր-ցերեկ խոսում են ինքնիշխանությունից, երբ այդ ինքնիշխանությունը իջեցրել են Բաքվի պարտադրանքով Անկախության հռչակագրից հրաժարվելուն, սահմանադրություն փոխելուն, Արարատ ջնջելուն և ազգայինը պետականից անջատելու անհեթեթ մղումներին։

Հույս ունենանք, որ 2025-ին քաղաքական ողջախոհությունը ի վերջո կհաղթանակի։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում