Գլխավոր Լրահոս

Լրատվամիջոցների օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակման հարցն այս պահին չի քննարկվում․ Գալյան

Լրատվամիջոցների օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակման հարցն այս պահին չի քննարկվում․ Գալյան

Ստելլա Մեհրաբեկյան

Լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելով՝ կառավարությունը ցանկանում է այդ պահանջը պաշտպանել հետագա օրենսդրական փոփոխություններից, ինչպես նաև ավելի թափանցիկ կարգավորումներ սահմանել մեդիադաշտում։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարի խոսքով՝ կառավարությունն այս պահին չի քննարկում լրատվամիջոցների օտարերկրյա ֆինանսավորումը սահմանափակելու առաջարկ։ Մինչդեռ մեդիա ոլորտի ներկայացուցիչները մտահոգություններ ունեն ինչպես ֆինանսական թափանցիկության սահմանադրական պահանջի հետագա կիրառման, այնպես էլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կարգավիճակի փոփոխության վերաբերյալ։

Ինչո՞ւ է ֆինանսական թափանցիկությունն ամրագրվում Սահմանադրությամբ

Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 28-րդ հոդվածը սահմանում է․ «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»։

Թեև ֆինանսական թափանցիկության մասին դրույթը գործող Սահմանադրության մեջ բացակայում է, Հայաստանի օրենսդրությամբ լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվողականության պահանջ գոյություն ունի ավելի քան երկու տասնամյակ։

2003-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 12-րդ հոդվածը լրատվական գործունեություն իրականացնողներին պարտավորեցնում է մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը ներառյալ հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ ըստ եկամուտների աղբյուրների։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սահմանադրական նոր դրույթի անհրաժեշտությունը բացատրում է երկու հանգամանքով։ Նախ՝ կառավարությունը ցանկանում է ֆինանսական թափանցիկության սկզբունքը պաշտպանել ապագա խորհրդարանական մեծամասնությունների կողմից հնարավոր վերանայումից։

«Մեր պատկերացմամբ՝ ԶԼՄ-ի ֆինանսական թափանցիկությամբ գործելու պարտականությունն այնպիսի սկզբունք է, որ պետք է ամրագրված լինի մայր օրենքում, որ եթե մի օր որոշեն փոխել դա, փոխի ժողովուրդը, ոչ թե Ազգային ժողովը»,- նշեց Գալյանը։

Երկրորդ հանգամանքը, ըստ նախարարի, ավելի թափանցիկ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունն է։ Գալյանը միաժամանակ ընդունում է, որ նման կարգավորումներ սահմանելու հնարավորություն կա նաև գործող Սահմանադրության պայմաններում։

Ֆինանսական հաշվետվությունների մասին

Ի՞նչ կարող է գործնականում նշանակել ֆինանսական թափանցիկության սահմանադրական պահանջը։ Արդյո՞ք լրատվամիջոցները պարտավոր են լինելու հրապարակել ֆինանսավորման բոլոր աղբյուրները, դրամաշնորհների և նվիրատուների վերաբերյալ տեղեկությունները։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ հնարավոր տարբերակներից մեկը հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության օրինակով լրատվամիջոցների հաշվետվությունների հրապարակումն է Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կայքում։

Նախարարի գնահատմամբ՝ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ ֆինանսավորում է ստանում այն լրատվամիջոցը, որի բովանդակությանը հետևում են։

Միաժամանակ դեռևս հստակեցված չէ, թե հրապարակվող տեղեկությունները որքանով են անհատականացվելու, մասնավորապես՝ արդյոք հրապարակվելու են մասնավոր նվիրատուների տվյալները։

Գալյանը նշում է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել ֆինանսական թափանցիկության, բանկային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության պահանջների միջև։ Այս հարցերը, ըստ նրա, պետք է քննարկվեն նաև ոլորտի ներկայացուցիչների հետ։

Օտարերկրյա ֆինանսավորման սահմանափակումն այս պահին չի քննարկվում

Ի տարբերություն կուսակցություններին վերաբերող դրույթների՝ նոր Սահմանադրության նախագծում լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորման ուղղակի սահմանափակում նախատեսված չէ։

ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք կառավարությունը մտադի՞ր է սահմանափակել լրատվամիջոցների օտարերկրյա ֆինանսավորումը, արդարադատության նախարարը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ չունենք նման առաջարկ, չենք քննարկել»։

Նրա խոսքով՝ կուսակցությունների դեպքում օտարերկրյա ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են արձանագրվել, ինչով էլ պայմանավորված է համապատասխան սահմանափակումը սահմանադրական մակարդակով ամրագրելու առաջարկը։

Լրատվամիջոցների դեպքում, ըստ նախարարի, բավարար հետազոտություն չի իրականացվել, այդ թվում՝ ֆինանսավորման վերաբերյալ տվյալների հասանելիության խնդիրների պատճառով։

«Բայց կրկին դա էլ հարց է, որ առաջիկայում կարող ենք քննարկել»,- ասել է Գալյանը։

Ի՞նչ մտահոգություններ ունեն մեդիափորձագետները

ՍիվիլՆեթի հետ ավելի վաղ զրույցում մեդիա ոլորտի ներկայացուցիչները ֆինանսական թափանցիկության սկզբունքն ինքնին խնդրահարույց չէին համարել, սակայն հարցեր էին բարձրացրել այն Սահմանադրությամբ ամրագրելու անհրաժեշտության և հետագա կիրառման վերաբերյալ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը մատնանշել էր Իտալիայի և Ռումինիայի օրինակները, որոնց սահմանադրություններում ֆինանսավորման աղբյուրների հրապարակման պահանջ սահմանելու հնարավորությունը վերապահված է օրենսդրին։ Հայկական նախագծում, մինչդեռ, ֆինանսական թափանցիկությունն ամրագրվում է որպես լրատվամիջոցների գործունեության սկզբունք։

Սարգսյանի գնահատմամբ՝ ձևակերպումների այս տարբերությունը որոշակի ռիսկեր է ստեղծում սահմանադրական նորմի հետագա կիրառման և մեկնաբանման առումով։

Նրա կարծիքով՝ ֆինանսական թափանցիկության սկզբունքը կարող է ամրագրվել Սահմանադրությամբ երկու պայմանով՝ եթե այն ձևակերպվում է որպես քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի երաշխիք, և եթե հստակ ամրագրվում է, որ դրա կիրառման մանրամասներն ու սահմանափակումները կարգավորվում են օրենքով։

«Լրատվական դաշտի պահանջներն ու կարգավորումները պետք է սահմանվեն ոլորտային օրենսդրությամբ, այլ ոչ թե դառնան Սահմանադրության մաս»,- նշել էր Սարգսյանը։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանի գնահատմամբ՝ սահմանադրական նոր դրույթն ինքնին էապես նոր պահանջ չի առաջադրում լրատվամիջոցներին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ փոփոխություններ կհետևեն գործող օրենսդրության մեջ։

Ալավերդյանը սահմանադրական փոփոխությունները դիտարկում է նաև մեդիային առնչվող այլ օրենսդրական նախաձեռնությունների համատեքստում՝ մտահոգություն հայտնելով լրատվամիջոցների նկատմամբ պետական վերահսկողության հնարավոր ընդլայնման վերաբերյալ։

Մեդիափորձագետների մտահոգության մյուս առարկան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակի վերացումն է։ Նախագծի ընդունման դեպքում հանձնաժողովի գործառույթները կփոխանցվեն օրենքով ձևավորվող ինքնավար մարմնի, որի անկախության կոնկրետ երաշխիքները դեռևս հստակեցված չեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում