Գլխավոր Լրահոս

Ինչու է առաջարկվում ԲԴԽ բոլոր անդամներին ընտրել խորհրդարանում․ պարզաբանում է Գալյանը

Ինչու է առաջարկվում ԲԴԽ բոլոր անդամներին ընտրել խորհրդարանում․ պարզաբանում է Գալյանը

Նոր Սահմանադրության նախագծով ԲԴԽ բոլոր անդամներին առաջարկվում է ընտրել խորհրդարանում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ փոփոխության նպատակը դատական իշխանության և ժողովրդի միջև կապի ամրապնդումն է։

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնում վերանայել առաջարկվող կարգավորումները, եթե հանրային քննարկումների ընթացքում ներկայացվեն խնդրի լուծման ավելի լավ տարբերակներ։

ՍիվիլՆեթին հետ զրույցում Գալյանն անդրադարձավ այն քննադատություններին, ըստ որոնց՝ նոր Սահմանադրության նախագիծը ոչ թե թուլացնում է կառավարման գործող համակարգը, որն ընդդիմությունն անվանում է սուպերվարչապետական, այլ՝ խորացնում իշխանության գերկենտրոնացումը: Նոր նախագիծի կարգավորումները, ըստ քննադատների, մեծացնում են դատական իշխանության կախվածությունը խորհրդարանական մեծամասնությունից։

«Ի հակադրություն այդ քննադատությունների՝ ես լսել եմ մեկ այլ քննադատություն, որն ասում է, որ այս Սահմանադրությունն անցում է սուպերվարչապետականից դեպի սուպերխորհրդարանական համակարգ։ Եվ, ճիշտն ասած, չեմ կողմնորոշվում, թե ով ինչ է ուզում ասել»,- նշեց նախարարը՝ առաջարկելով փոփոխությունները գնահատել կոնկրետ լիազորությունների համատեքստում։

Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 58-րդ հոդվածով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասն անդամների ընտրության իրավասությունը վերապահել Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը։

Առաջարկվող կարգավորմամբ դատավորների ընդհանուր ժողովը կպահպանի դատավոր անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունքը, սակայն նրանց ընտրության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի խորհրդարանը։

Գալյանի խոսքով՝ փոփոխության նպատակը ԲԴԽ անդամների ընտրության գործընթացն ավելի թափանցիկ դարձնելն ու դատական իշխանության և ժողովրդի միջև կապն ապահովելն է։

«Այսօր դատական իշխանությունը ժողովրդի իշխանությունից ամբողջապես կտրված է, և մենք ունենք իշխանության երեք թևեր, որոնցից մեկի կազմավորման մեջ ժողովուրդը որևէ ներգրավվածություն չունի»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում թեկնածուների հրապարակային քննարկումը քաղաքացիներին հնարավորություն կտա հետևելու ընտրության գործընթացին, իսկ իշխանության և՛ ընդդիմության ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու թեկնածուներին։ Գալյանը նաև կարծում է, որ խորհրդարանական մեծամասնության կայացրած որոշումների նկատմամբ հանրային վերաբերմունքը կանդրադառնա իշխող քաղաքական ուժի քաղաքական կապիտալի վրա։

Ի պատասխան այն մտահոգությանը, որ նման կարգավորումը խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն կտա ընտրելու իր համար նախընտրելի դատավորների, Գալյանը նշեց, որ ԲԴԽ անկախությունը պետք է գնահատել նրա գործառույթների իրականացման և կայացրած որոշումների հիման վրա։

«Մենք ընդդիմությանը հնարավորություն ենք տվել առաջադրելու թեկնածու, և մեկ թեկնածուն պարտադիր պետք է ընտրվի ընդդիմության առաջադրմամբ»,- ասաց Գալյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ քաղաքական ուժերի համար թեկնածուների առաջադրումը չպետք է ենթադրի նրանց հետ քաղաքականապես փոխկապակցված անձանց ընտրություն։

Նախարարի խոսքով՝ Սահմանադրության նախագիծը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, և իշխանությունները պատրաստ են քննարկելու առաջարկվող կարգավորումների այլընտրանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում