Գլխավոր Լրահոս

Սահմանադրության նոր նախագիծն ամրապնդում է մեկ անձի իշխանությունը․ Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը՝ ՍիվիլՆեթի տաղավարում

Արսեն Թավադյանը՝ ՍիվիլՆեթի տաղավարում

Սահմանադրության նոր նախագիծը ոչ միայն չի լուծում Հայաստանում իշխանության գերկենտրոնացման խնդիրը, այլև խորացնում է այն՝ մեծացնելով խորհրդարանական մեծամասնության ազդեցությունը դատական իշխանության և անկախ մարմինների նկատմամբ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը։

Նրա խոսքով՝ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ձևավորվել է համակարգ, որտեղ մեկ քաղաքական ուժը վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները՝ միաժամանակ զգալի ազդեցություն ունենալով դատական իշխանության ձևավորման վրա։ Նոր նախագծով այդ լծակներն ավելանում են։

«Մեկ ուժը, մեկ անձը կարողանում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր իշխանության ճյուղերը, այդ թվում՝ անկախ մարմինների շատ զգալի հատված»,- ասել է Թավադյանը։

Իրավաբանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Նրա գնահատմամբ՝ գործող Սահմանադրությունն ունի ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիրներ, որոնք առաջարկվող նախագծով չեն լուծվում։

Տե՛ս՝ Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոխվում գործողի համեմատ

Դատական իշխանության անկախությունն ու քաղաքական ազդեցությունը

Սահմանադրության նոր նախագծի խնդրահարույց դրույթներից Թավադյանն առանձնացնում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման կարգի փոփոխությունը։

Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ տասը անդամներից հինգին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայներով, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը։ Առաջարկվող նախագծով, ըստ իրավաբանի, խորհրդի ամբողջ կազմի ընտրության լիազորությունը վերապահվում է Ազգային ժողովին։

«Դա բերելու է միայն իշխանության ամրապնդմանը, որովհետև ես կարդացի առնվազն հիմնավորումները, կոնկրետ սրա հետ կապված շատ լուրջ հիմնավորում չգտա։ Այնուամենայնիվ, հնարավոր է՝ դա կա, ուղղակի դեռ չի հրապարակվել»,- ասել է Թավադյանը։

Իրավաբանը խնդրահարույց է համարում նաև Սահմանադրական դատարանի դատավորների, գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության շեմի նվազեցումը։

Նրա ներկայացմամբ՝ գործող Սահմանադրությամբ այս պաշտոններում ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի աջակցությունը։ Նոր նախագծով այդ պահանջը պահպանվում է միայն առաջին փուլում, իսկ հետագա փուլում ընտրությունը հնարավոր է դառնում բացարձակ մեծամասնությամբ։

Թավադյանի գնահատմամբ՝ նման կարգավորման պայմաններում խորհրդարանական մեծամասնությունը շահագրգռված չի լինի մյուս քաղաքական ուժերի հետ համաձայնության հասնելու հարցում։

Նոր Սահմանադրության նախագծի ամենալուրջ թերություններից մեկը իրավաբանը համարում է գործող դատավորների վերագնահատման նախատեսվող մեխանիզմը։

«Այս նախագծով ստացվում է, որ ընդունվելու պարագայում բոլոր դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար։ Ստեղծվում է մի խորհուրդ, որը կազմված է հինգ անձից, և որոնց ընտրում է Ազգային ժողովը մեծամասնությամբ, այսինքն՝ էլի մեկ քաղաքական ուժը, և ինքը ինչ-որ չափանիշների հիման վրա գնահատելու է դատավորներին»,- ասել է Թավադյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների կառավարման ութ տարիների ընթացքում դատավորների կազմն արդեն փոխվել է շուրջ 70-80 տոկոսով։ Առաջարկվող վերագնահատման մեխանիզմը, ըստ իրավաբանի, դատավորներին ավելի մեծ կախվածության մեջ կդնի քաղաքական իշխանությունից։

Հայաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը

Սահմանադրության նոր նախագծի մեկ այլ վիճահարույց դրույթ, ըստ Թավադյանի, Հայաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունն է։

Հստակ չէ, թե առաջարկվող կարգավորումն անձանց որ խմբերին է վերաբերելու՝ երկքաղաքացիներին, հետագայում Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած անձանց, թե նաև ծննդյան իրավունքով քաղաքացիություն ունեցողներին։

«Մենք ունենք միջազգային պարտավորություններ, որոնք արգելում են որևէ իրավիճակ ստեղծել, երբ անձն առանց քաղաքացիության է մնում»,- նշել է Թավադյանը։

Նրա խոսքով՝ կան երկրներ, որտեղ թույլատրվում է անձին քաղաքացիությունից զրկել, սակայն խոսքը հիմնականում հետագայում քաղաքացիություն ձեռք բերած անձանց մասին է։

«Ծննդյան ուժով քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում ինձ, ճիշտն ասած, հայտնի չի երկիր, որտեղ թույլատրելի է զրկել քաղաքացիությունից։ Եվ բացի դրանից, եթե մենք ունենք քրեական պատասխանատվություն որոշակի արարքի համար, ապա կիրառեք այդ քրեական պատասխանատվությունը»,- ասել է իրավաբանը։

Նոր Սահմանադրության նախագծի մյուս թերությունները

Թավադյանը մտահոգիչ է համարում նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ որպես անկախ մարմնի սահմանադրական կարգավիճակի վերացումը, բուհական ինքնավարության վերաբերյալ դրույթի բացակայությունը և հանրապետության նախագահի լիազորությունների կրճատումը։

Նրա խոսքով՝ թեև լրատվամիջոցների և հանրային հեռարձակողների անկախության գործող երաշխիքները միշտ չէ, որ արդյունավետ են եղել, դրանք քաղաքական ազդեցությունը սահմանափակող որոշակի մեխանիզմ էին։

«Դա էլի որոշակի, թեկուզ ձևական, բայց պատնեշ էր։ Հիմա դրանք վերանում են»,- ասել է Թավադյանը։

Անդրադառնալով նախագահի լիազորությունների կրճատմանը՝ իրավաբանն առանձնացրել է գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու լիազորության վերացումը։

Նրա խոսքով՝ նախագահն առանց այդ էլ հիմնականում արարողակարգային լիազորություններ ունի, իսկ նոր նախագծով սահմանափակվում են նաև նրա մյուս լիազորությունները։

Թավադյանի գնահատմամբ՝ հրապարակված սահմանադրական տեքստը դեռևս մասնագիտական մշակման կարիք ունի։ Նախագծում կան բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ, որոնք կարող են տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ։

«Վիճելի կետեր կան, որոնց վերաբերյալ կարելի է քննարկել, և կարելի է ասել, որ որոշակի դրական կետեր էլ կան։ [...] Բայց դրանք շատ-շատ փոքր կարգավորումներ են, որոնք իրականում որևէ ձև չեն վերացնում այդ իշխանության գերկենտրոնացման վտանգը»,- ասել է Թավադյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում