Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան և առաջարկել այցի շրջանակում կազմակերպել գործարար ֆորում։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։
Փաշինյանն այս առաջարկն արել է Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկուլեսկուի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետների առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։
Կառավարության փոխանցմամբ՝ Ռումինիայի վարչապետն ընդգծել է Փաշինյանի պաշտոնական այցի կարևորությունը, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Նրա խոսքով՝ այցը նոր ազդակ կհաղորդի հայ-ռումինական փոխգործակցությանը, կնպաստի քաղաքական և տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։
Փաշինյանը նշել է, որ ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը գործարարների համար սերտ կապեր հաստատելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններ է ստեղծում։
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերին։










