Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «պատմական» է որակել Հայաստանի Սահմանադրության նախագծում նախատեսվող փոփոխությունը։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում։
«Հայաստանի Սահմանադրությունում պատմական փոփոխություն․ հանվել է Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը։
Ինչպես մշտապես ասել եմ պարոն Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում», - գրել է թուրք դիվանագետը։
Հայաստանի կառավարության ներկայացրած նոր Սահմանադրության նախագծում նախաբանից հանվել է Անկախության հռչակագրին հղումը։ 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում, մասնավորապես, հղում է կատարվում 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի ընդունած՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։ Փաստաթղթում առանձին դրույթով անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Հռչակագրի 11-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին, որից հետո փաստաթուղթը դրվել է հանրային քննարկման։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի Մայր օրենքի նախագծին է անդրադարձել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որի խոսքերով՝ «Բաքուն շատ բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի մասին դրույթի բացակայությունը»։











