Գլխավոր Լրահոս

Քաղաքացիությունից զրկելու կարգավորման կիրառման պայմանները դեռ կքննարկվեն․ ՆԳ նախարար

Քաղաքացիությունից զրկելու կարգավորման կիրառման պայմանները դեռ կքննարկվեն․ ՆԳ նախարար

Նոր Սահմանադրության նախագծով Հայաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսելու առաջարկը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունը։ Դեռ պետք է քննարկվի կարգավորման կիրառումը երկքաղաքացիների և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ դատարանը կկարողանա զրկել ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից։

Սարգսյանի խոսքով՝ մի շարք երկրներում սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում նախատեսված է քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։ Նախարարը դա բացատրել է նրանով, որ նման դեպքերում պետությունները դիտարկում են տվյալ անձի հետ կապը պահպանելու և քաղաքացուն բնորոշ իրավունքների ու պարտականությունների շրջանակը շարունակելու նպատակահարմարության հարցը։

«Պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյո՞ք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, տալ քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ»,- ասել է Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս անձին զրկել Հայաստանի քաղաքացիությունից, հետևաբար՝ նման կարգավորում չի կարող նախատեսվել քաղաքացիության մասին օրենքով՝ առանց Սահմանադրության փոփոխության։

«Սա է պատճառը, որ մենք Սահմանադրության տեքստում ենք առաջարկում նմանատիպ հնարավորություն նախատեսել, որպեսզի հետո քաղաքացիության մասին օրենքում կարողանանք փոփոխություններ անել և ընթացակարգը նախատեսել»,- ասել է նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ հետագա քննարկումների ընթացքում պետք է հաշվի առնվեն նաև քաղաքացիություն չունեցող անձանց առաջացումը կանխելուն ուղղված միջազգային պարտավորությունները։

Անդրադառնալով քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանում ապրելու և ծառայություններից օգտվելու հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանում ներկայում ևս կան քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականներ։

Նրա խոսքով՝ որևէ երկրի քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրվում են բաց կապույտ երանգի անձնագրեր, որոնք միջազգային կոնվենցիոն փաստաթղթեր են։

Գործող Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից և քաղաքացիությունը փոխելու իրավունքից։

Միաժամանակ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձանց համար արդեն նախատեսված են նույնականացման քարտեր և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթեր։ Վերջիններիս տրամադրումը նախատեսված է նաև 1954-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» միջազգային կոնվենցիայով։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում