Արցախից տեղահանվածների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջանը նշելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները, փորձագետների հետ խորհրդակցությունները և սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրները։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտը թույլ է տալիս անձնագրի ծննդավայրի դաշտում նշել պետությունը, քաղաքը կամ բնակավայրը։ Հայաստանն ընտրել է պետությունը նշելու տարբերակը՝ այդ մոտեցումն ամրագրելով օրենքով։
«Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնությունների կամ քաղաքների՝ միջազգային ստանդարտներով նշված չլինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- ասել է Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ նույնիսկ բնակավայրերը նշելու տարբերակն ընտրելու դեպքում Հայաստանը պետք է առաջնորդվեր ISO ստանդարտով, որում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը նշված չեն այն անվանումներով, որոնք տեղահանվածներն ակնկալում են տեսնել իրենց անձնագրերում։
Սարգսյանի խոսքով՝ ICAO-ի ստանդարտը նախատեսում է հաշվի առնել նաև քաղաքական զգայունությունը և այն հանգամանքը, թե արդյոք տվյալ պետության կամ տարածքի անվանումը ճանաչված է այլ պետությունների կողմից։
Նախարարը բացառել է նաև քաղաքացու ցանկությամբ ծննդավայրի դաշտը դատարկ թողնելու հնարավորությունը։
«Եթե մեկը այցելի գրասենյակ և ասի՝ ես չեմ ցանկանում ծննդյան վայրի դաշտում նշվի որևէ բան, այդպես լինել չի կարող»,- ասել է Սարգսյանը։
Որպես օրինակ՝ նա հիշատակել է Ուրուգվայի փորձը՝ նշելով, որ 2025-ին այդ երկրի քաղաքացիները Գերմանիայում և Ֆրանսիայում խնդիրների էին բախվել անձնագրերում ծննդավայրի տվյալների բացակայության պատճառով։
ՆԳ նախարարի խոսքով՝ կենսաչափական անձնագրերի ներդրմամբ որոշվել է բացառել ծննդավայրի դաշտի լրացման ընթացքում նախկինում տեղի ունեցած վարչարարական աղավաղումները և առաջնորդվել միջազգային ստանդարտներով։
Սարգսյանը նաև հայտնել է, որ Արցախից տեղահանված շուրջ 50,000 անձ մինչ այժմ դիմել և ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ անձնագրերում ծննդավայրի նշման հարցը բարձրացվել էր դեռևս 2025-ի ապրիլին։
Հայաստանում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2026-ի նոյեմբերի 1-ին։ Դրան նախորդել էր մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքի ընդունումը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ին։ Նախկին կարգավորմամբ քաղաքացին կարող էր ցանկության դեպքում անձնագրում որպես ծննդավայր նշել ոչ միայն պետությունը, այլև մարզը, շրջանը, քաղաքը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան գրառման առկայության դեպքում։
Նոյեմբերի 19-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր Ադրբեջանը նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտներով։
Նոյեմբերի 20-ին «Արցախ» միությունը հայտարարել էր, որ ո՛չ ICAO-ի, ո՛չ ISO-ի ստանդարտները չեն պարտադրում արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշել Ադրբեջանը։ Միությունը խնդիրը պայմանավորում է Հայաստանի իշխանությունների որոշմամբ և նոր օրենսդրական կարգավորմամբ՝ առաջարկելով վերականգնել անձնագրում բնակավայրի անվանումը նշելու հնարավորությունը։
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայ բռնի տեղահանվեց Հայաստան։ Նույն թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին։











