Գլխավոր Լրահոս

Ալիևը չի մասնակցի Անկարայի գագաթնաժողովին՝ Թուրքիայի հետ լարվածության ֆոնին

Ալիևը չի մասնակցի Անկարայի գագաթնաժողովին՝ Թուրքիայի հետ լարվածության ֆոնին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Անկարա՝ մասնակցելու թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ մասին հաղորդել է ադրբեջանական Report գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Պատճառը Ադրբեջանի նախագահի «խիտ գրաֆիկն» ու հոկտեմբերի 30-ին «ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման» արարողությունն են, այդ մասին նշել է աղբյուրը։

Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 29-ից 30-ը։ Սկզբում՝ արտգործնախարարների, իսկ հաջորդ օրը՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Այս անգամ ավելի քան երբևէ Անկարայում սպասում էին Ադրբեջանի նախագահին, որի համատեքստը վերջին շրջանում Բաքու-Անկարա լարված հարաբերություններն էին։ Բացի այդ, այս նստաշարջանում ադրբեջանական կողմի նախագահությունը կազմակերպությունում պետք է անցներ Թուրքիային։

Հիջաբի թեման, որը սրել էր երկու դաշնակիցների հարաբերությունները և բարձրացրել ընդհուպ պետական մակարդակ, ըստ էության շարունակվում է պահպանվել։ Լարվածության թոթափմանը անգամ չնպաստեց հոկտեմբերի 21-ին թուրքական նախաձեռնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցն ու դրան հետևած Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալի պաշտոնազրկումը։ Վերջինս հրաժեշտ տվեց իր պաշտոնին հիջաբի թեմայով Ադրբեջանի իշխանությունների քննադատելու համար։

Թուրքական որոշ կայքեր կարծես կանխատեսել էին Ադրբեջանի նախագահի հնարավոր չմասնակցությունը կազմակերպության նիստին։ Թուրքական քաջատեղյակ աղբյուրներից հայտնել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների վերջին հեռախոսազրույցը ոչ միայն հարթ չի անցել, այլև թեժ է ստացվել։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ հարաբերություններում համահավասարության է ձգտում։

Ալիևի փոխարեն Ադրբեջանը ներկայացնելու է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որն արդեն Անկարայում է։ Վերջինս թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում արդեն իսկ հանդիպել է իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Սական դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում