Գլխավոր Լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծը և մեդիայի անկախության ռիսկերը

Նոր Սահմանադրության նախագիծը և մեդիայի անկախության ռիսկերը

Ստելլա Մեհրաբեկյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության սկզբունքը, ինչպես նաև փոխել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կարգավիճակը՝ դրա գործառույթները փոխանցելով օրենքով ձևավորվող ինքնավար մարմնի։

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները ֆինանսական թափանցիկության սկզբունքն ինքնին խնդրահարույց չեն համարում, սակայն հարցեր են բարձրացնում այն Սահմանադրությամբ ամրագրելու անհրաժեշտության, հետագա կիրառման մեխանիզմների և լրատվամիջոցների նկատմամբ պետական վերահսկողության հնարավոր ընդլայնման վերաբերյալ։ Առավել մեծ անորոշություն է առաջացնում ՀՌՀ-ի կարգավիճակի փոփոխությունը։

Ֆինանսական թափանցիկություն․ ի՞նչ է փոխվում

Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծի 28-րդ հոդվածը սահմանում է․ «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»։

Թեև ֆինանսական թափանցիկության մասին դրույթը գործող Սահմանադրության մեջ բացակայում է, Հայաստանի օրենսդրությամբ լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվողականության պահանջ գոյություն ունի ավելի քան երկու տասնամյակ։

2003-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 12-րդ հոդվածը լրատվական գործունեություն իրականացնողներին պարտավորեցնում է մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ այս առումով սահմանադրական նոր դրույթն էապես նոր պահանջ չի առաջադրում լրատվամիջոցներին։

«Պարզապես դեռ պարզ չէ, թե օրենքի կիրառումն ինչ գործնական դրսևորումներ կունենա և ինչ փոփոխություններ տեղի կունենան գործող կարգում»,- ասում է Ալավերդյանը։

Նա հիշեցնում է նաև, որ լրատվամիջոցներն արդեն իսկ իրենց կազմակերպաիրավական կարգավիճակին համապատասխան հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններին։

Նախագիծը չի հստակեցնում, թե ֆինանսական թափանցիկության սահմանադրական սկզբունքից ինչ լրացուցիչ պարտավորություններ կարող են բխել, ով է վերահսկելու դրանց կատարումը և պատասխանատվության ինչ մեխանիզմներ կարող են նախատեսվել։

Ի տարբերություն կուսակցություններին վերաբերող դրույթների՝ լրատվամիջոցների մասին հոդվածը ֆինանսավորման աղբյուրների, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորման ուղղակի սահմանափակում չի նախատեսում։

Միջազգային փորձը․ ինչո՞վ է տարբերվում հայկական առաջարկը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, անդրադառնալով միջազգային պրակտիկային, նշում է. «Նման սահմանադրական նորմ գոյություն ունի շատ քիչ երկրներում, օրինակ, Իտալիայում և Ռումինիայում։ Սակայն, ի տարբերություն առաջարկվող նախագծի, այդ երկրների սահմանադրություններում դրույթը ձևակերպված է որպես օրենսդրի հնարավորություն («օրենքը կարող է սահմանել...»), այլ ոչ թե որպես ուղղակի պահանջ»։

Իտալիայի Սահմանադրության 21-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով կարող է սահմանվել պարբերական մամուլի ֆինանսավորման աղբյուրների հրապարակման պահանջ։

Ռումինիայի Սահմանադրության 30-րդ հոդվածի հինգերորդ մասը ևս նախատեսում է, որ օրենքը կարող է լրատվամիջոցներին պարտավորեցնել հրապարակել իրենց ֆինանսավորման աղբյուրը։

Երկու դեպքում էլ, ի տարբերություն Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի, այդ պահանջների սահմանումը վերապահված է օրենսդրին։ Բացի այդ, հայկական նախագծում օգտագործվում է ավելի լայն հասկացություն՝ «ֆինանսական թափանցիկության սկզբունք»։

Նունե Սարգսյանի գնահատմամբ՝ ձևակերպումների այս տարբերությունը կարևոր է հետագա իրավական մեկնաբանությունների և կիրառման տեսանկյունից։

«Առաջին հայացքից այս նորմը որևէ վտանգ չի ներկայացնում, ինչպես և ինքնին չի կարող ամբողջությամբ ապահովել լրատվամիջոցների գործունեության ֆինանսական թափանցիկությունը»,- նշում է Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ ֆինանսական թափանցիկության սկզբունքը կարող է տեղ գտնել Սահմանադրության մեջ երկու պայմանով՝ եթե այն ձևակերպվում է որպես քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի երաշխիք, և եթե հստակ ամրագրվում է, որ բոլոր մանրամասներն ու սահմանափակումները կարգավորվում են օրենքով։

«Լրատվական դաշտի պահանջներն ու կարգավորումները պետք է սահմանվեն ոլորտային օրենսդրությամբ, այլ ոչ թե դառնան Սահմանադրության մաս»,- ասում է Սարգսյանը։

ՀՌՀ-ն կկորցնի սահմանադրական մարմնի կարգավիճակը

Մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար առավել մտահոգիչ է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավիճակին վերաբերող փոփոխությունը։

Գործող Սահմանադրության 196-րդ հոդվածով ՀՌՀ-ն անկախ պետական մարմին է, որի առաքելությունն է ապահովել հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը։ Սահմանադրությամբ ամրագրված են նաև հանձնաժողովի կազմին և ձևավորմանը վերաբերող երաշխիքներ։

Նոր Սահմանադրության նախագծում ՀՌՀ-ին նվիրված առանձին գլուխ չկա։ 88-րդ հոդվածի անցումային դրույթով նախատեսվում է, որ հանձնաժողովը կշարունակի գործել մինչև օրենքով նոր ինքնավար մարմնի ձևավորումը, բայց ոչ ավելի, քան Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացումից մեկ տարի։

Այսպիսով՝ ՀՌՀ-ն այլևս չի ունենա սահմանադրական մարմնի կարգավիճակ, իսկ նոր մարմնի լիազորություններն ու անկախության կոնկրետ երաշխիքները կսահմանվեն օրենքով։

Նունե Սարգսյանի գնահատմամբ՝ դեռևս պարզ չէ, թե ինչ խնդիր է նախատեսվում լուծել այս փոփոխությամբ, և ինչ սկզբունքներով է գործելու նոր մարմինը։

«Ի՞նչ է նշանակում «ինքնավար մարմին» և ո՞րն է դրա սկզբունքային տարբերությունը գործող Սահմանադրությամբ ամրագրված «անկախ պետական մարմնից»։ Արդյո՞ք այս նոր մոտեցումը թուլացնում կամ վերացնում է ՀՌՀ-ի անկախության երաշխիքները, թե՞ նախատեսում է բոլորովին այլ կարգավորող մարմնի ստեղծում»,- հարցադրում է անում Սարգսյանը։

Դավիթ Ալավերդյանը ևս կարևորում է առաջարկվող փոփոխության շարժառիթների պարզաբանումը։

«Արդյոք պատճառը ներկայիս կառույցի անարդյունավետությո՞ւնն է, թե՞ իշխանությունները պարզապես ցանկանում են ավելի մեծ վերահսկողություն սահմանել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նկատմամբ»։

Ալավերդյանը հիշեցնում է, որ նախկինում հանձնաժողովը ցանկություն էր հայտնել վերահսկողություն սահմանել նաև թվային մեդիայի՝ YouTube-ում կամ այլ հարթակներում հեռուստատեսային բովանդակություն հեռարձակող կառույցների նկատմամբ։

Նոր Սահմանադրության նախագիծն ինքնին նման կարգավորում չի նախատեսում, սակայն ՀՌՀ-ին փոխարինող մարմնի իրավասությունների շրջանակը դեռևս հստակեցված չէ։

Ալավերդյանի գնահատմամբ՝ քաղաքական ազդեցության խնդիրը գոյություն ունի նաև այսօր՝ չնայած հանձնաժողովի անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակին։

Մեդիայի նկատմամբ վերահսկողության ընդլայնման ռիսկեր

Դավիթ Ալավերդյանն առաջարկվող սահմանադրական փոփոխությունները դիտարկում է մեդիային առնչվող այլ օրենսդրական նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնում վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման նվազագույն շեմ սահմանելու շուրջ ընթացող քննարկումների կապակցությամբ։

«Ես ռիսկեր տեսնում եմ, որովհետև նկատում եմ նաև իշխանությունների ցանկությունը՝ հնարավորինս մեծ վերահսկողություն սահմանելու մեդիադաշտի նկատմամբ և սահմանափակելու խոսքի ազատության այն մակարդակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում»,- ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ լրատվամիջոցները քաղաքացիական հասարակության հետ միասին արձագանքեն նման օրենսդրական նախաձեռնություններին։

Նունե Սարգսյանն էլ ընդգծում է, որ Սահմանադրության նախագծի՝ մեդիային վերաբերող դրույթները մասնագիտական լուրջ քննարկման կարիք ունեն։

«Կարևոր է հասկանալ փոփոխությունների նպատակը, հնարավոր հետևանքները և հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք չեն ստեղծի լրացուցիչ ռիսկեր մեդիայի ազատության ու անկախության համար»։

Նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը վերջնական չէ և դեռ ենթակա է քննարկման։ Մեդիա ոլորտի համար առանցքային հարցն այն է, թե ֆինանսական թափանցիկության սահմանադրական պահանջին զուգահեռ ինչ երաշխիքներ են նախատեսվելու լրատվամիջոցների անկախության, բազմակարծության և պետական անհարկի միջամտությունից պաշտպանության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում