Գլխավոր Լրահոս

Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա՝ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցին ընդառաջ

Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա՝ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցին ընդառաջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ և կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից։

Գրիգորյանի այցը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին Ռուսաստան նախատեսվող այցին ընդառաջ։

Փաշինյանը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։

Գրիգորյանի մոսկովյան այցը տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա քաղաքական ու տնտեսական տարաձայնությունների ֆոնին։ Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է կիրառել հայկական մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։ Հայաստանն իր հերթին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ռուսական սահմանափակումներն առևտրային խոչընդոտ ճանաչելու պահանջով։

ԵԱՏՄ անդամ մյուս չորս երկրները նաև զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ այդ դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է կրճատվել 15,6 տոկոսով, իսկ ռուսական գազի գինը՝ բարձրանալ շուրջ 69 տոկոսով։ Զեկույցը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն շարունակում է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքները։

Տարաձայնություններ կան նաև անվտանգային ոլորտում։ Նոյեմբերի 11-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) որոշում է ընդունել Հայաստանին զրկել կառույցի մարմիններում ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից՝ 2024-ից անդամավճարները չվճարելու պատճառով։ Հայաստանը 2024-ից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում