Գլխավոր Լրահոս

Դրոշն ու զինանշանը փոխելու համար այսօր էլ հանրաքվե է պետք․ ի՞նչ է փոխում նոր նախագիծը

Դրոշն ու զինանշանը փոխելու համար այսօր էլ հանրաքվե է պետք․ ի՞նչ է փոխում նոր նախագիծը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026-ի նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծից դրոշի և զինանշանի նկարագրությունը հանելուն, պնդել է, թե գործող կարգով Ազգային ժողովը կարող է օրենքով փոխել այդ նկարագրությունը, իսկ նոր նախագծով դրա համար հանրաքվե կպահանջվի։

«…Այսօր Սահմանադրությունը պարունակում է նկարագրություն դրոշի և զինանշանի, մենք հրաժարվել ենք Սահմանադրությամբ այդ նկարագրությունը տալուց, բայց ասել ենք, որ ի տարբերություն գործող Սահմանադրության, որով սահմանվում է, որ դրոշը և զինանշանը նկարագրվում են օրենքով, ինչը իր հերթին ենթադրում է, որ Ազգային ժողովը կարող է փոխել օրենքը, և, ըստ էության, կփոխվի նկարագրությունը, մենք սահմանել ենք, որ միայն հանրաքվեով է հնարավոր փոխել դրոշի և զինանշանի նկարագրությունը»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե նախագծով հիմք են ստեղծում՝ փոխելու պետական խորհրդանիշները կամ հրաժարվում դրանցից։

#CivilNetCheck-ը պարզել է, թե Ազգային ժողովը (ԱԺ) դրոշի ու զինանշանի նկարագրությունից ինչ կարող է այսօր փոխել և ինչ է փոխվում նոյեմբերի 23-ին հրապարակված նախագծով։

Ի՞նչ կարող է փոխել Ազգային ժողովն այսօր

Գործող Սահմանադրության 21-րդ հոդվածը վերաբերում է ՀՀ խորհրդանիշներին։ Հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանվում են դրոշի ու զինանշանի հիմնական տարրերը։ Դրոշը կազմված է կարմիր, կապույտ և նարնջագույն հավասար հորիզոնական շերտերից։ Զինանշանի վրա պատկերված են, ի թիվս այլ տարրերի, Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։

Նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։ Օրինակ՝ դրոշի լայնության և երկարության 1։2 հարաբերակցությունը սահմանված է «ՀՀ դրոշի մասին» օրենքով, և ԱԺ-ն կարող է այն փոխել։

Էկրանապատկերը՝ գործող Սահմանադրությունից։
Էկրանապատկերը՝ գործող Սահմանադրությունից։

Դրոշի գույները կամ զինանշանի՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրերը փոխելու համար անհրաժեշտ է փոփոխել Սահմանադրության 21-րդ հոդվածը։ Այն առաջին գլխում է, իսկ 202-րդ հոդվածի 1-ին մասով այդ գլխի փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով։ Փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ ձայնը։

Ի՞նչ է փոխվում նոր նախագծով

Նոր Սահմանադրության նախագծում դրոշի գույներն ու զինանշանի հիմնական տարրերը չեն նկարագրվում։ 16-րդ հոդվածով առաջարկվում է դրոշի և զինանշանի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանել հանրաքվեով ընդունվող օրենքով։

Նախագծի 84-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրությունը սահմանող գործող օրենքները մնում են ուժի մեջ։ Այսինքն՝ նոր Սահմանադրության ընդունմամբ դրոշն ու զինանշանը չեն փոխվի։ Իսկ հետագայում գործող օրենքները փոփոխելու կամ խորհրդանիշների նկարագրությունը նոր օրենքով սահմանելու համար, նախագծի 16-րդ հոդվածի համաձայն, հանրաքվե կպահանջվի։

Էկրանապատկերում՝ Սահմանադրության նախագծի 16-րդ հոդվածը և 84-րդ հոդվածի 2-րդ մասը։
Էկրանապատկերում՝ Սահմանադրության նախագծի 16-րդ հոդվածը և 84-րդ հոդվածի 2-րդ մասը։

Այս պահանջը խստացնում է օրենքով սահմանված մանրամասների փոփոխման կարգը։ Օրինակ՝ դրոշի համամասնությունը փոխելու համար նախագծով ևս հանրաքվե կպահանջվի։ Դրոշի գույներն ու զինանշանի հիմնական տարրերը փոխելու համար այսօր էլ հանրաքվե է պետք։ Այդ դեպքում էական տարբերությունն այն է, որ այսօր հանրաքվեի է դրվում Սահմանադրության փոփոխության նախագիծը, իսկ նոր կարգով պետք է դրվի օրենքի նախագիծը։

Նախագծի 82-րդ հոդվածով թե՛ օրենքի, թե՛ Սահմանադրության փոփոխության հանրաքվեում պետք է կողմ քվեարկի մասնակիցների կեսից ավելին։ Միաժամանակ կողմ ձայները պետք է կազմեն հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ քառորդը՝ օրենքի դեպքում, և մեկ երրորդը՝ սահմանադրական փոփոխության դեպքում։ Գործող Սահմանադրության 207-րդ հոդվածով այդ նվազագույնն այսօր մեկ քառորդն է։ Հետևաբար դրոշի գույները կամ զինանշանի հիմնական տարրերը փոխելու համար հանրաքվեում կողմ ձայների նվազագույն շեմը կմնա նույնը։

Կփոխվի նաև հանրաքվեի նախաձեռնման կարգը։ Քանի որ հանրաքվեի կդրվի օրենքի նախագիծ, այսօր սահմանադրական փոփոխության համար նախատեսված՝ ԱԺ պատգամավորների երկու երրորդի պահանջը չի կիրառվի։ Նախագծի 38-րդ և 79-րդ հոդվածներով ընտրական իրավունք ունեցող առնվազն 40,000 քաղաքացի կարող է օրենքի նախագիծ առաջարկել Ազգային ժողովին։ ԱԺ-ի մերժումից հետո նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե մերժումից հետո 120 օրվա ընթացքում նախաձեռնությանը միանա ընտրական իրավունք ունեցող 200,000 քաղաքացի, և Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող։

Ի՞նչ պարզաբանեց նախարարը

#CivilNetCheck-ի հետ զրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, որ հարցազրույցում շփոթել է դրոշի և զինանշանի կարգավորումը օրհներգի կարգավորման հետ։ Գործող Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը սահմանվում է օրենքով։ 2025-ին ԱԺ-ն առանց հանրաքվեի վերաշարադրել է օրհներգի

տեքստն ու երաժշտությունը սահմանող հոդվածը և փոփոխել օրենքի հավելվածները։

Հարցին, թե ով կարող է նախաձեռնել դրոշի կամ զինանշանի մասին օրենքի փոփոխությունը, Գալյանն ասաց, որ նախաձեռնության իրավունքը կարելի է սահմանել օրենքով։ Նա հնարավոր համարեց, որ նախաձեռնությունը գա Ազգային ժողովից, Կառավարությունից կամ քաղաքացիներից։

«Էականը վերջնարդյունքն է, որ տվյալ օրենքի փոփոխությունը կարող է իրականացվել միայն հանրաքվեով։ Այսինքն՝ վերջնակետում որոշողը ուզում ենք, որ ժողովուրդը լինի»,- ասաց նա։

Գործող՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ և 10-րդ հոդվածներով սովորական օրենքի նախագիծը հանրաքվեի կարող է դրվել քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Ազգային ժողովն ու կառավարությունն իրենց նախաձեռնած սովորական օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու լիազորություն չունեն։ Իսկ նոր Սահմանադրության հրապարակված նախագծում չի հստակեցվում, թե ԱԺ-ի կամ Կառավարության նախաձեռնած՝ դրոշի կամ զինանշանի մասին օրենքի փոփոխությունն ինչ ընթացակարգով կարող է դրվել հանրաքվեի։

Այսպիսով՝ Գալյանի նկարագրած խստացումը վերաբերում է միայն դրոշի և զինանշանի այն մանրամասներին, որոնք այսօր Ազգային ժողովը կարող է փոխել օրենքով։ Դրոշի գույներն ու զինանշանի հիմնական տարրերը փոխելու համար այսօր էլ հանրաքվե է պահանջվում։ Նախագծով այդ տարրերի նկարագրությունը դուրս է գալիս Սահմանադրությունից, և դրանք հետագայում փոխելու համար հանրաքվեի կդրվի օրենքի նախագիծ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում