Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Գոհար Մելոյանը, խոսելով քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերին, նշեց, որ դրանց թիվը ահռելի է։
«Մարդակենտրոնի անվան ներքո եկան իշխանության, դարձան մահակենտրոն իշխանություն: Իրենց իշխանության տարիներին մոտ 130 մարդ մահացել է քրեակատարողական հիմնարկներում։ Դա ահռելի ցուցանիշ է»,- հայտարարեց Մելոյանը։
Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին և քաղաքական հետապնդումներին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել նաև քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերին։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է 2010-2026-ին ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի և պահվող անձանց թվի վիճակագրությունը՝ պարզելու մահացության ընդհանուր պատկերը և տարիների ընթացքում դրա փոփոխության միտումները։
Մելոյանի նշած թիվը հաստատվում է․ ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը
Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության՝ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ 2018-ից մինչև 2026-ի նոյեմբերի 17-ը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում ընդհանուր առմամբ արձանագրվել է 131 մահվան դեպք։ Դրանցից չորսը տեղի են ունեցել 2026-ի ընթացքում: Ուստի, ներկայիս իշխանությունների օրոք ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի թվերի Մելոյանի պնդումը համապատասխանում է պաշտոնական տվյալներին։
Այս ժամանակահատվածում մահվան դեպքերի գերակշիռ մասը՝ 104-ը, պայմանավորված է եղել առողջական խնդիրներով։ Արձանագրվել է նաև ինքնասպանության 25 դեպք, մեկ դժբախտ պատահար (2019-ին) և մեկ սպանություն (2022-ին)։ Ինքնասպանությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են 2025-ին՝ ութ դեպք, իսկ 2024-ին ինքնասպանության որևէ դեպք չի արձանագրվել։
Նույն ժամանակահատվածում ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների թիվը ամենաքիչը եղել է 2020-ին՝ 1 967, իսկ ամենաշատը՝ 2026-ին՝ 3 240 (նոյեմբերի 3-ի դրությամբ)։
2010-2017-ին մահերն ավելի շատ էին, բայց բանտարկյալներն էլ՝ մոտ երկու անգամ շատ
Եթե դիտարկենք 2010-2017-ի վիճակագրությունը, ապա այդ ութ տարիների ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է 228 մահվան դեպք։ Սա զգալիորեն ավելի շատ է, քան 2018-2026-ին գրանցված մահերի թիվը։
Այս շրջանում ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների թիվը նույնպես զգալիորեն ավելի մեծ է եղել։ Ամենաքիչը գրանցվել է 2017-ի վերջին՝ 3 536 անձ, իսկ ամենաշատը՝ 2010-ին՝ 5 142 անձ։ Տարեկան կտրվածքով մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են 2014-ին՝ 38, իսկ ամենաքիչը՝ 2017-ին՝ 17։
Այդ ութ տարիներին մահվան դեպքերի մեծ մասը ևս պայմանավորված է եղել առողջական խնդիրներով։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է ինքնասպանության 31 դեպք, որոնցից ամենաշատը՝ յոթական, գրանցվել են 2011-ին և 2016-ին։
Այսպիսով, թեև 2010-2017-ին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի թիվը գրեթե երկու անգամ ավելի մեծ է եղել, քան 2018-2026-ին (նոյեմբերի դրությամբ), այդ շրջանում կալանավորված անձանց և դատապարտյալների թիվը նույնպես զգալիորեն ավելի մեծ է եղել։
Սակայն պատկերը փոխվում է, երբ հաշվի ենք առնում նաև ՔԿՀ-ներում պահվող անձանց թիվը։ Յուրաքանչյուր տարվա մահվան դեպքերի թիվը համեմատելով տվյալ տարվա բանտարկյալների թվի հետ՝ ստանում ենք գրեթե նույն հարաբերական ցուցանիշները։ 2010-2017-ին մահվան դեպքերը տարեկան կազմել են պահվող անձանց թվի 0,48-0,98%-ը (միջինը՝ 0,68%), իսկ 2018-2025-ին՝ 0,25-0,95%-ը (միջինը՝ 0,66%)։ 2026-ի ոչ ամբողջական տվյալները միջինների համեմատության մեջ ներառված չեն։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











