Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում պնդում են, թե նոր նմուշի կենսաչափական անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիները զրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից, քանի որ անձնագրում այլևս ներառված չէ նախկինում առկա՝ «անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը» ձևակերպումը։ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակից հրապարակած տեսանյութում սա անվանում է «նոր անձնագրի ծուղակ»։
«Այսինքն՝ սրանով Հայաստանի իշխանությունները հրաժարվում են կարևոր, իսկ միգուցե ամենակարևոր պարտականությունից՝ քաղաքացուն պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքից և իրենց սահմանադրական պարտականությունից։ Եվ այդ մասին չեն խոսում ու չեն պայքարում խորհրդարանում»- հայտարարում է Խզմալյանը։
Հասարակական գործիչ Վարդան Հակոբյանը ևս համեմատում է հին և նոր անձնագրերի ձևակերպումները՝ ահազանգելով, թե նոր անձնագրի կրողը պաշտպանված չէ։
«Իրենք երևի չեն հասկանում, որ այդ անձնագրի մեջ ուղիղ գրված է, որ դուք՝ այդ անձնագիրը կրողներդ, ընդամենը մարդ եք, որն ունի իրավունք այս անձնագրով ճանապարհորդելու, բայց եթե հանկարծ ձեզ հետ մի բան եղավ, ցանկացած տեղ, իմացեք՝ դուք տեր չունեք»,- հոկտեմբերի 31-ին տարածած տեսանյութում հայտարարում է Վարդան Հակոբյանը։

#CivilNetCheck-ը պարզել է՝ արդյոք նոր անձնագրից իսկապես հանվել է «Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո» ձևակերպումը, և արդյոք դրա բացակայության դեպքում քաղաքացին զրկվում է պետության պաշտպանությունից:
Նոր անձնագրում ևս պահպանվել է ՀՀ հովանավորության մասին նշումը
Նոր կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը պաշտոնապես գործարկվել է 2026-ի նոյեմբերի 1-ից։ Առաջին նմուշները հանձնվել են հոկտեմբերի 31-ին կառավարությունում կայացած արարողության ժամանակ։
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրերում ևս պահպանվել է ՀՀ հովանավորության մասին նշումը։ Սակայն, ի տարբերություն հին անձնագրի, որտեղ այն տեղադրված էր վերջին էջում, նոր անձնագրում նշումը գտնվում է առաջին էջում։
«Անձնագրի առաջին էջում՝ շապիկի ներսում, գրված է՝ անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը», ասաց Դավթյանը։
Անձնագրի ձևն ու նկարագիրը հաստատվել են կառավարության՝ 2026-ի հոկտեմբերի 29-ի N 1581-Ն որոշմամբ, որի հավելվածում հրապարակված անձնագրի նմուշում ևս առկա է «Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո» գրությունը։

Նշենք, որ ամիսներ առաջ հրապարակված անձնագրի նմուշներում այս էջում ՀՀ հովանավորության մասին նշումը բացակայում էր։
Պաշտպանությունը սահմանվում է Սահմանադրությամբ, ոչ թե անձնագրում գրությամբ
Միևնույն ժամանակ, քաղաքացու՝ պետության պաշտպանությունից օգտվելու սահմանադրական իրավունքը կախված չէ անձնագրում նման նշման առկայությունից։
Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ մասը հստակ սահմանում է, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո։

Ավելին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 3-րդ հոդվածում անձնագիրը սահմանվում է որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և վերադառնալու համար։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ անկախ նրանից, թե ինչ է գրված նոր անձնագրում կամ ինչպես է ձևակերպված, ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից։
«Իրականում, եթե հիմա դուք ճամփորդեք անձնագրով, որում այդ ձևակերպումները չկան, դա չի նշանակում, որ ավելի քիչ պաշտպանված եք։ Այդ ամենն անձնագրում սիմվոլիկ նշանակություն ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանությունն այլ պետության տարածքում ամրագրվում է միջազգային պայմանագրերով և միջազգային իրավունքով, այլ ոչ թե անձնագրում կատարված գրառումներով»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ քաղաքացիների պաշտպանության գործնական մեխանիզմներից են ՀՀ դեսպանատների և հյուպատոսական հիմնարկների աջակցությունը։ Նա ընդգծեց, որ պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունն ամրագրված է Սահմանադրությամբ, և դրա մասին անձնագրում առանձին նշում կատարելը պարտադիր չէ։
Ավելին, անձնագրի ձևն ու նկարագիրը հաստատվում են Կառավարության որոշմամբ, մինչդեռ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Հետևաբար, անձնագրում որևէ ձևակերպման փոփոխությունը չի կարող սահմանափակել կամ վերացնել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը։
Այսպիսով, տարածվող պնդումները, թե նոր կենսաչափական անձնագիր ստացած ՀՀ քաղաքացիները զրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից, սխալ են։ Նոր անձնագրում ևս պահպանվել է ՀՀ հովանավորության մասին նշումը, պարզապես փոխվել է դրա տեղադրությունը։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











