Գլխավոր Լրահոս

Անթալիայում ովքեր և ինչպես են դիմավորել Փաշինյանին ու մյուս ղեկավարներին

Անթալիայում ովքեր և ինչպես են դիմավորել Փաշինյանին ու մյուս ղեկավարներին

Համացանցում և սոցիալական ցանցերում քննարկման ու քննադատության առարկա էր դարձել նոյեմբերի 11-ին Անթալիայի օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարարի կողմից դիմավորելը։

«…COP31 համաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու օգտին ընտրություն կատարած Նիկոլ Վովաևիչին երեկ Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել»,- նոյեմբերի 12-ին գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Թեմային անդրադարձել և դիմավորման մակարդակը քննադատել են նաև այլ գործիչներ ու օգտատերեր՝ տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվել, և մյուս երկրների ղեկավարներին ավելի բարձր մակարդակով են դիմավորել։

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ովքեր են Անթալիայի օդանավակայանում դիմավորել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովին մասնակցելու ժամանած մյուս երկրների ղեկավարներին և ինչ արարողակարգով։

Ոչ բոլոր ղեկավարների դիմավորման մասին են տեղեկություններ հրապարակվել։ Որոշ դեպքերում հասանելի են պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր, մյուս դեպքերում՝ միայն դիմավորող պաշտոնյաների անունները կամ արարողության առանձին մանրամասներ։

COP31-ը՝ Անթալիայում

COP31-ի առաջնորդների գագաթնաժողովն Անթալիայում անցկացվել է նոյեմբերի 11-12-ին։ Ըստ Թուրքիայի նախագահականի՝ այն համախմբել է 95 երկրի և յոթ միջազգային կազմակերպության 102 ներկայացուցիչ։

Նիկոլ Փաշինյանին Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Սերդար Չամը և մեկ այլ թուրք պաշտոնյա, որի ինքնությունը չհաջողվեց պարզել։ Հրապարակված կադրերում պատվո պահակախումբ կամ դիմավորման այլ հանդիսավոր տարրեր չեն երևում։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության պլանավորման փաստաթղթի համաձայն՝ Անթալիայի օդանավակայանում յուրաքանչյուր պետության կամ կառավարության ղեկավարին պետք է դիմավորեր խումբ, որի կազմում նախատեսված էր նաև հյուրընկալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա։ Դիմավորող խմբերի կազմի մասին տեղեկությունները պետք է տրամադրվեին պատվիրակությունների հետ կապի պատասխանատուների միջոցով։

Առաջնորդները Անթալիա են ժամանել տարբեր օրերի։

COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը
COP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը

Պատվո պահակախմբով և պաշտոնական արարողությամբ

Հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից, լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ տարբեր երկրների ղեկավարներին Անթալիայի օդանավակայանում դիմավորել են տարբեր պաշտոնյաներ, որոշ դեպքերում՝ նաև պատվո պահակախմբի մասնակցությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով։ Հրապարակված լուսանկարներում երևում են նաև ազգային տարազով երեխաներ ու երիտասարդ աղջիկներ, որոնք ծաղիկներ են հանձնում հյուրերին։

Դիմավորման արարողությանը մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Քյուրսադ Զորլուն, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, Թուրքիայի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն և Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։

Պատվո պահակախմբով են դիմավորել նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, որը նոյեմբերի 10-ին կնոջ ուղեկցությամբ ժամանել է Անթալիա։ Օդանավակայանում նրան դիմավորողների թվում են եղել Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն և այլ պաշտոնյաներ։

Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի՝ Խալք Մասլահաթի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ևս դիմավորել են պատվո պահակախմբով: Դիմավորման արարողությանը մասնակցել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և Մևլութ Չավուշօղլուն։

COP31-ին մասնակցելու համար Անթալիա են ժամանել նաև միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Թուֆան Էրհյուրմանը և վարչապետ Ունալ Յուստելը։ Նոյեմբերի 10-ին Էրհյուրմանին դիմավորել են Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի փոխնախարարները, Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և իշխող կուսակցության փոխնախագահ Քյուրսադ Զորլուն։ Դիմավորման ժամանակ նրան նաև ծաղիկներ են նվիրել։

Յուստելին ևս դիմավորել են պաշտոնական արարողությամբ։ Հրապարակված լուսանկարներում երևում են պատվո պահակախումբը և ավանդական հագուստով երեխաներ՝ ծաղիկներով։

Պատվո պահակախմբով են դիմավորել նաև Բանգլադեշի վարչապետ Թարիք Ռահմանին։ Նրան օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Սերդար Չամը, որը դիմավորել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Դիմավորման ժամանակ երկու երեխա ծաղիկներ են հանձնել վարչապետին և նրա կնոջը։

Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հյուսիսային Կիպրոսի և Բանգլադեշի առաջնորդների դիմավորման արարողությունները
Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հյուսիսային Կիպրոսի և Բանգլադեշի առաջնորդների դիմավորման արարողությունները

Ովքեր են դիմավորել մյուս առաջնորդներին

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Անթալիայի օդանավակայանում մի շարք երկրների ղեկավարների դիմավորել է նահանգապետ Հուլուսի Շահինը։

Նա մասնակցել է, օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորմանը։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Շահինը, նրա կինը՝ Էբրու Շահինը, և Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին օդանավակայանում դիմավորել է նաև Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։ Իրանի կառավարության հրապարակած տեսանյութում երևում է, որ դիմավորմանը մասնակցել է պատվո պահակախումբ։

Հուլուսի Շահինն ու այլ պաշտոնյաներ օդանավակայանում դիմավորել են Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Շեյխ էլ Ղազուանիին, Անտիգուա և Բարբուդայի վարչապետ Գաստոն Բրաունին, Բուրունդիի վարչապետ Նեստոր Նտահոնտույեին և Բարբադոսի վարչապետ Միա Մոթլիին։ Չորս ղեկավարներին էլ դիմավորել են պատվո պահակախմբով, իսկ ավանդական տարազով երեխաները նրանց ծաղիկներ են հանձնել։

Շահինը օդանավակայանում դիմավորել է նաև Սուդանի Անցումային ինքնիշխանության խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին։ Իրաքի նախագահ Նիզար Ամիդիին դիմավորել են նահանգապետն ու նրա կինը։ Այս դեպքում էլ հանձնվել են նաև ծաղիկներ։

Ըստ Անթալիայի նահանգապետարանի հրապարակումների՝ Հուլուսի Շահինն օդանավակայանում դիմավորել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Բահամների վարչապետ Ֆիլիպ Դևիսին, Նիուեի վարչապետ Դալթոն Թագելագիին, Տուվալուի վարչապետ Ֆելետի Տեոյին և Կոտ դ’Իվուարի փոխնախագահ Տիեմոկո Մեյլիե Կոնեին։ Դանիայի թագուհի Մերիին ևս դիմավորել են նահանգապետը և նրա կինը։ Վեց ղեկավարների դիմավորման լուսանկարներում երևում են ավանդական տարազով աղջիկներ՝ ծաղիկներով։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին Անթալիայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության մեկ այլ փոխնախարար՝ Գյոքհան Յազգին։ Դիմավորման հրապարակված կադրերում պատվո պահակախումբ կամ ծաղիկների հանձնում չի երևում։

Իսկ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին օդանավակայանում դիմավորողների թվում է նաև այն անձը, որը Սերդար Չամի հետ դիմավորել էր Նիկոլ Փաշինյանին։ Ալբանեզեի դիմավորման տեսանյութում երևում են ավանդական տարազով աղջիկներ՝ ծաղիկներով։ Պատվո պահակախումբ կադրերում չի երևում։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի փոխնախարարի կողմից դիմավորելը բացառիկ դեպք չի եղել։ Մյուս երկրների ղեկավարների մեծամասնությանը ևս դիմավորել են տարբեր մակարդակի թուրք պաշտոնյաներ, ոչ թե Թուրքիայի նախագահը կամ արտգործնախարարը։

Սակայն տարբերություններ եղել են դիմավորման արարողակարգում։ Դիտարկված դեպքերի մեծամասնությունում ղեկավարներին դիմավորել են նաև ավանդական տարազով աղջիկներ՝ ծաղիկներով, իսկ որոշ դեպքերում՝ պատվո պահակախմբով։ Փաշինյանի դիմավորման հրապարակված կադրերում նման տարրեր չեն երևում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում