Գլխավոր Լրահոս

«99 տարվա» կեղծիքը․ Արաքսի ջրերի կառավարումը Թուրքիային չի փոխանցվում

«99 տարվա» կեղծիքը․ Արաքսի ջրերի կառավարումը Թուրքիային չի փոխանցվում

Հայկական որոշ լրատվամիջոցներ դեկտեմբերի 26-ին տարածեցին տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների «բացառիկ օգտագործման իրավունքները» առաջիկա 99 տարիների ընթացքում։ Տեղեկության աղբյուր նշվում են թուրքական լրատվամիջոցները՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցի մասին է խոսքը։

Ըստ տարածվող տեղեկության՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված համաձայնագրի շրջանակում Թուրքիային իբր թույլատրվելու է գետի վրա կառուցել մի քանի ամբարտակ և հիդրոէլեկտրակայան։ 

«Համաձայնագիրը կնքվել է Բաքվի կողմից Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը թույլատրելու վերջին որոշումից հետո»,- գրել են լուրը տարածած կայքերը, այդ թվում՝ Pastinfo.am-ը և Yerevan.today-ը։ 

#CivilNetCheck-ը պարզել է, որ տարածվող լուրն անհիմն է և թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հորինված և խեղաթյուրված տեղեկություն։ 

Ի՞նչ է գրել սկզբնաղբյուրը

#CivilNetCheck-ը պարզել է, որ բովանդակությամբ լուր առաջինը հրապարակվել է դեկտեմբերի 25-ին թուրքական Evrensel[.]net կայքում՝ «Արդյո՞ք Հայաստանը Արաքս գետի օգտագործման իրավունքը փոխանցում է Թուրքիային» վերտառությամբ։ Հոդվածի հեղինակն է Օկայ Դեպրիմը։ 

Էկրանապատկերում՝ Evrensel[.]net-ի դեկտեմբերի 25-ի հոդվածը

Թեև հայաստանյան լրատվամիջոցները գրել են, թե համաձայնագիրն արդեն ստորագրված է, սակայն թուրքական հոդվածում խոսքը միայն «համաձայնագրի նախագծի» և ենթադրությունների մասին է, ինչն ակնհայտ է նաև հարցական նշանով վերնագրից։ Ավելին, սկզբնաղբյուրում բացակայում է ամենաաղմկահարույց՝ «99 տարի» ժամկետի վերաբերյալ տեղեկությունը։

Ինչպես #CivilNetCheck-ին հայտեցին տեղեկությունը տարածած հայ լրագրողները, նյութը իրականում վերցրել են ադրբեջանական կայքերից, թեև հղում է արվել թուրքականին։ Պարզվում է՝ «99 տարով» ձևակերպումը ավելացվել է հենց ադրբեջանական Haqqin[.]az կայքում։ Վերջինս հրապարակված հոդվածում հղում է արել վերոնշյալ Evrensel[.]net-ին, սակայն փաստացի ավելացրել է կեղծ տեղեկություններ և վերագրել դրանք թուրքական լրատվամիջոցին։ Նշենք, որ ադրբեջանական Haqqin[.]az-ը նախկինում ևս բազմիցս հրապարակել է ապատեղեկատվական և քարոզչական բնույթի նյութեր Հայաստանի վերաբերյալ։

Էկրանապատկերում՝ Haqqin[.]az-ի դեկտեմբերի 26-ի հոդվածը

Պաշտոնական հերքումներ

#CivilNetCheck-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքեց տարածվող լուրերը։

«Սա հերթական ապատեղեկատվական արշավն է, և էդ տրամաբանության մեջ գրված հոդված է, որը ցավոք մեր որոշ գործընկերներ, որոշները՝ անբարեխիղճ, որոշները՝ հուսանք չգիտակցելով, տեղափոխում են մեր մեդիադաշտ»,-նշել է վարչապետի խոսնակը։

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ևս #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքել է նման համաձայնագրի գոյությունը։ ԱԳՆ-ից էլ հաստատում են, որ նման համաձայնագիր կամ նախագիծ չկա։ 

Հոդվածի հեղինակի մասին

Թուրքական Evrensel-ում հրապարկված հոդվածի հեղինակ Օկայ Դեպրիմը  վերջին շրջանում աչքի է ընկել Հայաստանի վերաբերյալ հակահայկական և կեղծ տեղեկությունների տարածմամբ։ Մասնավորապես, Հենց Դեպրիմն էր թուրքական OdaTV հարթակում տարածել նաև այն կեղծ տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։

Տես՝ «10 մզկիթ Էրդողանի խնդրանքով. հերթական ապատեղեկատվությունը Հայաստանի դեմ»

Ավելի վաղ Դեպրիմը OdaTV-ում գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը «հայտարարել է Սյունիքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին» և պնդել, թե Հայաստանը Սյունիքից «կհանձնի 1200 քմ տարածք»։ Fip.am-ը պարզել էր, որ Դեպրեմը երկար տարիներ ապրել է Լուգանսկում, ստացել տեղի քաղաքացիություն և իր հրապարակումներում ու հարցազրույցներում տարածում ռուսական քարոզչական թեզեր։

Ի՞նչ է հայտնի Արաքսի հունը վերականգնելու նախագծի մասին

Ուշագրավ է, որ թուրքական հոդվածում նշվում է, թե Հայաստանի «արտաքին գործերի նախարարության աղբյուրներից ստացված» տեղեկության համաձայն՝ Արաքսավան և Բուրաստան շրջանների հատվածում գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով նախատեսվում է կառուցել 1 միլիոն դոլար արժեքով ամբարտակ։

Այս տեղեկությունը նորություն չէ․ դեռևս 2022-ի հունիսին ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել նշված հատվածում ափապաշտպան կառույց ստեղծելու համար՝ գետն իր նախկին հունը վերադարձնելու նպատակով։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Արաքսի հովտում գործող ավազահանքի ապօրինի շահագործման հետևանքով գետը փոխել է նախկին հունը։ Խնդիրը լուծելու և գետը նախկին հուն վերադարձնելու համար առաջարկվել է կառուցել մոտ 130 մետր երկարությամբ և 8 մետր խորությամբ դիմհարային պատնեշ։ 

Այս մասին 2022 և 2023 թվականներին գրել էր նաև Sputnik Armenia-ն։ Հավանաբար հոդվածի հեղինակը հենց այստեղից էլ վերցրել է, սակայն հղում է տալիս «ԱԳՆ աղբյուրներին»։ 

Հարկ է նշել, որ սահմանային գետերի հունի փոփոխության և ափապաշտպան կառույցների ստեղծման հարցերը կարգավորվում են ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև դեռևս 1927-ին կնքված սահմանային ջրերի օգտագործման համաձայնագրով, որի հիման վրա հետագայում ստորագրվել են նաև կոնկրետ տեխնիկական համաձայնագրեր։ Այդ փաստաթղթերը կողմերին պարտավորեցնում են ժամանակին տեղեկացնել նախատեսվող աշխատանքների մասին։ 

Հայաստանի ԱԳՆ-ն և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախկինում հաստատել էին, որ հայկական կողմը ծանուցել է Թուրքիային նախատեսվող աշխատանքների մասին՝ գործող ընթացակարգերի համաձայն, ինչը, սակայն, որևէ կերպ չի ենթադրում ջրային ռեսուրսների կառավարման իրավունքի փոխանցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում