Գլխավոր Լրահոս

Իրանը չի հարվածել Թուրքիայում տեղակայված «ամերիկյան բազային»

Իրանը չի հարվածել Թուրքիայում տեղակայված «ամերիկյան բազային»

ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության ֆոնին տեղեկատվական դաշտը լցվել է բազմաթիվ չստուգված և կեղծ լուրերով, որոնք արագորեն տարածվում են նաև հայաստանյան լրատվամիջոցներում։ 

Հայկական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով տելեգրամյան ալիքներին, գրել են, թե Իրանը հարվածել է Թուրքիայում տեղակայված «ամերիկյան ավիաբազային»։

«Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժեր»,- գրել է mamul.am-ը։

Այս տեղեկությունը տարածել են araratnews.am, mamul.am, slaq.am, kentron.am կայքերը։

Իրանը, իսկապես, հարվածներ է հասցրել մի շարք երկրների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների, սակայն Թուրքիայում նման հարված չի արձանագրվել։

Թուրքիայի նախագահականը հերքել է 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հաղորդակցության վարչությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է լուրերը՝ նշելով, որ որևէ ռազմական օբյեկտի հարված չի հասցվել։

Հայտարարության մեջ շեշտվում է մի կարևոր իրավական նրբություն. Թուրքիայում օտարերկրյա պետությանը պատկանող առանձին ռազմաբազաներ չկան։ Երկրում գործող բոլոր ռազմական օբյեկտները գտնվում են Թուրքիայի Հանրապետության ինքնիշխան վերահսկողության ներքո։

Ըստ Euronews-ի՝ Թուրքիայում գործում են ՆԱՏՕ-ի օբյեկտներ, որոնք իրավական կարգավիճակով մնում են թուրքական։ Թուրքիա–ԱՄՆ երկկողմ համաձայնագրերով ԱՄՆ զինծառայողներին տրամադրված է այդ օբյեկտներից օգտվելու իրավունք՝ բացառապես ՆԱՏՕ-ի շրջանակներում կամ համատեղ պաշտպանական նպատակներով։

Հայկական լրատվամիջոցները, թեև հոդվածների տեքստում նշել են, որ «Ինջիրլիքը» ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի օբյեկտ է, վերնագրերում օգտագործել են «ամերիկյան բազային հարվածելու» ձևակերպումը։

«Ինջիրլիքը» Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր ռեակտիվ ավիաբազաներից մեկն է։ Այստեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 39-րդ ավիաբազայի թևը (39th Air Base Wing), որը բազան օգտագործում է ՆԱՏՕ-ի և երկկողմ համաձայնագրերի շրջանակում։

Ո՞ր երկրներում ԱՄՆ-ն ունի ռազմական ներկայություն

Ըստ միջազգային աղբյուրների՝ ԱՄՆ-ն ռազմական օբյեկտներ կամ զորքեր ունի Բահրեյնում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Յուրաքանչյուր երկրի հետ կնքված համաձայնագրերի հիման վրա այդ բազաներն ունեն տարբեր իրավական կարգավիճակներ։ Ընդհանուր առմամբ, դրանք չեն համարվում ԱՄՆ տարածք և մնում են հյուրընկալող երկրի ինքնիշխանության ներքո, սակայն երկկողմ պայմանագրերը ԱՄՆ-ին իրավունք են տալիս իրականացնել ռազմական գործողություններ։

Վերջին սրացումների ժամանակ Իրանը հարվածներ է հասցրել կամ սպառնացել է թիրախավորել այն ուղղությունները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր (մասնավորապես՝ Իրաքում և Հորդանանի սահմանամերձ հատվածներում), սակայն ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի թիրախավորումը տեղի չի ունեցել և կնշանակեր պատերազմի հայտարարում ողջ դաշինքին։

Այսպիսով, լուրերը, թե Իրանը հարվածներ է հասցրել Թուրքիայում գտնվող ամերիկյան ավիաբազային, կեղծ են։

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում