Հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում լայնորեն քննարկվում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի խոսքերը Հայաստանում սպասվող ընտրությունների վերաբերյալ։
Լրատվամիջոցները, քաղաքական և հասարակական գործիչները գրում են, թե Ֆիդանը հայտարարել է՝ Թուրքիան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026-ի խորհրդարանական ընտրություններում։
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ի՞ց, 2020-ի՞ց, թե 2023-ի՞ց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Մինչդեռ, իշխանության ներկայացուցիչները հակադարձում են՝ պնդելով, թե Ֆիդանը նման հայտարարություն չի արել։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Ի՞նչ է ասել Ֆիդանը
Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանում ընթացող ցույցերին, Պաղեստին-Իսրայել, Ուկրաինա-Ռուսաստան հակամարտություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։
Ասուլիսի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ֆիդանը խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է Թուրքիան կարևորում Հայաստանի հետ հարաբերությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում և արդյոք «2026-ին սպասվո՞ւմ է նոր դարաշրջան Հայաստանի հետ հարաբերություններում»։
Ֆիդանը պատասխանել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախատեսածով է իրականանում»։
Նա անդրադարձել է նաև հունվարի 14-ին հրապարակված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի փաստաթղթին։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը հանգուցալուծվի ստորագրմամբ, իսկ դրանից հետո հնարավորինս շուտ իրականացվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
«Այս կամքը ներկայում առկա է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունների մոտ։ Կան ընդամենը մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի հիմա»,- ասել է Ֆիդանը։
Հաջորդիվ Հաքան Ֆիդանը, անդրադառնալով 2026-ի ընտրություններին, ասել է, որ Հայաստանում սպասվող ընտրությունները կարևոր փուլ են լինելու, և իրենք տեսնում են, որ հարցումներով Փաշինյանն առաջատար է։
«Մենք այս հարցում (տարածաշրջանային գործընթացների - խմբ.) նրա կառուցողական դերին իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այդ (քաղաքական - խմբ) գիծն ու կամքը շարունակվեն»,- ասել է Ֆիդանը։
Տես՝ Թուրքիան գնահատում է Փաշինյանի «կառուցողական դերը». Ֆիդան
Ինչպե՞ս մեկնաբանեցին Ֆիդանի խոսքերը Հայաստանում
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի գրառմանը, գրել է, որ Հաքան Ֆիդանը նման հայտարարություն չի արել։
«Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել: Եվ չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»,- գրել է Ռուբինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը»։
ընտրություններին մենք աջակցում ենք Փաշինյանին» վերնագրերով հոդվածներ են տարածել։ Թեև վերնագրերում նշվում է ընտրություններին Փաշինյանին աջակցության մասին, հոդվածներում հստակ նշվում է կառուցողական դերին աջակցության մասին։
Այսպիսով, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բառացիորեն չի հայտարարել, թե Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին 2026-ի ընտրություններում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թուրքիան գնահատում է Փաշինյանի «կառուցողական դերը» տվյալ գործընթացում։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











