Գլխավոր Լրահոս

Շահումով խաղեր Հայաստանում․ աճող միլիարդներ և բացակայող վիճակագրություն

Շահումով խաղեր Հայաստանում․ աճող միլիարդներ և բացակայող վիճակագրություն

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ծավալը շարունակում է աճել՝ չնայած վերջին տարիներին ներդրված սահմանափակումներին։ 2025-ին խաղադրույքների ընդհանուր գումարը հասել է 7,4 տրիլիոն դրամի, իսկ 2026-ի առաջին ութ ամսում կազմել 5,4 տրիլիոն դրամ։ Աճել են նաև խաղային ընկերությունների եկամուտներն ու պետությանը վճարվող հարկերը։

Սակայն հայտնի չէ, թե Հայաստանում քանի մարդ է մասնակցում շահումով խաղերին, որքան գումար են կորցնում խաղացողները և որքան է տարածված խաղային կախվածությունը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է ոլորտի վիճակագրությունը, սահմանված սահմանափակումներն ու պետական մարմինների պատասխանները։

Խաղադրույքներն աճում են, հարկային վճարումները՝ ավելի արագ

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքների ծավալը 2023-ին կազմել է 6,3 տրիլիոն դրամ, 2024-ին՝ 7,1, 2025-ին՝ 7,4 տրիլիոն։ Վերջին երկու տարիների աճը համապատասխանաբար 12,8 և 4 տոկոս է։ 2017-ին խաղադրույքները 138,5 մլրդ դրամ էին։ Ստացվում է՝ ութ տարում խաղադրույքների ծավալն աճել է մոտ 53 անգամ։

Աղբյուր՝ ՊԵԿ-ի պատասխաններ և ՍիվիլՆեթի նախկին հրապարակումներ։
Աղբյուր՝ ՊԵԿ-ի պատասխաններ և ՍիվիլՆեթի նախկին հրապարակումներ։

Պետք է հաշվի առնել, որ խաղադրույքների ընդհանուր գումարը չի նշանակում, թե խաղացողները հենց այդքան գումար են ծախսել։ Օրինակ՝ մարդը կարող է 1000 դրամով խաղալ, շահած գումարը կրկին խաղադրույք կատարել և այդպես շարունակ։ Ամեն նոր խաղադրույք ավելացնում է խաղադրույքների ընդհանուր գումարը, թեև մարդու իրական գումարը չի փոխվում։

Իսկ որքա՞ն գումար է մնում խաղային ընկերություններին։ Դա ցույց է տալիս նրանց համախառն եկամուտը, որը հաշվարկվում է խաղադրույքների ընդհանուր գումարից հայտարարագրված շահումները հանելով։

2025-ին այդ գումարը կազմել է 154,3 մլրդ դրամ կամ բոլոր խաղադրույքների 2,1 տոկոսը։ Այսինքն՝ յուրաքանչյուր 100 դրամ խաղադրույքից միջինում շուրջ 98 դրամը կազմել են հայտարարագրված շահումները, իսկ մոտ 2 դրամը մնացել է կազմակերպիչներին՝ մինչև ծախսերն ու հարկերը հանելը։ Սակայն այս հաշվարկում ներառված են նաև դեռ չվճարված շահումները, ուստի այն չի ցույց տալիս, թե խաղացողներն իրականում որքան գումար են կորցրել։

Ընդ որում, ընկերությունների համախառն եկամուտն աճում է ավելի արագ, քան խաղադրույքների ընդհանուր գումարը։ 2025-ին խաղադրույքներն աճել են 4 տոկոսով, մինչդեռ ընկերությունների համախառն եկամուտը՝ 16,3 տոկոսով։

Նույն միտումը շարունակվել է նաև 2026-ին։ Առաջին ութ ամսում ընկերությունների համախառն եկամուտը կազմել է 113,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92,7 մլրդ դրամի համեմատ աճելով 22,8 տոկոսով, այն դեպքում, երբ խաղադրույքների ծավալն աճել է 17,1 տոկոսով։

Աղբյուր՝ ՊԵԿ։
Աղբյուր՝ ՊԵԿ։

ՊԵԿ-ի տվյալներով՝ Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում գործող չորս ընկերությունների՝ «Դիջիթեյն», «Սոֆթ Կոնստրակտ», «Կաբարկո» և «Գուդ Սոֆթ» ընկերությունների վճարած հարկերն ու տուրքերը երկու տարում աճել են մոտ 2,4 անգամ՝ 2023-ի 22,1 մլրդ դրամից 2025-ին հասնելով 52,6 մլրդի։ Ընդ որում, այս թիվը չի ներառում վճարած եկամտահարկը։

2026-ի առաջին ութ ամսում այս չորս ընկերությունները պետությանը վճարել են 48,6 մլրդ դրամ հարկ ու տուրք՝ առանց եկամտային հարկի։ 2025-ի նույն ամիսներին վճարել էին 28,2 մլրդ դրամ։

Արդյունքում՝ 2023-ին համախառն եկամտի յուրաքանչյուր 100 դրամին բաժին էր ընկնում 19 դրամ հարկ ու տուրք, իսկ 2025-ին՝ 34,1 դրամ։ Այսինքն՝ համախառն եկամտից պետությանը հասնող մասը մոտ 1,8 անգամ աճել է։

Աղբյուր՝ ՊԵԿ։ Եկամտային հարկը ներառված չէ։ Հարաբերակցությունը հաշվարկային է, ոչ հարկադրույք։
Աղբյուր՝ ՊԵԿ։ Եկամտային հարկը ներառված չէ։ Հարաբերակցությունը հաշվարկային է, ոչ հարկադրույք։

Վերջին տարիներին պետությունը բարձրացրել է նաև խաղային ընկերությունների համար սահմանված տուրքերը։ Մասնավորապես, խաղադրույքներ ընդունելու իրավունքի պետական տուրքը 2025-ի ապրիլից կրկնապատկվել է, իսկ 2026-ի սկզբից՝ եռապատկվել։ 2026-ի օգոստոսին կառավարությունն սահմանել է նաև խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ խաղային ծառայությունների ծավալը 2025-ին կազմել է 284,9 մլրդ դրամ, իսկ 2026-ի առաջին կիսամյակում՝ 135,3 մլրդ՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 5,2 տոկոս աճով։ Սա ծառայությունների ծավալն է, ոչ խաղադրույքների ծավալը։

Աղբյուր՝ Արմստատ։ Գումարները՝ ընթացիկ գներով։
Աղբյուր՝ Արմստատ։ Գումարները՝ ընթացիկ գներով։

Վիճակագրական կոմիտեն Հայաստանի և արտերկրի հաճախորդներին մատուցվող խաղային ծառայություններն առանձին չի հաշվառում։ Սա տվյալների էական բաց է․ հնարավոր չէ պարզել՝ աճի որ մասն է կապված Հայաստանի, որ մասը՝ արտերկրի հաճախորդների հետ։

Խաղային կախվածության տարածվածությունը հայտնի չէ

Թեև Հայաստանում առցանց շահումով խաղերի ծավալները շարունակում են աճել, հայտնի չէ, թե բնակչության շրջանում որքան է տարածված խաղային կախվածությունը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2022-ից Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում խաղամոլության (ախտաբանական մոլեխաղերի) կապակցությամբ իրականացվում են արտահիվանդանոցային խորհրդատվություն և բուժում։

2022-ին կենտրոն է դիմել 4 պացիենտ, 2023-ին՝ 12, 2024-ին՝ 68, 2025-ին՝ 76։ 2026-ի հունվար–սեպտեմբերին՝ դեռ չավարտված տարվա ինը ամսում, դիմել է 31 պացիենտ։

Աղբյուր՝ առողջապահության նախարարություն։ Թվերը վերաբերում են պացիենտներին, ոչ այցելությունների քանակին։
Աղբյուր՝ առողջապահության նախարարություն։ Թվերը վերաբերում են պացիենտներին, ոչ այցելությունների քանակին։

Միևնույն ժամանակ, նախարարությունը բնակչության շրջանում խաղային կախվածության տարածվածության վերաբերյալ հետազոտություններ չի իրականացրել և նման հետազոտությունների արդյունքներ էլ չունի։ Հետևաբար, պաշտոնական տվյալներով հնարավոր չէ գնահատել, թե Հայաստանում որքան մարդ ունի խաղային կախվածություն։

2026-ի հուլիսից Հայաստանում գործում է խաղերից ինքնաարգելափակման կարգը։ Խաղային կայքում կամ հավելվածում կա «ինքնաարգելափակում» կոճակ։ Այն սեղմելով՝ մարդն իրեն 5 տարով զրկում է խաղերին մասնակցելու իրավունքից։ Ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե անձը դրա ավարտից առաջ՝ վերջին հինգ օրվա ընթացքում, արգելքը վերացնելու դիմում չի ներկայացնում։

Էկոնոմիկայի նախարարության տվյալով՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2026-ի հոկտեմբերի 1-ը ինքնաարգելափակում է կիրառել 100 669 մարդ։ Յուրաքանչյուր անձ հաշվված է մեկ անգամ։ Ինքնաարգելափակվածի տվյալները մուտքագրվում են լիազոր մարմնին, որից հետո փոխանցվում են մյուս կազմակերպիչներին, որպեսզի նրա հաշիվներն այնտեղ ևս արգելափակվեն։

2024-ի հոկտեմբերին կառավարությունը սահմանել է նաև Հայաստանում լիցենզիա չունեցող օտարերկրյա խաղային կայքերի արգելափակման կարգը։ Էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ հաստատված ցանկերի կայքերը արգելափակված են՝ ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացրած տեղեկատվության համաձայն։ Այս միջոցի արդյունավետության գնահատական նախարարությունը չի ներկայացրել։

2026-ի հուլիսից խաղերին մասնակցելը արգելվել է նաև պետական և համայնքային ծառայողներին, պետական ընկերությունների և Կենտրոնական բանկի աշխատակիցներին։ 2027-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ևս երկու փոփոխություն՝ 70 և ավելի տարեկան անձանց մասնակցության արգելքը և ինքնաարգելափակման կարգի փոփոխությունները։

Այսպիսով, խաղադրույքներն ու կազմակերպիչների համախառն եկամուտն աճում են, պետությունն էլ ավելի շատ հարկեր ու տուրքեր է ստանում։ Սակայն պետական տվյալները չեն պատասխանում՝ Հայաստանում քանի մարդ է խաղում, որքան գումար է կորցնում և քանիսն ունեն կախվածություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում