Հայաստանի կառավարությունն առաջարկում է այս փուլում ձեռնպահ մնալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մի շարք հանցագործությունների համար նախատեսված պատիժների խստացումից։ Գործադիրն անհրաժեշտ է համարում նախ գնահատել 2026-ի մայիսին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունավետությունը։
Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի տասը հոդվածներում փոփոխություններ կատարել՝ խստացնելով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը և բացառելով տուգանքը՝ որպես պատժատեսակ։
Մասնավորապես, վեց հանցակազմերի առաջին մասերով նախատեսված արարքների համար առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարուց դարձնել երեք տարի։
Կառավարության գնահատմամբ՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել վիճակագրական ցուցանիշները, գնահատել գործող պատժամիջոցների կիրառման արդյունքները և հիմնավորել, թե ինչու դրանք բավարար չեն։
«Հակառակ պարագայում առկա է առանց բավարար հիմնավորման քրեական քաղաքականության խստացման վտանգ»,- նշվում է կառավարության առաջարկության մեջ։
Գործադիրը նաև մատնանշում է, որ օրինագծի հիմնավորման մեջ առաջարկվող պատժաչափերը չեն համադրվել մարդու կյանքի, առողջության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերի հետ։
Կառավարության գնահատմամբ՝ տուգանքը որպես պատժատեսակ բացառելը ևս լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ այն սահմանափակում է դատարանի՝ պատժատեսակ ընտրելու և պատիժն անհատականացնելու հնարավորությունները։
Ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարուց երեք տարի դարձնելու դեպքում առանձին արարքներ ոչ մեծ ծանրության հանցանքների փոխարեն կդասակարգվեն որպես միջին ծանրության հանցանքներ։ Դրանց նկատմամբ այլևս կիրառելի չի լինի առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձին ազատազրկման ձևով պատիժ նշանակելու՝ օրենքով նախատեսված սահմանափակումը։
Կառավարությունը նշում է, որ հանցավորության կանխարգելման տեսանկյունից առավել կարևոր է ոչ թե պատժի խստությունը, այլ օրենքի անխուսափելի և արդյունավետ կիրառումը, հանցագործությունների ժամանակին բացահայտումն ու դրանց նպաստող պայմանների վերացումը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մի շարք հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը խստացվել էր 2026-ի մայիսի 11-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով։ Մասնավորապես, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, անչափահասներին ապօրինի շրջանառության մեջ ներգրավելը և նրանց նկատմամբ համապատասխան հանցագործություններ կատարելը մի շարք հոդվածներում նախատեսվել էին որպես ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներ։
Ըստ կառավարության առաջարկությանը կից ֆինանսական եզրակացության՝ Վարդևանյանի հեղինակած օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների նվազման և ծախսերի ավելացման։












